Ինչպե՞ս են հայերը դիմավորում խոզի տարին

29/12/2006 Արմեն ՔՈՉԱՐՅԱՆ

Վերջին տարիներին հայերի կենցաղ են մտել բազմաթիվ արեւմտյան եւ արեւելյան ավանդույթներ եւ տոներ, որոնք մինչեւ վերջերս մեզ համար օտար էին՝ Սուրբ Վալենտինի օրը, արեւելյան հորոսկոպները, Միացյալ Նահանգների եւ Ֆրանսիայի պետական տոները եւ այլն: Այս շարքից ամենաընդունվածներից է արեւելյան հորոսկոպը, որի համաձայն` մենք հրաժեշտ ենք տալիս Շան տարուն եւ մտնում ենք Խոզի տարի:

Չնայած հայերի եւ չինացիների պատկերացումները խոզի մասին շատ տարբեր են, այնուամենայնիվ, մեզ համար Խոզի տարին միաժամանակ խորհրդարանական ընտրությունների տարի է: Իսկ դա նշանակում է, որ ընտրելու իրավունք ունեցող ՀՀ բոլոր քաղաքացիները շատ մեծ սպասելիքներ ունեն: Բայց ոչ ընտրությունների արդարության առումով: Պարզապես բոլորն էլ հասկանում են, որ եկել է այն պահը, երբ կարելի է տարբեր ուժերից, բազմաթիվ նյութական արժեքների տեսքով «կթել ազգիս հզորներին»: Տվյալ կոնտեքստից կարելի է հասկանալ, որ այն ուժերը, որոնք պատրաստվում են այս տարի թռուցիկներ բաժանել, պետք է հասկանան, որ հայերի համար այս տարի ոչ թե Էշի տարի է, այլ Խոզի: Իսկ առայժմ հայերն, ինչպես միշտ, զբաղված են ամանորյա գնումներով: Եվ քանի որ սա այն դեպքն է, երբ հայերի ծախսերը կրում են զանգվածային բնույթ, բնական է, որ Կենտրոնական բանկի ղեկավարությանն ուղղված անեծքներն ու հայհոյանքները եւս կրում են զանգվածային բնույթ: Փորձենք վերլուծել` ի՞նչ է կատարվում այս օրերին: Ժողովուրդը փոխանակման կետերում շատ էժան փոխանակում է տարադրամը: Հիշեցնեմ, որ թեեւ դոլարի կուրսը վերջին երկու տարիների ընթացքում 580 դրամից իջել է 360-ի, սակայն ապրանքների գինը ոչ թե համապատասխանաբար իջել է, այլ ավելի շատ է բարձրացել: Եթե անգամ հաշվի առնենք ինֆլյացիան, դրամի արժեւորման նման տեմպերի դեպքում գներն ամենեւին էլ այսպիսին չպետք է լինեին, ինչի մասին ակնարկեցին անգամ Միջազգային արժութային հիմնադրամի եւ միջազգային ֆինանսական այլ կազմակերպությունների ներկայացուցիչները, ասելով, որ դրամի արժեւորման գործընթացն իրենց չի գոհացնում: Սա, իր հերթին, նշանակում է, որ տարադրամը հավաքվում է Կենտրոնական բանկում: Հայկական դրամը` հիմնականում մեծածախ առեւտրով զբաղվողների մոտ, այսինքն՝ մենաշնորհային բիզնեսով զբաղվողների մոտ: Վերջիններիս մոտ կմնա նաեւ Ամանորին չվաճառված ապրանքը: Այնպես որ, հարգելի ժողովուրդ, իմացեք` ումից ի՞նչ եք ուզելու:

Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ այս օրերին հայաստանյան հանգստյան տներում եւ երեւանյան ռեստորաններում վաղուց արդեն տեղ չկա, կարելի է ենթադրել, որ իշխանությունների հայտարարած երկնիշ տնտեսական աճն իրականություն է: Բայց համոզված լինելով, որ ժողովրդի մեծ մասն անհամբեր սպասում է, թե ի՞նչ կրճոններ են իրենց շպրտելու ընտրությունների ժամանակ, պարզ է դառնում, որ տնտեսական երկնիշ աճն, այնուամենայնիվ, իր վրա զգում է Հայաստանի քաղաքացիների ընդամենը 10 տոկոսը (ինչի մասին ասաց նաեւ Ռոբերտ Քոչարյանը գործարարների հետ հանդիպման ժամանակ):

Ու թեեւ մենք «հին հայկական սովորության» համաձայն` մեր սեղաններին դնելու ենք առնվազն խոզի բուդ, սակայն կարելի է անդրադառնալ նաեւ արեւելյան հորոսկոպին: Ըստ չինական լեգենդի` Խոզը վերջինն է ժամանել Ամանորի տոնակատարությանը: Այդ իսկ պատճառով Խոզի տարին արեւելյան հորոսկոպի 12-ամյա ցիկլում վերջինն է: Շատ հետաքրքիր է, որ Խոզի տարուն հաջորդող 2008 թվականն Առնետի տարի է: Այսինքն` նոր ցիկլը սկսվում է առնետով: Պատկերացնո՞ւմ եք, ինչքա՜ն առնետներ ի հայտ կգան Հայաստանում:

Ինչպես նկատեցիք, այսօրվա հոդվածում բացակայում էին կոնկրետ եւ մշտական հերոսները: Քանի որ սա այս տարվա վերջին լավատեսական հոդվածն է, չեմ ուզում փչացնել ոչ մեկի տրամադրությունը: Ավելին, անկախ իմ վերաբերմունքից, ես բոլորին ցանկանում եմ, որ Նոր` 2007 թվականին բոլոր հայերը լինեն առողջ եւ երջանիկ, որ ընտրություններում բոլոր կուսակցությունները հաղթահարեն 5%-անոց արգելքը, որ «բոլոր տանը մնացած աղջիկներն» ամուսնանան, որ բոլոր «անկռիշ» բիզնեսմեններն ու քաղաքական «թզուկները» տանիք ձեռք բերեն, եւ, որ ամենակարեւորն է, Ձմեռ պապիկը կատարի բոլոր երեխաների երազանքներն ու խնդրանքները:

Մի խոսքով, եղեք լավատես, եւ ամեն ինչ լավ կլինի:

Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ ծնունդ: