Նուշի բուժիչ հատկությունները

16/01/2007

Բաղադրությունը: Ջուր` 4-5%, ազոտային նյութեր` 18-19%, ճարպեր` 54-54,5%, էքստրակտային նյութեր` 17,5-18%, բջջաթաղանթ` 2,6-2,8%, մոխրացող մնացորդ` 2,5%:

Պարունակում է նաեւ վիտամին A (քիչ քանակով) եւ բավականին շատ Բ խմբի վիտամիններ:

Կիրառությունը: Հնադարյան բժշկության մեջ նուշը համարվել է շատ արժեքավոր դեղամիջոց: Իբն Մասսուին չոր եւ տապակած նուշն օգտագործել է աղիների թուլության դեմ, ցավոտ միզարտադրությունը մեղմելու համար: Ըստ Ռազեսի` նուշը նպաստում է քաշի ավելացմանը: Ռուսական բժշկությունը լնդերի ամրացման համար խորհուրդ է տալիս բերանում միշտ նուշ պահել, այն նպաստում է նաեւ ճիճուների ոչնչացմանը: Ըստ Զոբերնհեյմի եւ Դոբրոնրավովի` նուշից ստացված յուղը նշանակվում է շնչառական, սննդառական համակարգի, միզատար ուղիների, սեռական օրգանների հիվանդությունների դեպքում:

Ըստ Ամիրդովլաթի` դառը նուշն ունի մաքրող ազդեցություն: Այն պզուկներին եւ էկզեմային քսելու դեպքում բուժում է դրանք, եթե խառնեք գինու հետ եւ լվանաք ձեր գլուխը, կվերացնի թեփը, իսկ եթե գինի խմելուց առաջ հինգ հատիկ նուշ ուտեք, չեք հարբի: Դառը նուշը նաեւ սրում է տեսողությունը, վերացնում միզակապությունը, հալեցնում միզափամփուշտի քարերը: Իսկ քաղցր նուշը թզի հետ ուտելուց օգնում է կատաղած շան կծելու դեմ: Կորիզների կեղեւի եփուկն իջեցնում է բարձր ջերմաստիճանը, դադարեցնում է լուծը: Նուշը շնորհիվ ազոտային նյութերի ու ճարպերի բարձր պարունակության, շատ սննդարար է շաքարախտով տառապողների, միս չօգտագործողների համար: