Նախօրեին, 93 տարեկան հասակում վախճանվել է ԱՄՆ-ի 38-րդ եւ միակ չընտրված նախագահ Ջերալդ Ֆորդը: Նա ԱՄՆ նախագահի պարտականությունները ստանձնել էր 1974 թվականի օգոստոսին, երբ հրաժարական էր տվել Ռիչարդ Նիքսոնը: Ֆորդը պաշտոնավարել է մինչեւ 1976 թվականի նոյեմբեր, երբ նախագահական ընտրություններում զիջել է Ջիմի Քարթերին: Շատերի կարծիքով՝ Ֆորդի պարտության պատճառ են դարձել Ռ. Նիքսոնին անվերապահ ներում շնորհելը բոլոր հանցագործությունների համար, որոնք նա գործել էր նախագահական պաշտոնավարման շրջանում: Ֆորդի պաշտոնավարման ժամանակ՝ 1975 թվականի ապրիլին, ԱՄՆ-ը պարտությամբ ավարտվեց Վիետնամի պատերազմը: ԱՄՆ-ի 38-րդ նախագահի դեմ երկու անհաջող մահափորձ է իրականացվել, երկուսն էլ՝ 1975-ի սեպտեմբերին: Կյանքի վերջին տարիները Ֆորդն անցկացրել է Լոս Անջելեսից շուրջ 200 կիլոմետր դեպի արեւելք գտնվող Ռանչո Միրաժ բնակավայրի մեկուսի առանձնատանը: Ըստ «Ասոշիեյթեդ փրեսի», ընթացիկ տարվա հունվարին Ջ. Ֆորդը բուժում էր ստացել թոքաբորբից, իսկ օգոստոսին՝ սրտային հիվանդությունից: