Նոր տարվանից Ադրբեջանի իշխանությունները դադարեցնում են երկրում երկու ռուսական հեռուստաալիքների՝ Առաջին ալիքի եւ «Ռոսիայի» հեռարձակումը։ Ադրբեջանում չի հեռարձակվի նաեւ թուրքական երկու ալիք։ Ադրբեջանի հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային խորհրդի ղեկավար Նուշիրվան Մահերամլիի խոսքերով՝ այսպիսով Բաքուն նպատակ ունի խթանել երկրում ազգային հեռուստատեսության զարգացմանը։
«Այս ամենի տակ պետք չէ քաղաքական ենթատեքստ տեսնել»,- ասել է նա՝ ավելացնելով, որ այդ ալիքները կհեռարձակվեն արբանյակային եւ մալուխային ցանցերով եւ դրանց համար կսահմանվեն ավելի ցածր գներ։ Նա նաեւ ավելացրել է, որ բոլոր երկրներն անցել են այս փորձաշրջանի միջով, եւ ոչ մի «սարսափելի բան տեղի չի ունեցել»։ Դեկտեմբերի 28-ին կհաստատվի Ադրբեջանի հեռուստաեթերից ռուսական եւ թուրքական ալիքների հեռարձակումը դադարեցնելու կոնկրետ օրը։