Ռոբերտ Քոչարյանի տարեվերջյան ասուլիսում առաջիկա խորհրդարանական ընտրությունների եւ ապագա քաղաքական խճանկարի վերաբերյալ հնչած կանխատեսումները, բնականաբար, տարաբնույթ վերլուծությունների հիմք հանդիսացան: Բայց եթե իշխանամետ քաղաքական «հսկաների» մուտքը խորհրդարան շատերի կողմից է կանխատեսվում, ապա բավականին անսպասելի էր «նախագահական ցուցակում» տեսնել նաեւ ՄԱԿ-ին: Իհարկե, չի բացառվում, որ այդ կուսակցության անվան հնչեցումը ՀՀ նախագահի շուրթերից ընդամենն ինչ-ինչ քաղաքական խաղերի սցենարի մաս է կազմում: Այս առումով բավականին հետաքրքրական է այս օրերին իշխանական շրջանակներում շրջանառվող վարկածը, ըստ որի` ՄԱԿ-ը ՀՀ նախագահի համար ընդամենը մի «պահեստային» կուսակցություն է, որտեղ, եթե այլ ավելի լավ ելք չգտնվի, ապա պետք է հանգրվանի արդարադատության ներկայիս նախարար Դավիթ Հարությունյանը: Վերջինս, ինչպես հայտնի է, դեռ այս տարվա կեսերին հայտնել էր առաջիկայում ակտիվ քաղաքականությամբ զբաղվելու իր մտադրությունների մասին: Երկար ժամանակ կարծիք կար, որ Ռոբերտ Քոչարյանի ամենամտերիմներից համարվող Դավիթ Հարությունյանը «քաղաքականությամբ զբաղվելու է» «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավարներից մեկը դառնալով: Սակայն վերջերս քաղաքական շրջանակներում խոսակցություններ եղան, որ Գագիկ Ծառուկյանը կտրականապես դեմ է Դավիթ Հարությունյանի քաղաքական ապագան իր ստեղծած կուսակցության հետ կապելուն եւ դրա մասին մի քանի անգամ ուղղակի հայտնել է հանրապետության նախագահին: Նման խնդիրներ` կապված Դավիթ Հարությունյանի հետ, ՄԱԿ-ում կարծես թե չկան, եւ կողմերը ՀՀ նախագահի բարձր հովանու ներքո լիովին կարող են գալ փոխշահավետ համաձայնության: