Արամ Կարապետյանի հորդորը ՍԻՄ-ին

29/12/2006 Ռաֆայել ԹԵՅՄՈՒՐԱԶՅԱՆ

Նախօրեին ՍԻՄ կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է, թե «ՍԻՄ-ը թուլացնելու եւ «Իրավունքը» լռեցնելու խայտառակ գործընթացին իր մասնակցությունն է բերում «Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը, որի գործունեությունը նպաստում է իշխանությունների ձգտումների իրագործմանը»: Հիշեցնենք, որ այս հայտարարությունից մեկ օր առաջ Ա. Կարապետյանը «168 Ժամին» ասել էր, թե ՍԻՄ-ի վերջին համագումարի պատվիրակների եւ ՆԺԿ Թալինի կառույցի անդամների ցուցակները նայելով, տեսել են, որ 51 ազգանուններ համընկնում են, այսինքն՝ ՍԻՄ այդ համագումարի պատվիրակներից 51-ն իրականում եղել են ՆԺԿ անդամներ: «Ուղղակի նայելով ազգանունները` տեսանք, որ 51 ազգանուն համընկնում է: Իսկապես այդպիսի խոսակցություն եղել է իմ եւ Հրանտ Խաչատրյանի միջեւ: Բայց իրենց հիմնական գրությանը ես դեռ չեմ պատասխանել, որովհետեւ դեռ շատ բաներ պետք է ճշտվի: Որովհետեւ ազգանունը կարող է համընկնել, բայց դրանք տարբեր մարդիկ լինեն: Բայց որ առաջին հայացքից նայված ցուցակի մեջ 51 հոգի համընկել են ազգանուններով, ես հավաստում եմ, որ դա այդպես է եղել, եւ բանավոր ես դա իրենց ասել եմ»,- «168 Ժամին» ասել էր Ա. Կարապետյանը: Ինչ վերաբերում է ՍԻՄ-ում սկսված ներքին խմորումների արդյունքում ամիսներ առաջ ի հայտ եկած գաղտնի արված մի ձայնագրությանը (որի սղագրությունը տպագրվեց մամուլում), որից պարզ էր դառնում, որ նախորդ ընտրությունների ժամանակ ՍԻՄ-ի այն ժամանակվա փոխնախագահ Հայկ Բաբուխանյանն ընտրական հանձնաժողովներում ՍԻՄ-ի տեղերը վաճառել է, եւ, ըստ որոշ լուրերի, այս առուծախի արդյունքում 2003-ին ՀՀ նախագահի թեկնածու Ա. Կարապետյանի ստացած ձայները պակասել են, Ա. Կարապետյանն ասել էր, թե պետք է փաստերն ամբողջությամբ հավաքի, «որովհետեւ մի ձայնագրությամբ դատարանը չի ընդունի այդ ամեն ինչը»: «Եթե ես դրա մեջ մտնեմ, պետք է մտնեմ ամբողջությամբ: Դեռ չգիտեմ, մտնելո՞ւ եմ, թե՞ չէ: Բայց մի բան հստակ գիտեմ, որ տոկոսներն իջեցվել են»,- «168 Ժամին» ասել էր ՆԺԿ ղեկավարը: Ինչեւէ, Ա. Կարապետյանի այս հայտարարություններին հաջորդած ՍԻՄ վերոնշյալ հայտարարությանը երեկ հաջորդել է ՆԺԿ լրատվական ծառայության հայտարարությունը: «Ակնհայտ է, որ ՍԻՄ-ը տրոհվեց որոշ մարդկանց փողասիրության, մութ գործարքների եւ 15 տարվա ընկերությունն աճուրդի հանելու պատճառով: Հայտնում ենք, որ ՆԺԿ նախագահն ընդամենը պատասխանել է իրեն ուղղված ՍԻՄ փաստացի նախագահ Հրանտ Խաչատրյանի նամակին, ով, ի դեպ, ի տարբերություն ոմանց, ՍԻՄ վերջին համագումարում նախագահ է վերընտրվել ձայների 100 տոկոսով: ՆԺԿ նախագահը պատասխանել է Հրանտ Խաչատրյանի նամակին, այլ ոչ թե իշխանական որեւէ ատյանի կամ գործչի հարցմանը եւ հայտնել է ճշմարտությունը, որ ՍԻՄ-ի աղմուկ հանած համագումարին այդ կուսակցության դելեգատների անվան տակ իրոք մասնակցել են ՆԺԿ Թալինի նախկին կառույցի 51 անդամներ»,- ասված է ՆԺԿ-ի՝ երեկ տարածած հայտարարության մեջ, որում նաեւ նշված է, թե ստեղծված իրավիճակում ՆԺԿ նախագահի անունն անհարկի շահարկողներին «հորդորում ենք» հստակություն եւ պարզություն մտցնել սեփական կուսակցության ներքին վիճաբանություններում, այլ ոչ թե առկա հակասությունների համար մեղադրել ողջ աշխարհին: «Եվ հետո, սեփական քաղաքական բոբիկությունը, միայն ինտրիգներով առաջնորդվելը քաղաքականություն չէ, այլ ուրիշ բան…»,- ՍԻՄ-ին իր պատասխան-հայտարարությունն այսպես է եզրափակել ՆԺԿ-ն:

Հ.Գ. Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների 1-ին ատյանի դատարանը մերժել է ՍԻՄ նախկին ղեկավար անդամների հայցն ընդդեմ կուսակցության նոր ղեկավարության: Հայցվորները, ովքեր ՍԻՄ նախկին նախագահ Հ. Խաչատրյանի կողմնակիցներն են, պահանջում էին անվավեր ճանաչել այս տարի ավելի վաղ կուսակցության 17-րդ համագումարում կայացած նախագահության ընտրությունները: Այդ համագումարում Հ. Խաչատրյանի փոխարեն ՍԻՄ նախագահ ընտրվեց Հ. Բաբուխանյանը: Ըստ «Ազատություն» ռ/կ-ի, հայցվոր կողմը դատարանի որոշումը քաղաքական պատվեր է համարում: ՍԻՄ նախագահության նախկին անդամ Կարեն Վարդանյանն ասել է, թե դատարանի վճիռն «այն ուժերի գործն է, որոնք կանգնած էին նաեւ ՍԻՄ-ում տեղի ունեցած հեղաշրջման հետեւում»: