Խաղաղ կյանքը լճացնում է

29/12/2006 Անի ՀԱՐՈՅԱՆ, Նատաշա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

– Այսօր ի՞նչ վիճակում է ռոքը Հայաստանում:

– Նախորդ տարիների հետ համեմատ շատ լավ է, բայց եվրոպական երկրների համեմատ՝ վատ վիճակում է: Էդ կուլտուրան հայերի մոտ մի քիչ հլը զարգացած չէ, կան լավ նոր խմբեր, հներից էլ լավերը կան, որոնք մի պահ դադար են տվել ու նորից սկսել են: Ուղղակի ես միշտ զբաղվել եմ ու պետք է զբաղվեմ ինչքան կարող եմ եւ երբեք դադար չեմ տա: Այն, որ ռոքը Հայաստանում ցածր մակարդակի վրա է նույնիսկ Վրաստանի համեմատությամբ, երեւաց ամռանը Բաթումում կազմակերպված փառատոնի ժամանակ: Այնտեղ տեսանք նրանց կատարումը, նրանց մոտեցումը. շատ լավն էին: Կարծում եմ, որ ռոքը կապված է պրոբլեմի հետ եւ քանի որ մեզ մոտ` Հայաստանում կյանքը բավականին սահուն է ընթանում, ապա ռոքն էլ հանգիստ է, իսկ այնտեղ աճող սերունդը խնդիրներ ունի: Այսինքն` ապահով կյանքը լճացնում է, բայց խռովություն կարող է լինել նաեւ անհատի ներսում, որն էլ կարող է ռոք երաժշտություն ծնել: Այստեղ բացակայում է նաեւ դպրոցը, որը պետք է անցնի յուրաքանչյուր ռոք երաժիշտ: Ես ինքս ռոք չեմ պրոպագանդում, ես էդ կուլտուրան չունեմ, ես պարզապես նվագում եմ:

– Ի՞նչ եք մտածում այն մասին, որ ռոքը, այսպես ասած, փորձում են խառնել այլ երաժշտությունների հետ:

– Վերջերս նմանատիպ համերգ եղավ` ռոքն ընդդեմ փոփ երաժշտության: Ես ինքս մասնակցում էի, բայց ոչ թե ես դեմ էի, այլ ուղղակի առիթ էր եւս մեկ անգամ հնչեցնել ռոքը: Ես խնդիր չունեմ ոչ մեկի հետ` ռոք, ռաբիս, փոփ, բայց ինձ համար խնդիր է, որ ռոքն ու փոփը խառնում են կամ սկսում են նայել մեկ գծի վրա: Այսօր ռոքն ուզում են դարձնել ինչ-որ մի բան՝ հաճախ միքսում են փոփի հետ, էդ ինձ դուր չի գալիս, օրինակ «Empiray»-ը: Նրանք էլ են լավը, բայց կարծում եմ, որ ռոքի հետ կապ չունեն: Նրանց էլ են սիրում ու լսում, բայց ինձ դուր չի գալիս այն, որ նրանք իրենց հին ռոք խումբ են ներկայացնում: Հարցը բարձրն ու ցածրը չէ, ուղղակի տարօրինակ է: «Empiray»-ը լավ ռոք խումբ է, որն ինձ դուր չի գալիս: Ինքը լավ խումբ է, բայց ինձ դուր չի գալիս իրա նվագով, իր ոճով, բայց ես չեմ որոշողը: Ես ունեմ իմ ուղղությունը, իմ երաժշտությունը, որ դուր չի գալիս «Empiray» լսողներին, եւ` հակառակը: Ամենալավ հայկական ռոք խմբերն ինձ համար Հին ու նոր «Բամբիռներն» են, MDP խումբ կա, իսկ մնացածներին ես չեմ հասկանում, իրենց գաղափարը, երաժշտությունը պարզ է:

– Հետաքրքիր է, ռոք երաժիշտները չեն նեղվում իրենց չհասկացված լինելուց: Կարծիք կա նաեւ, որ ռոք երաժիշտները տարօրինակ են իրենց պահվածքով ու վարքագծով:

– Ռոքն իսկապես ամեն մարդու համար չէ, հենց դրանով է հետաքրքիր: Կարծում եմ, որ ռոքը համարվում է ավելի շատ գավառական երաժշտություն: Ես կասեի, որ Երեւանն ավելի շատ ջազի քաղաք է, ես կարող եմ ավելի շատ ջազ երաժիշտների թվարկել, քան ռոք: Հակառակ Երեւանի, Գյումրիում ավելի շատ ռոք երաժիշտներ կան: Ինչպես նաեւ` մեր «Sakvoyage» խումբը: Խմբեր կան, որ նվագում են բրիտանական խմբերի երգեր, ու իրենք ինձ համար ինչ-որ խումբ չեն, այլ տղաներ, որ հավաքվել ու նվագում են: Խումբն էն է, որ նվագելուց բացի` իրենք նաեւ ստեղծագործում են, կամ, եթե երգը վերցնում են, գոնե իրենց շունչն են դնում մեջը: Ռոք լսող հասարակությունը հիմնականում այն ընտանիքների երեխաներն են, որտեղ կան կամ եղել են ռոք երաժիշտներ: Ցավոք, շատ քիչ են էն մարդիկ, ովքեր իրենք ինքնուրույն են ընտրել ռոքը: Լսարան հավաքելու համար մենք պարզապես նվագում ենք, մեր գործը նվագելն է, իրենց գործը` լսելն ու հասկանալը, կամ չհասկանալը, կամ էլ հասկանալ ու չընդունելը: Մենք հասկանալու համար աշխատում ենք նվագել հնարավորինս լավ, ինչքան հնարավոր է` տրադիցիոն` չնմանվելով որեւէ մեկին: Խմիչքը կապ չունի ռոքասեր կամ ռոք երաժիշտ լինելու հետ, բայց տարօրինակ լինելը պարտադիր է, մտածելակերպի տարբերությունն է: Ռոքի համար գրված կանոններ չկան, մենք ունենք մեր կանոնները. լինի հագուկապ, արդուզարդ կամ թե պահվածքը հասարակության մեջ: Ռոքը բողոք չէ, ինչպես շատերն են կարծում, ուղղակի արտահայտման մի ձեւ է, քո գաղափարների, քո զգացածի մասին: Ռոքը սեր է կյանքի նկատմամբ: Ես ինքս երբեք չեմ նեղվել իմ չհասկացվածությունից, նույնիսկ ուրախ եմ: Այն, որ բոլոր ռոք երաժիշտները թմրամոլներ են կամ հարբեցողներ, դա դեռեւս 70-ական թվականներին էր: Հիմա նման խմբեր, կարող եմ ասել, հատկապես Հայաստանում չկան, հակառակը` նույնիսկ բնապահպանություն են քարոզում:

– Այսօր Հայաստանում ռոք երաժշտություն սիրող հասարակությունը ո՞ր տարիքային խմբին է պատկանում:

– Ռոքում միջին տարիքն է, շատերը մտածում են, որ ռոքն աղմուկ է եւ ուրիշ ոչինչ, բայց դա սխալ է: Քառասուն տարեկանից բարձր է մեր լսարանի տարիքը: Բոլորին թվում է, թե հիմնականում «պադրոստըկներն» են ռոք լսում, բայց ոչ: Թերեւս այդ տարիքի համար շատ ավելի սիրելի է «ծանր» կոչվող ռոք երաժշտությունը, այսինքն` «մետալիկ» ռոքը: Իսկ ընդունված ռոքի լսարանը քառասուն տարեկանից բարձր, կիրթ ու գրագետ մարդիկ են: Մեր լսարանում մեծ տեղ են գրավում նաեւ արվեստագետները, արվեստի ամենատարբեր ոլորտի ներկայացուցիչներ: Զարմանալի կարող է թվալ էն, որ ռոքը արվեստ է եւ բարձրաճաշակ արվեստ, եւ, ցավոք, ինչպես շատ լավ բաներ, ռոքը նույնպես մեծ մասշտաբներով ընդունելի չէ:

– Ինչո՞վ է այսօր զբաղված «Sakvoyage» խումբը եւ ի՞նչ պլաններ ունի:

– Ինչ վերաբերում է մեր խմբին, ապա մենք հիմա մի նոր ալբոմ ենք պատրաստում: Մեկ ալբոմ ունենք, նաեւ տեսահոլովակ ենք մտածում պատրաստել, հուսով ենք, այն նոր տարվա սկզբում պատրաստ կլինի: Հենց նոր տեսահոլովակ ունենանք՝ կներկայացնենք հեռուստաընկերություններին:

Հ.Գ. «Մեր մասին իմ ներկայությամբ ոչինչ չեն ասում»,- ասում է «Empiray» ռոք խմբի մենակատար Սարգիս Մանուկյանը,- Ռոքի տարբերությունն այն է, որ ինքն ուրիշ տեխնիկա է ու ավելի թանկ երաժշտություն է: Մենք, արդեն տասներկու տարի է, կանք ու դեմ ոչ մեկին ոչինչ չենք ասում: Մեր մասին էլ համենայնդեպս իմ ներկայությամբ ոչինչ չեն ասում: Մենք էսօր ճանապարհ ենք հարթում ռոք երաժշտության համար: Հիմա որոշ խմբեր խոսում են, բայց վաղը-մյուս օրը իրենք որ ուզեն մտնել հայկական շոու բիզնես, շատ հեշտ է լինելու, ու մեզ չեն էլ հիշելու: Մենք ինչ անում ենք, ճիշտ ենք անում, ինքնանպատակ չի: Էդ երգը, որ Աննա Խաչատրյանի հետ դուետ երգեցինք, էդ առաջարկն Աննայի կողմից է եղել: Ու հետաքրքիրն էն ա, որ Աննային ասում են՝ դե լավ ա, «Empiray»-ը քո հետ երգեց, մեզ էլ ասում են՝ լավ ա Աննայի համար, որ ձեզ հետ երգեց… Մտածում էինք, ու դեռեւս շատերի մոտ էն կարծիքը կա, որ ռոք համերգներին Հայաստանում այսօր մենակ պիվեն ձեռները բոմժեր են գնում, բայց ուզում եմ ասեմ, որ մեր համերգներին հիմնականում միջին տարիքի մարդիկ են լինում՝ շատ կիրթ «ձյաձյկեք ու ծյոծյկեք», ու դահլիճում անշլագ էր: Էն ժամանակ «Կազիրյոկում» լիքը անլվա տղեք էին նստում ու խոսում «Ասպարեզ» խմբի մասին, բա հիմա ո՞ւր են: Մի պահ 80-ականներից հետո ռոքի որակն ընկավ, բայց այսօր ոնց որ թե փոփոխվում է իրավիճակը»: