Դրամաշնորհների չափը կավելանա

29/12/2006 Անահիտ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Ղարաբաղում գրանցված են 110-ից ավելի հասարակական կազմակերպություններ, որոնց գործունեությունը վերջին տարիներին էլ ավելի է ակտիվացել: Այս մասին նշում են նաեւ իշխանությունները:

ՀԿ-ներն ունեն տարբեր ուղղվածություններ եւ իրականացնում են ամենատարբեր ոլորտներն ընդգրկող ծրագրեր: Իհարկե, կան մի քանի կազմակերպություններ, որոնք աշխատում են միջազգային կազմակերպությունների հետ, սակայն, ընդհանուր առմամբ, միջազգային կառույցների մասնակցությունն այս ոլորտում շատ թույլ է: Մինչեւ 2006 թվականը որոշ հասարակական կազմակերպություններ սուբսիդավորվում էին կառավարության կողմից, սակայն, ՀԿ-ների առաջարկությամբ, այս տարվանից սկսվեց կառավարության կողմից դրամաշնորհների տրամադրման գործընթացը. ստեղծվեց հասարակական կազմակերպությունների միջեւ մրցույթ կազմակերպող խորհուրդը, որոշվեցին անվանակարգերը եւ հայտարարվեցին համապատասխան մրցույթները, որոնց, ըստ կարգի, կարող են մասնակցել առնվազն մեկ տարվա գրանցում ունեցող կազմակերպությունները: Տարբեր անվանակարգերում մրցույթներին 2006-ի ընթացքում մասնակցել են 31 հասարակական կազմակերպություններ, որոնցից հաղթող են ճանաչվել 24-ը: Վերոնշյալ խորհրդի նախագահ Միքայել Գասպարյանի խոսքերով, 2006-ին պետբյուջեից տրամադրված 50 մլն դրամից 12 մլն 330 հազար դրամը հատկացվել է ոչ պետական 14 լրատվամիջոցների, իսկ մնացած մասը` դրամաշնորհային ծրագրերի իրականացմանը: ՀԿ-ներին եւ ոչ պետական լրատվամիջոցներին 2007-ին ավելի շատ գումար է տրամադրվելու: Մ.Գասպարյանի հավաստմամբ, այդ գումարը կկազմի 55 մլն դրամ, որից 15 մլն դրամը կհատկացվի ոչ պետական թվով 18 լրատվամիջոցների, իսկ 40 մլն դրամը` ծրագրերին:

2007-ին ծրագրերի իրականացման համար մրցույթ է հայտարարվել 14 անվանակարգերում, որին մասնակցել են 37 կազմակերպություններ: Նրանցից 26-ը հաղթել են: Մ.Գասպարյանը նշեց, որ երկու անվանակարգերում` տեղական ինքնակառավարման համակարգի բարեփոխման եւ Եվրոկառույցներում ինտեգրման աջակցության, հայտ ընդհանրապես չի ներկայացվել: Մ. Գասպարյանի խոսքերով, 2 կազմակերպություն է բողոք ներկայացրել` «Կաճառը» եւ «Հանգանակը»: Նրանք բողոքում են մրցութային հանձնաժողովի անդամների ոչ կոմպետենտ լինելուց: Մ.Գասպարյանը վստահեցրեց, որ հարցը շուտով կքննարկվի խորհրդում: Ղարաբաղի ՀԿ-ների հետ, ամենայն հավանականությամբ, կաշխատեն նաեւ եվրոպական կազմակերպությունները, ինչը կարելի է ենթադրել Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պ.Սեմնեբիի վերջերս Երեւանում արած այն հայտարարությունից, թե «Եվրամիությունը կաշխատի Ղարաբաղի հետ»: Ղարաբաղում գործող որոշ ՀԿ-ներ սերտ համագործակցում են նաեւ ԼՂՀ Պաշտպանության բանակի հետ: Բանակի հետ ակտիվ համագործակցության համար դեկտեմբերի 25-ին ԼՂՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը պարգեւատրել է մի շարք հասարակական կազմակերպությունների, ստեղծագործ խմբերի ներկայացուցիչներին եւ Արցախի պետհամալսարանի մի քանի դասախոսներին: