Վախճանվեց մեծ դերասանը

16/01/2007

Կյանքի 77-րդ տարում վախճանվեց դերասան Շահում Ղազարյանը, փայլուն դերասանական դպրոցի վերջին ներկայացուցիչներից մեկը, ով բեմում, ֆիլմերում, հեռուստատեսային ու ռադիոբեմադրություններում անմոռանալի կերպարներ է ստեղծել: Նա 40 տարի «ծառայել» է Գաբրիել Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնում, այնուհետեւ` Համազգային թատրոնում, դասավանդել ինստիտուտում, զբաղվել ասմունքով:

Հեռուստաբեմադրություններն ու կինոֆիլմերը («Կյանքի լավագույն կեսը», «Հին օրերի երգը») հաջորդ սերունդների համար կպահպանեն Շ.Ղազարյանի փայլուն դերասանական խաղն ու հմայիչ կերպարը: Կպահպանվեն նաեւ դերասանի բազմաթիվ ռադիոընթերցումները, որոնք նա մեծ նվիրումով ու վարպետությամբ կատարել է ցուրտ ու տանջալի 90-ականներին, հայ ընթերցողին մատուցելով մեծանուն գրողների ստեղծագործությունները: Տարիներ շարունակ նրա իմաստուն ձայնը հնչել է ռադիոեթերից` «Ձայն Մեծաց» հաղորդաշարի էջերը հասցնելով մարդկանց սրտերին: Այդ անշնորհակալ տարիներին նրա ձայնը կարողացել է բոլորին պատմել գեղեցիկի ու հպարտության մասին` մեծացնելով շնորհակալ մարդկանց բանակը: