Ցավ են ապրում

07/05/2005

Պատգամավոր Էմմա Խուդաբաշյանի հարցին, թե ո՞վ է պատասխանատու երկրում սկիզբ առած «բեսպրեդելի համար», անիշխանության համար, երբ ժողովրդի առաջ զինված արյունալի «ռազբորկաներ» են տեղի ունենում, ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների աշխատանքը համակարգող նախարար Հովիկ Աբրահամյանը պատասխանեց. «Իրոք, ի սկզբանե երեւույթը դատապարտելի է, եւ իրավապահ մարմինները հենց առաջին պահին հարուցել են քրեական գործ եւ կատարում են նախաքննություն: Իրոք, մենք էլ ենք մտահոգ, դեպքն, իրոք, դատապարտելի է: Կան արդեն կալանավորված մարդիկ, կասկածյալներ, առգրավված է զենք-զինամթերք»: Հ. Աբրահամյանի խոսքերով, առաջիկայում ՀՀ Գլխավոր դատախազությունը պարզաբանումներ կներկայացնի: «Բոլորս էլ ցավ ենք ապրում դրա համար»,- հայտարարեց Հ. Աբրահամյանը: Է. Խուդաբաշյանի դիտարկմանը, թե արդյոք ժամանակը չէ՞, որ պատասխանատվության ենթարկվեն այդ հանցագործության հուժկու տերերը, Հ. Աբրահամյանը պատասխանեց. «Անպայման պատասխանատվության են ենթարկվելու բոլորը, ովքեր մասնակից են: Դուք էլ պիտի վստահ լինեք, որ իրավապահ մարմիններն ունեն այդ հնարավորությունները, եւ նրանք անպայման կիրականացնեն, որ մեղավորներն օրենքով խստագույնս պատժվեն»: