2008-ի նախագահական ընտրությունները հասարակությունը քննարկում է երկու տարբեր հարթություններում` «իրավական» եւ «պրագմատիկ»: «Իրավական» հարթությունում խնդիրը քննարկվում է հետեւյալ տեսանկյունից. 2008-ին նախագահ կընտրվի ժողովրդի քվեների՞, թե՞ զանգվածային կեղծիքների միջոցով: «Պրագմատիկ» հարթությունում խնդիրը շատ ավելի պարզ է դրված. 2008-ին Սերժ Սարգսյանը նախագահ կդառնա՞, թե՞ ոչ: Իհարկե, մինչեւ 2008-ը դեռ բավականին ժամանակ կա, եւ շատ բան կարող է փոխվել, բայց այս պահի դրությամբ խնդիրը հենց այդպես է ձեւակերպված, որովհետեւ հորիզոնում նախագահի այլ թեկնածու չի նշմարվում:
Եվ ահա դեկտեմբերի 26-ին լրագրողների հետ ամանորյա հանդիպման ժամանակ նախագահ Քոչարյանը «խոսքի մեջ» ասում է, որ համենայն դեպս, «ում մասին մտածում եք` նա 2008-ին նախագահ չի դառնա»: Այլ կերպ ասած` նա խնդիրը դիտարկում է «պրագմատիկ» հարթությունում: Հակառակ դեպքում պիտի հաստատեր, որ 2008-ին նախագահ կդառնա նա, ում օգտին կքվեարկի ժողովուրդը, իսկ ինքը, որպես Սահմանադրության երաշխավոր, ամեն ինչ կանի, որ ընտրություններն անցնեն առանց կեղծիքների: Ընդ որում, թե «ում մասին են մտածում» լրագրողները, հասկանալի է, թեեւ տվյալ դեպքում վերլուծություններ անելն անշնորհակալ գործ է, որովհետեւ ցանկացած պահի կարող է հնչել «Ա վի կավո իմելի վիդու, տովարիսչ Բերիագ» հարցը:
Եվ այսպես, 2008-ի նախագահական ընտրություններում մեզ անակնկալներ են սպասվում: Անակնկալները, հասկանալի է, տեղի կունենան 2007-ին: Ամենայն հավանականությամբ` խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Մինչդեռ 2006-ին տեղի ունեցած գործընթացներն ի սկզբանե այնքան կանխատեսելի էին…
Իսկ ի՞նչ է տեղի ունեցել 2006-ին: Միանգամից ասենք` ներքաղաքական իրադարձությունների առումով տարին բավականին հարուստ էր: Էական փոփոխություններ տեղի ունեցան եւ՛ իշխանական, եւ՛ ընդդիմադիր դաշտերում: Իշխանական դաշտում ձեւավորվեցին երկու հզոր քաղաքական միավորներ` ՀՀԿ-ն եւ «Բարգավաճ Հայաստանը»: Այո, ՀՀԿ-ն` մինչեւ հուլիսյան համագումարը, եւ ՀՀԿ-ն` հուլիսյան համագումարից հետո, երկու բոլորովին տարբեր քաղաքական միավորներ են: Ավելին` ակնհայտ է, որ այդ նոր քաղաքական միավորը 2007-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ հիմնականում մրցակցելու է մեկ այլ նոր քաղաքական միավորի` «Բարգավաճ Հայաստանի» դեմ: Ընդ որում, մրցակցություն ասելով` ամենեւին էլ առճակատումը նկատի չունենք. դա կարող է լինել շատ բարի «սոցմրցակցություն», ինչպիսիք կազմակերպվում էին խորհրդային տարիներին` քույր քաղաքների կամ քույր ձեռնարկությունների միջեւ: Իրար ջան կասեն, ջան կլսեն, վերջում էլ տեղի կունենա փոխանցիկ դրոշի հանձնման արարողությունը: Ըստ էության, հենց սա էր 2006-ի առանձնահատկությունն իշխանական դաշտի համար. 2006-ին իշխանական ռեսուրսը երկու մասի բաժանվեց` թերեւս տակտիկական նկատառումներով:
Ընդդիմադիր դաշտը նույնպես 2006-ին որոշակի տրանսֆորմացիաների ենթարկվեց: «Ավանդական» ընդդիմությունը («Արդարություն» դաշինքի մաս կազմող ուժերը, «Ազգային Միաբանությունը» եւ այլք) մի տեսակ ետ քաշվեց ու մեծ հաշվով մնաց ստվերում: Փոխարենը` առաջացան նոր ֆորմատներ` հակակրիմինալ, քաղաքացիական անհնազանդության շարժում, եւ այլն: Սրանք, որպես կանոն, կազմակերպական առումով բավականին թույլ կառույցներ են, բայց` ավելի վճռական եւ առավել գործնական քայլեր կատարելու կողմնակից: Ընդ որում, 2006-ի կարեւորագույն իրադարձություններից մեկն էլ այն է, որ այդ «առավել գործնական քայլերը» կանխելու նպատակով (կամ պատրվակով) բազմաթիվ ձերբակալություններ տեղի ունեցան:
2006-ն առանձնահատուկ էր նաեւ նրանով, որ ղարաբաղյան խնդրի կարգավորման «հնարավորությունների պատուհանը» շրխկոցով փակվեց: Ընդ որում, փակվեց առնվազն մեկուկես տարով, որովհետեւ հայտարարվեց, որ նախընտրական փուլում բանակցային գործընթացը պասիվանալու է, իսկ խնդիրը ներքաղաքական նպատակներով շահարկելն անբարոյականություն է:
Ամփոփենք: 2006-ին ղարաբաղյան խնդիրը չկարգավորվեց, եւ հասկանալի չէ` այս առումով առաջընթա՞ց արձանագրվեց, թե՞ հետընթաց: Հայաստանի տարածաշրջանային մեկուսացումը խորացավ` կապված ռուս-վրացական հարաբերությունների սրման հետ: Ընդդիմությունը նույնքան պասիվ էր, որքան 2005-ին: Հայկական դրամն «արժեւորվեց» եւս 25 տոկոսով (2005-ի դեկտեմբերին դոլարն արժեր 480 դրամ, հիմա` 360), ինչի արդյունքում արդյունաբերությունն անկում արձանագրեց: Իրական գնաճը վիթխարի չափերի հասավ, ինչի արդյունքում Երեւանը հայտնվեց աշխարհի 20 ամենաթանկ քաղաքների ցանկում:
Փոխարենը` Ֆրանսիայի խորհրդարանն օրենք ընդունեց Հայոց ցեղասպանությունը ժխտողներին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին: Համաձայնվեք` փոխհատուցումը միանգամայն համարժեք է: