ԳԱԱ-ն դարձել է «հոգնած մի համակարգ»

29/12/2006 Անուշ ՄԿՐՏՉՅԱՆ

Դառը փորձը ցույց է տալիս, որ մեր հասարակությունն արդեն նախապես գիտի, թե ինչպես են Հայաստանում տեղի ունենում «արդար ու թափանցիկ» ընտրությունները։ Եվ անկախ այն բանից, թե այդ ընտրությունները որ ոլորտում են տեղի ունենում, գնահատականը գրեթե միշտ նույնն է լինում՝ վարկաբեկող։ Նույնը տեղի ունեցավ Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) թղթակից անդամների ընտրության ժամանակ, երբ չընտրվածներն ընտրությունները որակեցին որպես «խայտառակ», իսկ ընտրվածներն ու ընտրողները կամ խուսափեցին մեկնաբանություններից, կամ էլ չընտրվածներին անվանեցին «նեղացածներ»։ Ուրեմն մի բանով նեղացրել եք, չէ՞։

«Կարծում եմ, որ կանոնակարգային խախտումներ չեն եղել։ Եվ մեղադրանք, թե ինչպես անցկացվեց, այս իմաստով, չեմ ընդունում»,- ասաց Կրթության եւ գիտության փոխնախարար Արա Ավետիսյանը, ով ԳԱԱ թղթակից անդամ ընտրվեց մեխանիկայի ոլորտում։ Ի դեպ, Ա. Ավետիսյանը տարօրինակ եւ չհիմնավորված համարեց մամուլում տեղ գտած այն որակավորումը, թե ինքը «բարվոք» վիճակում չէր եւ, այսպես ասած՝ հազիվ ընտրվեց։ «Անհրաժեշտ միավորներն ապահովել եմ։ Կուզենայի լսել, թե ի՞նչ դժվարությունների մասին էր խոսքը»,- ասաց փոխնախարարը։ Նրա կարծիքով՝ վերլուծություն անելիս մարդ պետք է տեսնի, թե որքանո՞վ է ինքը կողմնակալ։ «Չընտրվողները, եթե դեմ են արտահայտվում, պետք է հրապարակավ հանդես գան։ Որքանո՞վ է պարկեշտ պատերի տակ կամ գաղտնի կազմակերպված բաներ անելը»,- շարունակեց նա՝ չբացառելով, որ շփոթմունք առաջացնող դեպքեր եղել են։ Թերեւս ամենամեծ շփոթմունքն առաջացավ ֆիզիկայի բնագավառում։ Քվեատուփի բացվելուց հետո պարզվեց, որ փորձագիտական հանձնաժողովի ներկայացրած ցուցակի առաջին եւ երկրորդ համարներից ոչ ոք չի հաղթել։ «Նրանց մեջ կային գիտնականներ, ում նույնիսկ փորձագիտական հանձնաժողովի շատ անդամներ առաջին անգամ էին տեսնում եւ լսում, իսկ բաժանմունքի մյուս անդամները չէին էլ կարող տեսնել եւ լսել, որովհետեւ նրանցից մեկը գործուղման մեջ էր»,- ասաց ֆիզիկոս Հրանտ Մաթեւոսյանը, ով նույնպես որպես թեկնածու էր առաջադրված թղթակից անդամների ընտրություններում, սակայն չընտրվեց։ Ըստ նրա՝ ամբողջ ընթացքում զգացվում էր ընդգծված հովանավորչության շունչը։ «Գուցե կոպիտ է հնչում, բայց ակադեմիկոսների միջեւ սկսվեցին «բազարներ»՝ «դու՝ ինձ, ես՝ քեզ»։ Անկասկած այս ամենը բերում է կլանների առաջացման եւ դիտվում է որպես կոռուպցիա գիտության ոլորտում»,- ասում է ֆիզիկոսը։ Նա վստահեցնում է, որ ունակ շատ գիտնականներ պարզապես չմասնակցեցին ընտրություններին, որովհետեւ նախապես գիտեին՝ ինչ ճանապարհով է այն ընթանալու։ «Եվ, պատկերացրեք, որ խելացին երեւի հենց իրենք էին»,- ասաց Հ. Մաթեւոսյանը՝ միանշանակ համոզված լինելով, որ այլեւս երբեք չի մասնակցի նման «ներկայացման»։ ԿԳՆ փոխնախարար Արա Ավետիսյանը նույնպես համաձայն է, որ շատ արժանավոր մարդիկ սպասում էին այս ընտրություններին, քանի որ երկար ժամանակ նման բան չէր եղել։ Ըստ նրա՝ ֆիզիկան որպես մի ամբողջ բնագավառ` ունի լավ ձեւավորված դպրոցներ, կան լավ մասնագետներ։ «Իսկ թե ինչպես ընթացան, եւ ովքեր ընտրվեցին ֆիզիկայի բնագավառում, ավելի արժանինե՞րը, թե՞ ոչ, ես այս պահին ձեռնպահ կմնամ։ Որովհետեւ ընտրություններին մասնակցել եմ որպես ընտրվող եւ չեմ ներկայացրել ֆիզիկայի բնագավառը»,- ասաց Ա. Ավետիսյանը։ ՄԱԿ-ի Սոցիալ-տնտեսական խորհրդի անդամ Ինֆորմատիզացիայի միջազգային ակադեմիայի ակադեմիկոս Առնոս Հովհաննիսյանը, ով նույնպես առաջադրված էր որպես թեկնածու, չընտրվեց «ֆիզիկական եւ անօրգանական քիմիա» ոլորտում: Ա. Հովհաննիսյանն ընտրությունները նմանեցրեց «Ով է ուզում դառնալ միլիոնատեր» խաղին, որտեղ քիմիայի փորձագետների կազմում ընդգրկված երկրաբաններն այդպես էլ չկարողացան հավաքել առաջին անձեռնմխելի ութ հազար դրամը: «Օրգանական քիմիային հատկացրած տեղը կորավ, իսկ «ֆիզիկական եւ անօրգանական քիմիա» անհեթեթ անվանում ստացած տեղում ընտրվեց ճարտարագիտական համալսարանում պոլիմերների քիմիայի հարցերով զբաղվող մաթեմատիկոս»,- վրդովված էր Ա. Հովհաննիսյանը: Թեպետ ֆիզիկան իր ոլորտը չէ, բայց անարդարությունն այնքան ակնհայտ էր, որ քիմիկոսը չէր կարող չնկատել, որ ընտրությունը «կառավարվում էր բիրտ ուժի կողմից» եւ այն կարելի էր համարել չկայացած: «Ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյանի վատ տեսողության պատճառով նրա փոխարեն քվեարկել է նրա ֆիզիկոս տղան, իսկ Թինա Ասաթիանու կորցրած հիշողության պատճառով՝ նրա` ակադեմիկոսի դուստրը: Բոլոր ընտրվածների եւ նրանց ռեալ մրցակիցների քվեաթերթիկներում բացակայում էին անվավեր ձայները, իսկ մնացած չընտրվածների տասնվեց թերթիկներում դրանք առկա էին: Սա խոսում է այն մասին, որ ակադեմիկոսների երեխաների ուղեղները չծանրաբեռնելու համար նրանց ցուցմունք էր տրված` չընտրվողներին ուղղակի չքվեարկել` ոչ «հա» ասել, ոչ էլ`« չէ»,- ասում է քիմիկոսը:

Ընտրեցին իրենց նմաններին

Կոռուպցիա՞ն, թե՞ սեփական մակարդակից ցածրին ընտրելու մոտեցումներն էին դրված այս ամենի հիմքում։ Գիտնականները պնդում են՝ երկուսն էլ։ «Դա բերեց նրան, որ ընտրությունների արդյունքում ակադեմիան գնաց միայն մեկ ճանապարհով՝ ինքն իրեն վերարտադրեց»,- համոզված է Հ. Մաթեւոսյանը։ Փոխնախարար Ա. Ավետիսյանն էլ այս ամենում մի փիլիսոփայություն է տեսնում՝ մարդիկ ընտրում են իրենց բազմության անդամ, եւ օբյեկտիվորեն այդ մարդիկ պետք է ընտրեն իրենց նմանին։ «Այստեղ տարակուսել պետք չէ։ Արդյո՞ք ընտրողների որակյալ մեծամասնությունն ընտրեց քեզ, ընտրեց իր նմանին։ Վերլուծությունները կարող են տարբեր լինել»,- ասաց Ա. Ավետիսյանը` ավելացնելով, որ այս մոտեցումն էլ կարող է միանշանակ չլինել` իսկ համոզվա՞ծ են, որ ես նրանց նմանն եմ։

Գիտական առումով ոչ մի տարբերություն չկա ընտրված կամ չընտրված գիտնականների միջեւ։ Առաջինին միայն ավելանում է կոչում՝ ԳԱԱ թղթակից անդամ։ Սակայն կա մի մտավախություն՝ նորաթուխ թղթակից անդամները վաղը-մյուս օրը կարող են աշխատող գիտնականին թելադրող դառնալ։ «Սակայն ես ձեզ հավաստում եմ` ՀՀ-ում կան այնպիսի ուժեր, որոնք կդիմակայեն «այդ բնական աղետին»,- պնդում է Հ. Մաթեւոսյանը։

Ինչպես նշեց Ա. Ավետիսյանը՝ «գիտության ոլորտը նոր արյան, նոր շնչի կարիք ունի», սակայն երբ այսօր գիտնականների մի մեծ խումբ կասկածի տակ է առնում կադրային այս փոփոխությունների որակը, կարելի՞ է արդյոք նույն համոզվածությամբ խոսել գիտական բարեփոխումների մասին։

«Ճշմարտությունը ծնվում կամ հաստատվում է քննարկումների ընթացքում, բայց ապացուցվում է, այնուամենայնիվ, պրակտիկայում։ Այնպես որ, թե որքանով էին արդյունավետ ընտրությունները, ժամանակը ցույց կտա, եւ կտեսնենք՝ որքանո՞վ են ընտրվածներն իսկապես օգտակար գիտությանը»,- ասում է Ա. Ավետիսյանը։

Այսօր ձեւավորված է մարդկանց մի խումբ, որը համոզված է՝ «ԳԱԱ-ն իրեն սպառել է եւ գնում է ինքնակործանման»։ Ոմանք կարծում են, որ ժամանակն է` մի մեծ կողպեք դնել այս կառույցի վրա: Շատերն էլ համոզված են, որ անկախ ամեն տեսակի «բարեփոխումներից», գիտությանը հատկացվող գումարները փոշիանալու են: Ա. Ավետիսյանը հույս ունի, որ պրակտիկան մի բան ցույց կտա, քիմիկոս Ա. Հովհաննիսյանն այլեւս ապագա չի տեսնում, իսկ ֆիզիկոս Հ. Մաթեւոսյանն առաջարկում է ԳԱԱ-ն դարձնել հասարակական կազմակերպության դասական օրինակ: «Գիտությունների ազգային ակադեմիայի ենթակայությունից պետք է դուրս գան ակադեմիական բոլոր հիմնարկները,- ասում է ֆիզիկոսը,- քանզի երբեմնի փառավոր եւ հզոր կառույցն այսօր նման է մի հոգնած համակարգի»։