Երեկ Իրաքի նախկին բռնապետ Սադամ Հուսեյնը հայտարարել է, թե իրեն կախաղան են բարձրացնելու որպես զոհի, եւ կոչ է արել իրաքցի նախկին հպատակներին` «միաբանվել ընդդեմ թշնամիների»: Հիշեցնենք, որ նախօրեին Իրաքի Գերագույն դատարանի Վճռաբեկ պալատը հաստատել է Հուսեյնի նկատմամբ նոյեմբերի 5-ին կայացված մահապատժի դատավճիռը: Ըստ CNN-ի, Գերագույն դատարանի վճիռը վերջնական է, եւ Իրաքի օրենսդրության համաձայն, Հուսեյնի մահապատիժն իրականացվելու է 30 օրվա ընթացքում՝ մինչեւ 2007 թվականի հունվարի 27-ը: Հուսեյնը մահապատժի է դատապարտվել 1982 թվականին Բաղդադից հյուսիս գտնվող՝ հիմնականում շիա մահմեդականներով բնակեցված Դուջայիլ բնակավայրում 148 մարդու սպանությունը հրահանգելու համար: «Ֆրանսպրեսի» փոխանցմամբ՝ Իրաքում արդեն սկսել են պատրաստվել երկրի նախկին բռնապետի մահապատժի շուտափույթ իրականացմանը: Սպիտակ տունը ողջունել է Իրաքի Գերագույն դատարանի վճիռը՝ հայտարարելով, թե այն «շրջադարձային է բռնակալի իշխանությունն օրենքի իշխանությամբ փոխարինելու՝ Իրաքի ժողովրդի ջանքերում»: