Դեռ չեն որոշել

29/12/2006

Սահմանված կարգի խախտմամբ` պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների դիմումները քննարկող միջգերատեսչական հանձնաժողովը երեկ վերջնական որոշում չի կայացրել «Ժամանակ Երեւան» թերթի խմբագիր Արման Բաբաջանյանի դիմումի հարցով: Պարտադիր զինծառայությունից խուսափելու համար սեպտեմբերին առաջին ատյանի դատարանի կողմից 4 տարվա ազատազրկման դատապարտված Բաբաջանյանը դիմել էր միջգերատեսչական հանձնաժողովին` խնդրելով իր նկատմամբ կիրառել «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքը, ըստ որի, համապատասխան տուգանք վճարելով բաց թողնված յուրաքանչյուր զորակոչի համար քաղաքացին ազատվում է քրեական հետապնդումից: Միջգերատեսչական հանձնաժողովի անդամներից Սասուն Սիմոնյանը «Ազատություն» ռ/կ-ին ասել է, թե որոշում է կայացվել հարցում անել Դատախազությանը` նշված օրենքի գործողությունը Բաբաջանյանի նկատմամբ կիրառելու օրինականության վերաբերյալ: Սիմոնյանը հավելել է, որ միայն Դատախազությունից ստացվելիք պատասխանից հետո պարզ կդառնա, թե արդյո՞ք Բաբաջանյանի հարցը «միջգերատեսչական հանձնաժողովի քննարկման խնդիր է»: Հարցին, թե ինչո՞ւ Բաբաջանյանի դեպքում պահանջվել է Դատախազության գրությունը, երբ մնացած դեպքերում որոշումն ընդունվում է առանց դրա, հանձնաժողովի անդամը պատասխանել է, թե Բաբաջանյանը մեղադրվում է համապատասխան հոդվածի երկրորդ մասով, մինչդեռ մյուսների նկատմամբ գործերը հարուցված էին նույն հոդվածի առաջին մասով: «Առաջին մասը, եթե ես չեմ սխալվում, զինծառայությունից խուսափելն է ուղղակի զինկոմիսարիատ չներկայանալու միջոցով, իսկ երկրորդ մասը` փաստաթղթեր կեղծելու կամ խաբեության ճանապարհով»,- ասել է նա: Իսկ փաստաբան Զարուհի Փոստանջյանի համոզմամբ՝ հանձնաժողովը պարզապես ուզում է ձգձգել հարցի լուծումը մինչեւ Վերաքննիչ դատարանի վճիռը, որտեղ գործը լսվելու է վաղը: