Ավանդատուների աչքից հեռու

07/05/2005 Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Բաղրամյան պողոտա առաջին փակուղի թիվ 2-24 հասցեում (Գրողների միության հարեւանությամբ, հանրապետական նոտար տանող ճանապարհին) դեմ-դիմաց այս օրերին շինարարական աշխատանքներ են ընթանում. երկուսն էլ Արթուր Բաղդասարյանի համար: Նրանցից մեկը, որի տարածքը փակված է երկաթե ցանցերով, լինելու է Արթուր Բաղդասարյանի առանձնատունը, իսկ մյուսը՝ երկաթե դարպասներով շրջափակված, բնակելի էլիտար շենք: Շինարարական ակտիվ աշխատանքներ են տարվում հատկապես շենքի կառուցման համար նախատեսված տարածքում. երեկ, չնայած տեղացող ձյանը, երեք էքսկավատորներ փորում էին տարածքը: Առավել զավեշտալի էր դարպասի վրայի գրությունը. «ՀՀ կառավարության 1998թ. հոկտեմբերի 28-ի հ. 660 որոշման «Կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների մասին իրազեկման եւ հրապարակված քաղաքաշինական ծրագրերի ու նախագծերի եւ որոշումների ընդունմանը հասարակության ներկայացուցիչների մասնակցության» կարգի համաձայն իրազեկվում է Մ. Բաղրամյան պողոտա 1-ին փակուղի հ. 2-24 հասցեում նախատեսվում է կառուցել բնակելի շենք»: Սովորաբար, երբ նման շինություններ են կառուցվում, ցուցատախտակի վրա գրվում է, թե որ կազմակերպությունն է շինարարական աշխատանքներ իրականացնում, մինչեւ երբ պետք է այն ավարտին հասցվի, ում նախաձեռնությունն է այն եւ հատկապես ում համար է նախատեսված այն եւ այլն: Իսկ այս դեպքում նման որեւէ տող, ինչպես նկատեցիք, չկար, ինչից ամենեւին էլ հնարավոր չէ ենթադրել, որ այդ շենքն, ասենք, Ա. Բաղդասարյանը կառուցում է անապահով կամ ապահով խավի համար, խաբված ավանդատուների կամ, օրինակ, ԱԺ պատգամավորների համար:

Իսկ ինչ վերաբերում է իր առանձնատանը, որի համար մի շարք բնակելի սեփական տներ են քանդվել, ապա, ըստ մեր տեղեկությունների, դրա համար Արթուր Բաղդասարյանը վճարել է 300.000 ԱՄՆ դոլար:

Բացի այս, ԱԺ նախագահ դառնալուց հետո Արթուր Բաղդասարյանը լուրջ հաջողություններ է գրանցում նաեւ բիզնեսի ոլորտում: Արդեն մամուլում նշվել է, որ նա երկու տարի առաջ Մաշտոցի պողոտայում բացեց «Computer City» մեծ խանութը, որը, բնականաբար, գրանցել է ոչ թե իր, այլ՝ եղբոր անունով: Նրան է պատկանում նաեւ «Electronics» խանութը, իսկ Բաղրամյան փողոցում գտնվող «Alex» խանութը նա վարձակալում է ինչ-որ պատգամավորից, որտեղ վաճառվող տեխնիկան նույնպես նա է ներկրում: Որոշ տեղեկությունների համաձայն, այդ խանութներում վաճառվող տեխնիկան չի մաքսազերծվում: Այսինքն՝ նա որեւէ հարկ պետությանը չի վճարում ո՛չ ներկրելու, ո՛չ էլ վաճառելու համար:

Ի դեպ, հիշեցնենք, որ Արթուր Բաղդասարյանին են պատկանում նաեւ «Կրիստալ» տաքսի ծառայությունը, Զաքիան փողոցի վրա գտնվող «Աստորիա» բար-ռեստորանը, Ջրվեժի «Ալեն» հյուրանոցային համալիրը…