Ֆորշի (Վահան Գեւորգյան) դիմանկարն ու երգերը վաղուց արդեն հարազատացել են մեր քաղաքի ու նրա բնակիչների հետ։ Ֆորշն այն սակավաթիվ երգիչներից է, ով իր սեփական դեմքն ունի ու իր համար երգեր է գրում՝ երգերի իմաստը հավասարաչափ կիսելով երաժշտության ու խոսքերի միջեւ։ Նա շատ լավ զգում է մեր քաղաքի զարկերակը, շատ է աշխատում ու հավատում է, որ ամեն ինչ լավ կլինի, եթե մարդիկ սկսեն գոնե փոքր-ինչ ավելի ներողամիտ ու բարի վերաբերվել միմյանց։ Նոր տարվա նախօրեին, երբ ամեն ինչ տոնական սպասումներով է լցվում, Ֆորշը պատրաստվում է աշխատել։ Երգիչների համար Ամանորի գիշերն աշխատանքային է։
– Սիրո՞ւմ ես Նոր տարին։
– Ես շատ եմ սիրում այդ տոնական եռուզեռը։ Կարծում եմ, բոլորի համար այդ տոնը մանկության հետ է ասոցիացվում։ Թող լինի, թող լավ բաների մասին երազենք։ Ես ընդհանրապես ամեն ինչի նախապատրաստական փուլն եմ սիրում։ Օրինակ, խաշ ընդհանրապես չեմ ուտում, բայց շատ եմ սիրում խաշի սեղանի նախապատրաստությունն ու ծիսակարգը։ Ուտելու պրոցեսն անհետաքրքիր է, հետաքրքիրը ընկերների հետ հավաքվելն է։
– Երազանքներդ հաճա՞խ են փշրվել։ Ինչպես երգում է Ռուբեն Հախվերդյանը՝ «Մեծանում ենք, այսինքն, կարգին բթանում ենք»։ Հասունությունը երազանքներից հրաժարվել է նշանակում։
– Ինչ-որ իմաստով` այո։ Բայց դա է կյանքը, եւ մենք ոչինչ փոխել չենք կարող։ Թեեւ ես ինձ բավականին երիտասարդ եմ զգում, բայց կուզեի մի տասը տարով ժամանակը ետ տալ։ Է, ո՞վ չէր ուզի…
– Երգիչների խմբում միշտ մրցակցություն եւ սեփական անփոխարինելիությունը ապացուցելու մղում կա, իսկ դու, կարծես, մի փոքր դուրս ես այդ մրցավազքից։
– Արդեն երկու տարի է, ինչ ես երգիչների Նոր տարվա եռուզեռին չեմ մասնակցում։ Չեմ մասնակցում, որովհետեւ դա ինձ այլեւս հետաքրքիր չէ։ Եռուզեռն իմ մեջ է, իմ երգերի մեջ է, իսկ թե տարբեր տեսակի պաշտոնյաներ ու մեծահարուստներ ո՞ր երգչին ի՞նչ են տալիս, ինձ հետաքրքիր չէ։
– Հավատո՞ւմ ես, որ անդրշիրիմյան աշխարհ կա։
– Իհարկե, հավատում եմ, բայց չգիտեմ՝ դա ի՞նչ է։ Հաճախ մարդիկ, ովքեր կլինիկական մահ են ապրել, այդ աշխարհից հուշումներ են ստանում։ Ես ինքս նման հուշումներ չեմ ստացել, որովհետեւ ես դրանք ընդունելու դեռ պատրաստ չեմ, բայց ոգու անմահության մասին պատմող շատ համոզիչ գիտություններ ու տեսություններ կան։ Համոզված եմ, որ ոգին անմահ է, ու նրա տունը տիեզերքն է։
– Գերբնական ուժե՞ր էլ կան։
– Միանշանակ կան։ Իմ սիրած ժանրը ֆանտաստիկան է, որը հաճախ կանխատեսում է ապագան։ Օրինակ, հիշիր` քանի՞ դար առաջ Ժյուլ Վեռնը գրեց նավապետ Նեմոյի ու սուզանավի մասին, այն ժամանակ դա առասպել էր համարվում, իսկ հիմա՝ իրականություն է։
– Հիմա մենք ի՞նչ տիպի առասպելների կարիք ունենք։
– Չգիտեմ կարելի՞ է դա առասպել համարել, թե՞ ոչ, բայց մեր քաղաքը բարության կարիք ունի։ Մարդիկ չար են դարձել, անտարբեր։ Բոլորը չէ, իհարկե, բայց մեծամասնությունն «օբիժնիկ» են դարձել ու դրա հետեւանքով էլ՝ չար։ Գուցե պատճառը սոցիալական ծանր վիճակն է։
– Գուցե պատճառը բարի երգերի պակա՞սն է…
– Բայց երգ գրողն էլ է պատկանում սոցիալական հոսքին համապատասխան քայլող մարդկանց շարքին։
– Քո կարծիքով` հայի կերպարը տարբեր երկրներում ինչպե՞ս է ընկալվում։
– Երբ Արգենտինայում, որտեղ ես մի քանի տարի ապրել ու աշխատել եմ, իմանում էին, որ հայ եմ, բոլորն ասում էին՝ օ՛, արմենիո։ Բոլորը սիրում, հարգում ու խոնարհվում են հայերի առաջ։ Ընդհանրապես արգենտինացիները շատ բարի, մարդամոտ ու միամիտ են, իսկ հայերին հարգում են, որովհետեւ արգենտինացի հայերը շատ մեծ քաշ ու փողեր ունեն։ Արգենտինայի Դրամապալատի շեֆը, այսինքն՝ գլխավոր փող՝ պեսո, տպողը երկար տարիներ հայ է եղել։ Գաղտնիք չէ, որ Ռուսաստանում հայերին վատ են վերաբերվում, արեւելյան երկրներում հայերին սիրում են։ Կան երկրներ, որտեղ հայերին ոչ մի կերպ չեն վերաբերվում, քանի որ չգիտեն՝ հայն ինչ է։
– «Հենց այսպես էլ ապրում ենք»՝ քո երգը շատ սիրվեց, իսկ Երեւանի մասին նոր երգ գրել չե՞ս պատրաստվում։
– «Հենց այսպես էլ ապրում ենք» երգն իրականում երգ չէ, այլ էշություն է։ Դա շատ պարզ ու ցանկացած խավի համար մատչելի երգ է, այդ երգը լսում են եւ պրեզիդենտը, եւ տաքսիստը, եւ գիտնականը, եւ հավաքարարը, բայց երգը որպես երաժշտական արժեք` իրենից ոչինչ չի ներկայացնում։ Ուղղակի, այդ երգը թիրախի ուղիղ կենտրոնին դիպավ։ Իսկ նոր երգեր ինքս ինձանից ես էլ եմ սպասում։ Երբեք չես կարող ասել, թե երգը երբ կծնվի ու ինչ տեսքի կլինի։ Երգը ինքն է գալիս։
– Ակումբներում շատ ես երգում։ Իսկ որոշ երգիչներ համարում են, որ դա վարկաբեկում է երգչին։
– Ակումբային համերգները ես շատ եմ սիրում։ Այդտեղ մի տեսակ կոմպակտ, մտերմիկ ու տաք է։ Գրեթե բոլոր համաշխարհային աստղերը՝ Սթիվի Ուանդերը, Ջեյմս Բրաունը (ողորմի իրեն) անցել են ակումբների «շկոլան» եւ փառքի գագաթնակետին հասնելով էլ շարունակել են ակումբներում երգել։ «Բիթլզն» էլ է ակումբում «Բիթլզ» դարձել։ «Էլեֆանտ» ակումբն իրենք երբեք չեն մոռացել։ Երեւանում կան որոշ քաղքենի մարդիկ, որոնք ասում են՝ ակումբում չեմ երգի, բայց ինձ ակումբային իրավիճակը շատ է դուր գալիս։
– Երբ հեռանում ես, պե՞տք է անվերադարձ «այրել կամուրջները»։
– Միշտ էլ ետ ես գալիս ու վերադառնում ես, հարցը միայն հարմար պահի ու ժամանակի մեջ է։ Միեւնույն է, ետ ես գալու, նույնիսկ, եթե «այրես» բոլոր կամուրջները։ Կասեմ մի բան՝ երբ մարդը թողնում-գնում է Երեւանից ու չի էլ մտածում վերադառնալու մասին, ավելի լավ է Երեւանի համար։ Չի ուզում` թող չգա, ուրեմն նա այստեղ պետք չէ։
– Իսկ անզորության պահեր զգացե՞լ ես, ցանկացե՞լ ես մի լավ բան անել, բայց զգացել ես, որ ոտքերդ ու ձեռքերդ կապանքների մեջ են։
– Նման պահեր շատ են եղել ու երեւի լինելու են։ Անզորությունը հիմնականում արվեստի ոլորտի հետ է կապված, բայց այդ թեմայով կարող են խոսել նաեւ բժիշկները, գիտնականները ու էլի շատ-շատ մարդիկ։ Ընդհանուր մի խնդիր կա, որը վերեւներից է գալիս, ինչպես ասում են՝ «ձուկը գլխից է փտում»։
– Կարծում եմ, որ հիմա երգերը «գլխով» են գրվում, եւ այդ երգերն էմոցիաներ են արթնացնում։
– Ես կասեմ, որ երգերը ոչ թե «գլխով», այլ՝ «հետույքով» են գրվում։ Հիմա ողջ աշխարհն է խեղդվում այդ «հետույքային» երգերի ու համատարած աղբի մեջ։ Փորձիր մեկ օր MTV լսել ու կտեսնես, որ որակ, արվեստ ու արժեք ներկայացնող երգերը կարելի է մատների վրա հաշվել։ Իսկ մասշտաբով շատ փոքր Հայաստանի մեջ այդ աղբն ավելի լավ է երեւում։ Չեմ ասում, որ ես լավ երգիչ եմ ու լավ երգեր ունեմ, բայց մի երկու ծուռ-շիտակ երգ եմ գրել, հիմա էլ երգում եմ ու շատ լավ գիտեմ այդ դաշտը։ Վերջին տեսահոլովակը երկու տարի առաջ են նկարահանել, ինձ երկու տարի էր հարկավոր, որպեսզի կարողանամ հաջորդ հոլովակի կամար միջոցներ գտնել, բայց արի ու տես, որ հիմա ամեն մեկը տարին մի քանի տեսահոլովակ է նկարահանում, երգ է երգում ու երգ է գրում։ Այն երգիչները, ովքեր սեքսուալ փոքրամասնությունների շարքերին են դասվում կամ սեկտանտ են, շատ հեշտ են ամեն ինչի հասնում։
– Մնացածին խանգարո՞ւմ են։
– Փակում են ճանապարհները, հաճախ եթեր չեն տալիս։ Կարող են դեմքիդ ժպտալ, տակդ «փափուկ բարձ» դնել, բայց եթեր չեն տալիս։ Ես իմ մասին չեմ խոսում, հիմա բողոքելու տեղ չունեմ, իմ վիճակը բավականին բարվոք է, բայց ընդհանուր այդ պրոբլեմը կա։
– Սկսնակ երգիչն ինչպե՞ս կարող է մտնել այդ դաշտ, եթե արվամոլ կամ սեկտանտ չէ։
– Պետք է շատ տաղանդավոր լինի ու շատ փող ունենա։ Ես միշտ կողմ եմ եղել գեղարվեստական խորհուրդների ստեղծմանը։ Մենք շատ լավ մասնագետներ ունենք, որոնք ունակ են փողոցի այլանդակ լեզուն արգելել ու կարող են կարգավորել բոլոր հեռուստաալիքների աշխատանքը, անել այնպես, որ անգրագետ հաղորդումները, լեզվական արատներ ունեցող հաղորդավարները, «քուչի» լեզվով խոսող մարդիկ իրավունք չունենան եթեր դուրս գալ։ Մեր հեռուստատեսության «տունը քանդեց» ՈՒՀԱ-ն, որն ինքնագործունեությունը պրոֆեսիա սարքեց։ Հիմա մի երկու ծուռ նոտա գրած յուրաքանչյուր մարդ իրեն իրավունք է վերապահում հեռուստատեսությամբ հարցազրույց տալ ու իր անվան տակ էլ գրում է՝ «կոմպոզիտոր»։ Նույնիսկ Կոմիտասն իրեն կոմպոզիտոր չի համարել։ Իմ ուղեղը ուղղակի ճաքում է դրանից, իսկ երբ նրա գրած երգը լսում ես, մազերդ թափվում են։
– Իսկ այդ գեղխորհուրդն ինչպե՞ս պիտի աշխատի, եթե ալիքները հիմնականում մասնավոր են։
– Փողոցում օղի վաճառողն էլ է մասնավոր անձ, բայց ենթարկվում է, չէ՞, օղին առանց ակցիզի չվաճառելու օրենքին։ Նույնն էլ պետք է լինի հեռուստատեսության, թատրոնների ու կինոյի ոլորտում։ Հիմա բոլորին թվում է, որ եթե թատրոնի բեմից հայհոյում են, ուրեմն դա լավ է, ծիծաղելի է։
– Իսկ դու կյանքում շա՞տ ես խաղում։ Համաձա՞յն ես, որ մարդուն տարբեր դիմակներ են պետք։
– Կարծում եմ` ճիշտ հակառակն է, դիմակները պետք չեն։ Դիմակից ամեն ինչ ավելի է խառնվում։ Դիմակն ամենաշատը տարածված է Բրազիլիայում, որտեղ անսահման անկարգություն կա։ Բրազիլացիները դիմակներ են հագնում, անում են՝ ինչ ուզում են, իսկ ինը ամիս հետո մեկ միլիոն անտուն-անտեր երեխա է ծնվում, որոնք ոչ գիտեն՝ ո՞վ է իրենց հայրը, ոչ էլ գիտեն՝ ո՞վ է իրենց մայրը։