Կասկածենք միասին

29/12/2006 Ռաֆայել ԹԵՅՄՈՒՐԱԶՅԱՆ

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Ալվարդ Պետրոսյանը Նոր տարվան սպասում է «հեքիաթի եւ հրաշքի սպասումով» ու նաեւ «սիրահարվելու ակնկալիքով»:

Այս մասին երեկ նա տեղեկացրեց «Փաստարկ» ակումբում: Տիկին Պետրոսյանը երեկ նաեւ կասկած հայտնեց Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանի այն հայտարարության կապակցությամբ, թե այս տարի քաղաքապետարանն իր պլանները 106%-ով կատարել է: «Մեր այսօրվա ձնաքոլոլ փողոցներին նայելով` չեմ կարծում, թե Երեւանի քաղաքապետարանն իր բոլոր պլանները կատարել է 106%-ով»,- նշեց Ա. Պետրոսյանը: Նա նկատում է, որ մենք շարունակ ինչ-որ բան ենք հրում: «Ինչպես 1994 թվականին նախագահական պալատի մոտ ժողովուրդը տրոլեյբուս էր հրում, այսօր էլ տաքսի էր հրում: Մենք անվերջ ինչ-որ բան հրում ենք, հետո շատ գոհ ենք լինում, որ կարողացանք այս գոգավորությունն էլ հաղթահարել»,- նշեց ՀՅԴ-ական պատգամավորը: Վերջինս նշեց նաեւ, թե իրեն իրավունք չի վերապահում հայտարարություններ եւ կոչեր անել՝ օգտագործելով «իմ ժողովրդին» արտահայտությունը: Ըստ նրա, «իմ ժողովուրդ» կարող են ասել միայն կաթողիկոսն ու թագավորը: Հիշեցնենք, որ 1998-ին ՀՅԴ-ն սատարում էր ՀՀ նախագահի թեկնածու Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը, իսկ Ռ. Քոչարյանն այդ ժամանակ ընտրություններին մասնակցում էր «Իմ կուսակցությունը իմ ժողովուրդն է» կարգախոսով: Ինչեւէ, տիկին Պետրոսյանի խոսքերից նաեւ տեղեկացանք, որ առաջիկայում մեզ քաղաքացիական «մինի պատերազմ» է սպասվում: Բանն այն է, որ Ա. Պետրոսյանը գտնում է, որ ընտրությունները «փոքր քաղաքացիական պատերազմներ են»: Նրա խոսքերով՝ ՏԻՄ ընտրությունների ժամանակ մարդիկ միմյանց հետ լրջորեն թշնամանում են, իսկ հետո հաշտվում են, որովհետեւ տեսնում են, որ «սա էլ մի բան չէր»: Սակայն, այս ամենից, ըստ ՀՅԴ-ական պատգամավորի, մեր ժողովուրդն իմաստուն չի դառնում: Միաժամանակ նա առաջարկում է չմեղադրել մեր ղեկավարներին՝ «Տիգրան Մեծից մինչեւ Ռոբերտ Քոչարյան»: «Մենք ենք մեղավոր, որովհետեւ մենք ենք ծնում մեր բոլոր թագավորներին, նախարարներին, իշխանավորներին»,- ասում է նա: Դաշնակցական պատգամավորը նաեւ հայտարարեց, թե իր կուսակցությունը պատասխանատու է ամեն ինչի համար: Մյուս կողմից էլ՝ իշխանության մաս կազմող կուսակցության ներկայացուցիչ Ա. Պետրոսյանն իրենց հասցեին հնչող «իշխանական» արտահայտությունը չի ընկալում, քանզի, նրա խոսքերով՝ պալատ մտնելը դեռ իշխանական դառնալ չէ: «Մենք մտնելով պալատ` չսիրահարվեցինք եւ չվարժվեցինք պալատին»,- հավաստիացնում է նա: Ա. Պետրոսյանը գտնում է, որ «տելեվիզորներով» ու նման այլ բաներով ժողովրդի մեջ «մուրացկանի հոգեբանություն ենք ներարկում» ու այդ ամենից հետո էլ «Տժվժիկի» պես ցույց են տալիս»: «Ժողովրդին համ ստորացնում են, համ քծնում»,- նշեց նա: Նա առաջարկում է «բարեգործություններից» անցնել բարեսիրության: Իսկ այն դիտարկմանը, որ իր վերջին հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանը «տեր կանգնեց» այդ բարեգործություններին ու խրախուսեց դրանք, Ա. Պետրոսյանը պատասխանեց, թե ինքն այս ամենի համար չի մեղադրում ո՛չ Գագիկ Ծառուկյանին, ո՛չ էլ որեւէ այլ անձի: Միաժամանակ Ա. Պետրոսյանը նշեց, թե մենք շատ լուրջ պետք է մտածենք, որ մի երկրում ենք ապրում, որտեղ «ժողովրդի ողնաշարը չի կարելի այդքան ծռել»: «Այսօր իրականացվող բարեգործության ձեւով մենք ժողովրդին մուրացկանի հոգեբանություն ենք ներարկում, բայց մենք ռազմիկ ժողովրդի կարգավիճակով պետք է ապրենք: Նկատի ունեմ արժանապատվությունը եւ ոչ թե ռազմատենչությունը»,- հայտարարեց նա: Տեղի ունեցողը նա համարում է «սոցիալական դարվինիզմ»: Իսկ հարազատ կուսակցության գործունեությանն Ա. Պետրոսյանը 3 է նշանակում: «Սովալլուկ երեխաների եւ «տելեվիզորի» ակնկալիքով տատիկների երկրում չեմ կարող 4 կամ 5 նշանակել»,- բացատրում է նա: Նրա հավաստմամբ՝ իր կուսակից Հրանտ Մարգարյանը նրան այս գնահատականի համար զանգահարել եւ շնորհակալություն է հայտնել, ինչը տիկին Պետրոսյանին ուրախացրել է: ՀՅԴ-ական պատգամավորի գնահատմամբ՝ մեր մի աչքի լույսը բանակն է, մյուսը՝ կրթությունը: Նշելով, թե ՀՅԴ-ն մենակ շատ բան չէր կարող անել, Ա. Պետրոսյանը կարծիք հայտնեց, որ իր կուսակցական ընկեր, կրթության եւ գիտության եռակի նախարար Լեւոն Մկրտչյանը եւ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը մեծ գործ ունեն անելու: «Վտանգ կա, մեր զինվորների 40 տոկոսն անգրագետ է, 12 տոկոսն անգամ տառաճանաչ չէ,- նշեց Ա. Պետրոսյանը՝ հավելելով,- Ազգային բանակը պետք է խիստ գրագետ լինի, մեր զինվորները պետք է իմանան, թե ինչի համար են ծառայում»: Ինչ վերաբերում է մեր հայաստանյան հեռուստաեթերին, Ա. Պետրոսյանը գտնում է, որ «եթերը մազալու է դարձել»: Իսկ ժողովրդին ՀՅԴ-ական պատգամավորն առաջարկում է «կասկածի ենթարկել ամեն ինչ»: Ըստ Ա. Պետրոսյանի՝ ժողովուրդը պետք է կասկածող լինի ու կասկածի իրեն մի բան տվողին, մի բան ասողին: «Երբ բան ասողները ցինիկ են լինում, ժողովուրդն էլ է ցինիկ լինում»,- եզրափակում է նա: