Երեւի գիտեք, թե հին ժամանակներում շամաններն ու քրմերն ինչպես էին խաբում հասարակ ժողովրդին։ Պատկերացրեք՝ ցեղի շամանը գիտի, որ շուտով անձրեւ է գալու (այն ժամանակ էլ մարդիկ ունեցել են գիտելիքներ), որն այնքան անհրաժեշտ է երաշտից տառապող իր ցեղակիցներին։ Եվ ինչ-որ ծիսակատարություն է կազմակերպում՝ երեսը ներկած խարույկի շուրջ թռչկոտելով ու անհասկանալի բաներ ասելով անձրեւի աստծուն։ Բնական է՝ ընթացքում նաեւ նվիրատվություններ, զոհաբերություններ էլ կարող են լինել։ Մի խոսքով, շամանը, ծիծաղը զսպելով, ցույց է տալիս, որ լուրջ գործ է անում։ Հետո անձրեւ է գալիս, որը շամանը դիմավորում է հաղթողի կեցվածքով՝ իր շնորհիվ է։ Որովհետեւ միամիտ ցեղակիցները չգիտեն, որ դա պայմանավորված է ոչ թե իր ծիսական պարով, այլ ինչ-որ ցիկլոնի ազդեցությամբ։ Եվ հավատում են, որ անձրեւի, հետեւաբար` նաեւ առատ բերքի համար իրենք պարտական են շամանին։
Այդ ժամանակից ի վեր շատ բան է փոխվել՝ մարդիկ ավելի շատ բան գիտեն, հասկանում են երեւույթների պատճառները։ Եվ ոչ բոլորին են հավատում՝ մանավանդ հայերը։ Սակայն ամենազարմանալին այն է, որ հենց Հայաստանում որոշ մարդիկ 21-րդ դարում որդեգրել են շամանի գործելաոճ եւ ամեն տեղ կարեւորում են իրենց դերը։
Մեր վերջին համարներից մեկում անդրադարձել էինք այս տարվա տնտեսական ցուցանիշներին եւ ենթադրել, որ դրանց այլեւս չենք անդրադառնա. ասելու նոր բան դժվար թե լիներ։ Սակայն պարզվում է՝ եթե ասելու նոր բան չկա, ապա կա մատուցման նոր ձեւ, ինչպես արեց Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանը։ Մամուլն արդեն դրան անդրադարձել է, սակայն կան մի քանի հետաքրքիր ասպեկտներ, որոնք ուշադրությունից դուրս են մնացել։
Օրինակ, Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության մամուլի հաղորդագրության մեջ խոսվում է Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) ցուցանիշների մասին. «…2006թ. 11 ամիսների տվյալներով` երկրի ՀՆԱ-ն կազմել է 2293.9 մլրդ դրամ, աճի տեմպը՝ 113.2%։ Տարեկան կտրվածքով կանխատեսում ենք ոչ պակաս, քան 113.5% աճ…»։ Հետո խոսվում է գործազրկության կրճատման, բնակչության եկամուտների աճի մասին։ Բայց ամենակարեւորը նախադասության սկիզբն է՝ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ…
Տնտեսական աճը դա ՀՆԱ-ի աճն է։ ՀՆԱ-ն ստեղծում են մասնավոր տնտեսվարողները, ոչ թե պետությունը։ Պետությունը պետք է նրանց օգնի, ապահովի աշխատելու նորմալ պայմաններ։ Սակայն մեզ մոտ պետությունը միայն հարկեր հավաքելու համար է։ Երբ արտադրողները դժգոհում են, պետությունն ասում է՝ ձեզ օգնելը մեր խնդիրը չի, մենք ավելի մեծ, ավելի լուրջ հարցերով ենք զբաղվում։
Մեջբերեմ մի հատված՝ մամլո հաղորդագրությունից. «Դրամի կայունացման պարագայում հրատապ է դարձել արտահանմանն ուղղված բնագավառների արտադրատեսակների մրցունակության բարձրացումը, ինչը հնարավոր է ապահովել գիտատեխնիկական առաջընթացի արդյունքների լայնածավալ կիրառմամբ, նոր տեխնոլոգիաների եւ նորարարությունների օգտագործմամբ, ինչպես նաեւ արտադրանքի մեջ լրացուցիչ էներգետիկ եւ այլ ծախսերի կրճատմամբ, սակավ էներգատար, սակավ նյութատար եւ ավելի գիտատար արտադրատեսակների թողարկմամբ»։ Ուշադրություն դարձրեցի՞ք «դրամի կայունացում» նոր, ժամանակահունչ ձեւակերպմանը։ Ինչեւէ, ամեն ինչ լավ է ասված, գեղեցիկ, բարդ բառերով եւ կարեւորը՝ պաթոսով։ Կարելի էր նախադասությունը սկսել «Ընկերնե՛ր» կոչականով, իսկ վերջում եզրափակել «Ուռա՛»-ով։ Գործնականում սա է այն ամենը, ինչ պետությունն անում է արտադրողների համար։ Ոչ թե բարձրացնում է մրցունակությունը կամ նպաստում դրան, այլ… գեղեցիկ բառերով արտահայտում դրա անհրաժեշտությունը։ Մնացածն իրենց գործը չի։ Թեեւ սա երեւի ավելի մարդկային է, քան X-երի եւ Y-ների միջոցով բացատրել, որ արտադրողները պետք է հրաժարվեն շահույթից, ինչպես մի ժամանակ անում էր պրն Ճշմարիտյանը։ Ի դեպ, եթե տնտեսական աճի, գործազրկության եւ եկամուտների մասին խոսելիս նախարարության մամուլի ծառայությունն օգտագործել է ԱՎԾ-ի «պուպուշ» տվյալները, ապա արդյունաբերության մասին խոսելիս հրապարակում են իրենց սեփական ուսումնասիրությունների տվյալները (200 ընկերությունների վերաբերյալ), որոնց համաձայն` աճի տեմպը հունվար-նոյեմբերի համար կազմել է 4.4% (առանց ադամանդագործության)։ Մինչդեռ, պաշտոնական վիճակագրությամբ, այդ աճը եղել է 1.7%, իսկ ադամանդագործությունն էլ հաշված՝ արձանագրվել է 1.2%-ի անկում։ ԱՎԾ տվյալներն այստեղ այնքան էլ «պուպուշ» չեն եւ չեն համապատասխանում մեր վագրային տնտեսության ընդհանուր նկարագրին։ Եվ վերջում` ամենազավեշտալին։ Lragir.am-ի փոխանցմամբ, նախարարն ասել է՝ ՀՆԱ-ի աճը հիմնականում պայմանավորված է արդյունաբերական արտադրանքի ծավալների աճով։ Դժվար է ենթադրել, որ Կ. Ճշմարիտյանը ծանոթ չէ Վիճծառայության տվյալներին, մանավանդ, որ սկզբում լավ էլ դրանք օգտագործել է։ Սա թերեւս արվել է որպես ամանորյա կատակ՝ մարդկանց տրամադրությունը բարձրացնելու համար։ Իսկ այն, որ տնտեսական-քաղաքական կյանքում տեղի ունեցող ամեն լավ բանի համար պետք է շնորհակալ լինենք իշխանություններին, իսկ վատերի դեպքում՝ մեղավորներ փնտրենք ուրիշ տեղ, ամենեւին էլ կատակ չէ։ Օրինակ, շամաններն անձրեւ չգալը կարող էին բացատրել նրանով, որ ծիսակատարության ժամանակ զոհաբերված ոչխարը «դախ» է եղել, ինչն էլ զայրացրել է անձրեւի աստծուն։ Դրա համար կուտեին ոչխարը նվիրած մարդուն, եւ հարցը կփակվեր։ Մեզ մոտ էլ ասում են՝ բիզնես վարելու ձեւն է «դախ»։ Ճիշտ է, գործարարին չեն ուտում, բայց դեռ ամեն ինչ առջեւում է։ Սակայն մի մեծ տարբերություն, այնուամենայնիվ, կա։ Շամաններն իրենց վերագրում էին այնպիսի բաներ, որոնք իրոք դրական էին՝ անձրեւը, լավ եղանակը, հաջող որսը եւ այլն։ Իսկ մերոնք իրենց վերագրում են տնտեսական աճը, որի առկայության մասին կարելի է գլխի ընկնել միայն մամուլի հրապարակումներից։ Դե, թող վերագրեն, եթե դա իրենց հաճույք է պատճառում։ Վերջիվերջո, Նոր տարի է։