ՀՀ Մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Հասմիկ Պողոսյանն ամփոփեց մշակութային տարին ու նշեց, որ նախարարության գերակա նպատակը պետք է լինի ոչ միայն մշակութային ժառանգության պահպանումը, այլեւ` զարգացումը: Իսկ զարգանալու համար նախ պետք է մանրամասն ուսումնասիրվի մշակութային դաշտն ու մշակվի զարգացման մոդելը: Նախարարը, ով արդեն յոթամսյա պաշտոնավարման ժամկետ ունի, ցանկանում է մշակել զարգացման այնպիսի մոդել ու մշակութային այնպիսի քաղաքականություն, որը կախված չի լինի նախարարների անձերից ու նրանց ետեւում կանգնած քաղաքական ուժերի ընթացքից: Նախարարությունը մոնիտորինգային ծրագիր է հայտարարել «բոլոր մշակութային հաստատությունների վերաբերյալ», որպեսզի հասկանալի դառնա` ի՞նչ ունենք եւ ի՞նչ պետք է ունենանք, բայց դեռեւս չունենք: «Մշակութային միջավայր», «մշակութային միասնական դաշտ» ստեղծելու համար նախարարությունը ցանկանում է ապակենտրոնացնել մշակույթն ու մայրաքաղաքից դեպի մարզեր տեղափոխել: «Առանց մարզերում մշակույթը զարգացնելու մենք չենք կարողանա Հայաստանում ստեղծել միասնական մշակութային դաշտ»,- ասաց նախարարը: «Ակունքներից հեռանալը» նա շատ վտանգավոր է համարում եւ ցանկանում է հավասարապես զարգացած հասարակություն տեսնել: Նաեւ ավելի իմաստալի ու արդիական դարձնել պետպատվերների դերը: «Մինչեւ այսօր քաղաքականությունը վարից վեր էր թելադրվում, հիմա հակառակն է արվելու: Այսուհետ պետք է ասենք` թե ի՞նչ թեմա ենք ուզում, ի՞նչ բեմադրություն ու ֆիլմ ենք ուզում, ի՞նչ գիրք է պետությունն ուզում հրատարակել»,- ասաց Հ. Պողոսյանը, ով շատ մարտականորեն ու պատրաստված էր մոտեցել այս տարվա վերջին ասուլիսին` ներկայացնելով այս եւ հաջորդ տարվա պետության աջակցությունը ստացած ու ստացող բեմադրությունների, ֆիլմերի, հոբելյանների ու գրքերի ցանկը: Նախարարն ասաց, որ այս տարվա պետպատվերի ցանկի վրա անձամբ չի հասցրել ազդել, բայց հետագայում պետք է անի այնպես, որ պետության կողմից արված պատվերը թարմ, արդիական ներկայացումների, ֆիլմերի ու վեպերի վերածվի: Իսկ երիտասարդ արվեստագետների համար ստեղծագործելու ավելի մեծ դաշտ է բացվելու, քանի որ սխալների ու էքսպերիմենտների շնորհիվ են ծնվում եզակի արվեստի գործերը: «Թող երկուսը կայանան, հինգը` սխալվեն: Բայց պետք է նրանց այդ հնարավորությունը տանք, այլապես դատապարտված ենք»,- ասաց նա:
Իսկ նախարարության կողմից իրականացվող ավելի կոնկրետ նախագծերից են լինելու «Հ1» հանրային հեռուսատաալիքով հեռարձակվող թանգարանների մասին պատմող հաղորդաշարն ու նոր «Մշակույթ» շաբաթաթերթի ծնունդը, որն, ըստ նախարարի` լայն ընթերցողների համար չի լինի, բայց քննարկումների ու բանավեճերի դաշտ կդառնա: