Առաջին մաս
Անտեսանելի գիրքը
Նախաբան
Տագնապի զգացումով եմ գրիչ վերցնում: Ո՞Ւմ է հետաքրքիր գրական անհաջողակի անկեղծությունը: Ուսանելի ի՞նչ կա նրա խոստովանության մեջ: Էլ չասած, որ կյանքս զուրկ է արտաքին ողբերգականությունից: Ես բացարձակապես առողջ եմ: Ինձ սիրող ազգուտակ ունեմ: Մշտապես պատրաստ են ինձ աշխատանք տրամադրել, ինչը կապահովի կենսաբանական նորմալ գոյությունս: Սրանից զատ, առավելություններ ունեմ: Առանց ջանքի կարող եմ մարդկանց ինձ տրամադրել: Քրեորեն պատժելի տասնյակ քայլեր եմ արել, որոնք անպատիժ են մնացել: Կրկնակի ամուսնություն ունեմ, եւ երկու դեպքում էլ երջանիկ: Վերջապես շուն ունեմ: Իսկ սա արդեն շռայլություն է: ՈՒրեմն ինչո՞ւ եմ ինձ ֆիզիկական աղետի սահմանին զգում: Որտեղի՞ց է կյանքին անհուսալիորեն անպետք լինելու զգացումս: Ո՞րն է անձկությանս պատճառը: ՈՒզում եմ սրանից գլուխ հանել: Անընդմեջ այս մասին եմ խորհում: Երազանքս` երջանկության ուրվականի ոգեկոչումն է…
Ցավում եմ, որ այս խոսքը հնչեց: Չէ՞ որ սրանից ծնված պատկերացումները զրոյականորեն անսահման են:
Ես գիտեի մի մարդու` լրջորեն հավատացնող, որ իրեն բացարձակապես երջանիկ կհամարի, եթե բնակվարչությունը փոխի իր ծխնելույզը…
Ունայն զգացումն անհանգստացնում է ինձ: Կմտածեն, տեսա՞ր, իրեն չգնահատված հանճար է երեւակայում: Ո՛չ ամենեւին: Բանն էլ հենց այն է, որ չէ: Ես հարյուրավոր, հազարավոր արձագանքներ եմ լսել պատմվածքներիս մասին: Ու երբեք, նույնիսկ ամենախղճուկ, ամենաֆանտաստիկ պետերբուրգյան ընկերախմբում ինձ հանճար չեն հռչակել:
Տասներեք տարի առաջ գրիչ վերցրի: Վեպ եմ գրել, յոթ վիպակ եւ չորս հարյուր կարճ գործեր (Գոգոլից` շոշափելիորեն ավելի շատ): Համոզված եմ, որ Գոգոլի հետ մենք հավասար հեղինակային իրավունքներ ունենք (պարտականություններն են տարբեր): Նվազագույնը` մեկ անկապտելի իրավունք ունենք: Դա գրվածը հրապարակելու իրավունքն է: Այսինքն` անմահության կամ անհաջողության իրավունքը: Ուրեմն ինչո՞ւ է ճնշվում իմ շարքային, ազնիվ ու միակ հակումը, հսկա պետության ինստիտուտների, տարբեր դեմքերի եւ անհաշվելի օրգանների կողմից: Ես պետք է սա ըմբռնեմ: Ինձ նեղություն չեմ տա կառուցվածքի հաշվով: Անպարզահունչ ու խառնափնթոր կերպով կփորձեմ շարադրել սեփական «ստեղծագործական» կենսագրությունս: Դրանք ձեռագրերիս արկածներն են: Ծանոթների դիմանկարներ, փաստաթղթեր… Ինչպե՞ս այս ամենը կոչեմ` «Գո՞րծ», «Մի գրողի գրառումնե՞րը», թե՞ «Շարադրություն` ազատ թեմայով»: Մի՞թե սա է կարեւորը: Չէ՞ որ գիրքը` անտեսանելի է… Պատուհանից այն կողմ լենինգրադյան տանիքներն են, ալեհավաքները, գունատ երկինքը: Կատյան դասերն է պատրաստում: Ծառակոճղուկ հիշեցնող ֆոքստերյեր Գլաֆիրան նրա ոտքերի մոտ նստած իմ մասին է խորհում: Իսկ առջեւումս թերթն է թղթի: Եվ ես հատում եմ այդ ճերմակ, ձյունածածկ հարթությունը` միայնակ:
Թղթի թերթ` անեծք ու երջանկություն: Թղթի թերթ` պատիժ իմ…
Նախաբանը, սակայն, ձգձգվեց:
Հայնեյի կողքին
Ստեղծագործություններս ձեռքից ձեռք էին անցնում: Այդպես ծանոթացա Բիտովի, Մայա Դանինիի, Ռիդ Գրաչյովի, Վոսկոբոյնիկովի, Լեոնովի, Արրոյի հետ… Բոլոր այս մարդիկ ինձ վերաբերվում էին բարյացակամությամբ: Ավագ սերնդի գրողներից պատմվածքներով հետաքրքրվեցին Մետտերը, Գոռը, Բակինսկին: Դրանք կարդաց նաեւ մեր գրականության դասական Գրանինը: Այնուհետեւ ինձ ամառանոց հրավիրեց: Մենք զրուցեցինք գազօջախի մոտ:
– Վատ չէ,- թերթելով ձեռագիրը կրկնում էր Դանիիլ Ալեքսանդրովիչը,- վատ չէ…
Պատի այն կողմից քայլեր լսվեցին: Գրանինը մտքի մեջ ընկավ, ապա ասաց.
– Միայն թե այս ամենը մամուլի բան չէ: Ասում եմ.
– Կարող է պատահել: Ես չգիտեմ, թե խորհրդային գրողները որտե՞ղ են թեմա հայթայթում: Շուրջ բոլոր եղածը մամուլի բան չէ…
Մենանվագ գրամեքենայի վրա
Թբիլիսիում կոնֆերանս էր անցկացվում. «Խորհրդային գրականության լավատեսությունը»:
Ի թիվս այլոց ելույթ ունեցավ պոետ Նարովչատովը: Խոսում էր խորհրդային գրականության անսահման լավատեսության թեմայով: Հետո ամբիոն բարձրացավ վրաց գրող Ցեմոկլիձեն: «Հարց նախորդ հռետորին»: «Լսում եմ ձեզ»,- արձագանքեց Նարովչատովը: «Բայրոնի հետ կապված հարց ունեմ: Նա երիտասա՞րդ էր»: «Այո,- զարմացավ Նարովչատովը: -Բայրոնը զոհվեց համեմատաբար երիտասարդ տարիքում: Իսկ ի՞նչ կա: Ինչո՞ւ եք այդ մասին հարցնում»: «Բայրոնի հետ կապված էլի մի հարց: Նա գեղեցի՞կ էր»: «Այո, Բայրոնը չափազանց տպավորիչ արտաքին ուներ: Դա հանրահայտ է…»:
«Էլի մի հարց, կապված այդ նույն Բայրոնի հետ: Նյութապես նա ապահովվա՞ծ էր»: «Դե բնականաբար: Նա լորդ էր: Եվ դղյակ ուներ… Աստված կսիրեք, ինչ-որ տարօրինակ հարցեր են…»:«Եվ վերջին հարցը կապված Բայրոնի հետ: Նա տաղանդավո՞ր էր»:
«Բայրոնը Անգլիայի մեծագույն պոետն է: Չեմ հասկանում, թե բանը ինչ է»:
«Հիմա կհասկանաս: Հապա Բայրոնին նայիր: Երիտասարդ էր, գեղեցիկ, տաղանդավոր ու նյութապես ապահովված»: Եվ նա հոռետես էր: Իսկ դու՝ ծեր ես, այլանդակ, աղքատ ու անտաղանդ: Եվ դու՝ լավատես ես»:
– Դուք չափազանցնում եք,- ասաց Գրանինը: Գրողը պետք է հրապարակվի: Ինքնին հասկանալի է, ոչ սեփական տաղանդի կորստի հաշվին:
Այդպիսի մի ճեղք կա խղճի ու ստորության միջեւ: Անհրաժեշտ է այդ ճեղքը մտնել:
Խիզախություն հավաքելով ասում եմ.
– Կարծում եմ, այդ ճեղքի մոտ գայլի թակարդ է դրված:
Ճնշող դադար տիրեց: Ես հրաժեշտ տվի ու դուրս եկա: