ՀՀ Առեւտրաարդյունաբերական պալատը երեկ մրցանակներ հանձնեց այն 24 ընկերությունների ղեկավարներին, ովքեր «աջակցել են գործարարության զարգացմանը»: Այդ ընկերությունների մեջ կային գյուղմթերք, շինանյութ, դեղորայք արտադրողներ, բեռնափոխադրողներ, տուրիզմի, տեղեկատվական տեխնոլոգիաների, կրթության եւ այլ ոլորտների ներկայացուցիչներ:
Մենք փորձեցինք մրցանակակիր գործարարներից տեղեկանալ, թե ի՞նչ տվեց նրանց 2006 թվականը, ինչպիսի՞ ձեռքբերումներ ու կորուստներ ունեցան եւ ինչպիսի՞ ակնկալիքներ ունեն 2007-ից: Գործարարների մեծ մասը, հատկապես` արտադրող-արտահանող գործարարները, անցնող տարին բնութագրեցին դժվարություններով ու կորուստներով ծանրաբեռնված: Հիմնականում դժգոհեցին դոլարի արժեզրկումից եւ արտահանման համար ճանապարհների խիստ սահմանափակ լինելուց: Համապատասխանաբար նրանք ակնկալում էին, որ 2007թ. կայունանա տարադրամի կուրսը, իսկ արտաքին շուկա դուրս գալու համար բացվեն ճանապարհները:
Էդուարդ Դիլանյան («Վիտամաքս-Ե» ՍՊԸ տնօրեն)- 2006թ. մեր ընկերության համար ճակատագրական տարի եղավ՝ տեխնոլոգիաների բնագավառում լուրջ ներդրումներ արեցինք, ընտրեցինք նոր դեղորայքային բուժիչ միջոցներ: Ունենք 40 անվանում բուժիչ միջոցներ, որոնք լրիվ մեր մշակումներն են՝ մեր տեխնոլոգիաներով, մեր բանաձեւերով, էքսկլյուզիվ ֆորմուլաներ են եւ ունեն բավականին մեծ պահանջարկ: Բայց որպես արտադրող եւ արտահանող ընկերություն` բավականին նեղված ենք վարվող դրամաարժութային քաղաքականությունից: Բոլոր արտադրողներին եւ արտահանողներին շատ մեծ վտանգ է սպառնում: Իհարկե, մեր հաջողություններն ավելի լավ կլինեին, առաջընթացն ավելի մեծ կլիներ, եթե դոլար-դրամ հարաբերությունը կայունանար: Մեր արտադրանքի 70-80 %-ն արտահանվում է: Ներքին շուկան շատ փոքր է: Մենք մեր արտադրական հնարավորությունների 20-25 %-ն ենք գործարկել: Մնացածը պետք է արտահանումների վրա դնել, որն էլ այսօր լուրջ վտանգի տակ է` կախված դոլարի արժեզրկումից: Հայկական ապրանքներն այսօր միջազգային շուկայում դարձել են ամենաթանկ ապրանքները: Պետք է կառավարությունը միջամտի ԿԲ-ի աշխատանքներին: Գիտե՞ք ինչ, մակրոէկոնոմիկայում խնդիրներ կան, որ պետք է առաջին դեմքերը խորամուխ լինեն: Թե չէ` ինքնահոսի թողնող, լողացող եւ նման կուրսերն ուղղակի տնտեսությունը քայքայում են: Մեր փորձի վրա կարող եմ ասել:
Միխայիլ Բաղդասարով («Միկա Լիմիթեդ» ընկերության նախագահ)- 2006թ. մեզ համար ավելի շուտ անհաջող տարի էր: 2007թ. հույս ունենք, որ երկիրը կանի իր ընտրությունը եւ կշարժվի մեկ քայլ առաջ: Բայց ընտրությունների ժամանակ տնտեսությունը միշտ տուժում է: Բոլորը զբաղվելու են քաղաքականությամբ, տնտեսությամբ ավելի քիչ են զբաղվելու: Այդ պատճառով ես կարծում եմ, որ 2007-ը տնտեսության համար նույնպես ծանր տարի է լինելու:
Գեորգի Ավետիկյան («Ռուսալ Արմենալ» ՓԲԸ գլխավոր տնօրեն)- Ծրագրերը, որ նախատեսում էինք, կատարեցինք: Վերազինումը, որ պետք է արվեր, ավարտեցինք: 2007թ. պետք է իրականացնենք այն, ինչ մեր բիզնես ծրագրով նախատեսված է: Այսօր մեզ 2 հարց է անհանգստացնում: Առաջինը տրանսպորտն է: Ամսական մոտ 5000 տոննա ապրանք ենք ստանում՝ հումքը, տարատեսակ նյութեր, յուղեր, որոնք Հայաստանում չեն արտադրվում: Ամեն ամիս մոտ 2000 տոննայից ավելին էլ պետք է արտահանենք: Բայց մի օր Վերին Լարսն է փակվում, մյուս օրն Իլյիչեւսկը չի աշխատում, մեկ ուրիշ օր էլ Նովոռոսիյսկն է ծանրաբեռնված, կամ ճանապարհներն են փակվել եւ այլն: Մի քանի օր առաջ էլ Վրաստանի ճանապարհները փակվեցին: Գնացք որ չկա, բեռնափոխադրման վիճակը շատ վատ է: Բացի այդ, մենք մի շատ մեծ խնդիր ունենք՝ մեր էլեկտրացանցերի վիճակն է շատ վատ, հաճախակի տատանումներ են լինում, եւ դա անդրադառնում է արտադրության վրա: Անջատվում են սարքավորումները, համակարգչային խափանումներ են լինում: Այդ խնդրին ծանոթ են հանրապետության եւ՛ նախագահը, եւ՛ վարչապետը, եւ մենք սպասում ենք նրանց աջակցությանը:
Արայիկ Վարդանյան («Հայաստանի ներգնա տուրօպերատորների միության» գործադիր տնօրեն)- 2006-ը մեծ հաջողությունների տարի էր, գրանցվեց 10-15% զբոսաշրջիկների աճ: Հույս ունենք, որ 2007թ. նույնպես նման ակնկալիքներ կլինեն: Բայց բազմաթիվ խնդիրներ կան, որոնք խանգարում են տուրիզմի զարգացմանը: Օրինակ, 2-3 աստղանի հյուրանոցների բացակայությունը շատ դեպքերում մեծ խոչընդոտ է առաջացնում: Մյուս հյուրանոցներն ավելի թանկ են: Հետո՝ ՀՀ-ում տուրիստական շատ ընկերություններ կան, որ գործում են, բայց իրավական դաշտից դուրս են աշխատում: Նրանք, փաստորեն, զբոսաշրջիկներ են բերում, բայց պետությունը հարկերի տեսքով դրանից ոչ մի օգուտ չի ստանում: Բացի այդ, ՀՀ-ում շատ բարձր են հյուրանոցների, ավիատոմսերի գները: Շատ խնդիրներ ունենք, որոնք բարձրացնում ենք թե՛ կառավարության, թե՛ ԱԺ առջեւ: Տուրիստին սպասարկելու ժամանակ ամեն մի պուճուր խնդիրը մեծ է դառնում:
Վահե Ղազարյան («Եվրոթերմ» ՓԲԸ գլխավոր տնօրեն)- 2006-ը մեզ համար շատ ծանր էր՝ դրամի արժեւորումը, բերքի վատ լինելը բացասաբար անդրադարձան մեր արտադրության վրա: Բոլոր դեպքերում կարողացանք վաճառքի աճ ունենալ` շնորհիվ նոր տեսակների: Հույս ունենք, որ գոնե 2007-ին ավելի կայուն վիճակ կլինի: Կուզենայի, որ աշխարհաքաղաքական վիճակն էլ կայունանար, որպեսզի մենք ճանապարհների եւ բեռնափոխադրումների խնդիրներ չունենայինք: Դոլարի արժեզրկումը շատ-շատ վատ է անդրադառնում մեր գործունեության վրա: Դրսում մեր գործընկերներին առանձնապես չի հետաքրքրում, որ մեզ մոտ դոլարն արժեզրկվում է: Նրանք կայուն գներ են ուզում: Մենք ստիպված ենք լինում տարեկան 20-30 տոկոսով բարձրացնել մեր արտադրանքի գները: Իսկ այդպես էլ դրսի շուկայում մրցունակ չենք լինում: Բացի այդ, հյութ արտադրողները ներկրողների հետ հավասար պայմաններում չեն գտնվում: Իմ ունեցած տվյալներով, բավականին մեծ ստվեր կա ներկրվող հյութերի շուկայում: Մեր մրցակից ներկրող ընկերությունները պետք է ընդգրկված լինեին խոշոր հարկատուների ցուցակում, բայց նրանք այնտեղ չեն: Չկա հստակ վերահսկելի կանոնակարգ կամ օրենսդրական դաշտ, որը կպաշտպաներ տեղական արտադրողի շահերը: Քաջ հայտնի է, որ ալկոհոլային խմիչքների ոլորտում էլ անարխիա է տիրում: Այստեղ վաճառվող օղիների 90 %-ը ներմուծված է: Լավ կլիներ, որ պետությունն իր արտադրողին ինչ-որ կերպ խրախուսեր: 2007-ին ես ակնկալում եմ նաեւ քաղաքական կայունություն, թող չխանգարեն, որ մենք աշխատենք:
Ռոզա Ծառուկյան («Մուլտի ագրո» ՍՊԸ տնօրեն. տիկին Ծառուկյանը միակն էր մեր զրուցակից գործարարներից, ով գոհ էր ոչ միայն 2006-ից, այլեւ երաշտի տարուց եւ ընդհանրապես ամեն ինչից: Դրա համար նա պարտական էր իր որդուն` Գագիկ Ծառուկյանին)- Ճիշտ է, 2006թ. գյուղատնտեսության համար անբարենպաստ տարի էր, բայց գյուղատնտեսության նվիրյալը պիտի քաջ գիտակցի, թե որ ամսին որտեղ պետք է տեղափոխի անասնատեսակը, որ այդ վիճակից շատ չտուժի: Այս չորությունը մեր անասուններին եւ մեղուներին շատ չվնասեց, որովհետեւ մենք ճիշտ ժամանակին նրանց տեղափոխեցինք լեռնային եւ նախալեռնային շրջաններ: Հակառակը՝ այս տարի մեր «Մուլտի ագրոյի» համար եղավ արգասաբեր տարի: Ես այս տարի գիգանտ աշխատանք եմ կատարել` հանձինս «Մուլտի կոնցեռնի» նախագահի հովանավորության:
Մելիք Մանուկյան («Սարանիստ» ապակյա տարաներ արտադրող գործարանի սեփականատեր)- Այնպես ոչինչ, հաջող տարի էր, բայց դոլար-դրամ հարաբերությունները մի փոքր վատ անդրադարձան մեր արտադրության վրա:
Բայց քանի որ մենք արտադրանքի մեծ մասն իրացնում ենք ներքին շուկայում, այդքան էլ մեծ կորուստներ չունեցանք: Հիմա արտահանում ենք միայն Վրաստան: Մինչեւ վերջերս արտահանել ենք ՌԴ, Ամերիկա, Ուզբեկստան, Թուրքմենիա: Բայց մի քանի ամիս է` ճանապարհների դժվարության պատճառով էլ չենք արտահանում: