Սկսվել է 2006թ. վերջին շաբաթը: Ճիշտ ժամանակն է հետադարձ հայացք ձգել անցնող տարվա վրա եւ մատնանշել այն իրադարձությունները, որոնք պատմական եղան աշխարհի եւ միջազգային հարաբերությունների համար, իհարկե, մեր տեսանկյունից: Սկսենք հաջորդականորեն:
Նախ` սրացման գագաթնակետին հասավ իրավիճակը Մերձավոր Արեւելքում, երբ միջազգային դիտորդների կողմից «արդար եւ ազատ» որակված Պաղեստինի օրենսդիր մարմնի ընտրություններում հաղթանակ տարավ ծայրահեղական «Համաս» խմբավորումը, որից հետո խաղաղ գործընթացը արաբա-իսրայելական թատերաբեմում հայտնվեց «կոմայի մեջ»` Ա.Շարոնի հետ միասին: Մարտի վերջերին Իսրայելում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տարավ Ա.Շարոնի նորաստեղծ «Քադիմա» կուսակցությունը, սակայն առանց «երկաթյա» առաջնորդի մասնակցության: Իսրայելա-պաղեստինյան երկուստեք հնչեցվող մեղադրանքները թույլ չտվեցին «վերակենդանացնել» խաղաղ բանակցությունները, քանի որ եւ՛ «Համաս»-ի, եւ՛ Է.Օլմերտի կառավարությունները չեն ճանաչում միմյանց գոյություն ունենալու իրավունքը: Ընդհանուր լարվածության աճին ընդառաջ հուլիս-օգոստոս ամիսներին, 34 օր շարունակ, իսրայելական բանակը պատերազմ վարեց Հվ.Լիբանանում` Հըզբոլլահ խմբավորման դեմ: Սակայն պատմության մեջ թերեւս առաջին անգամ Իսրայելը խայտառակ պարտություն կրեց. սպանվեցին շուրջ 1000 խաղաղ լիբանանցիներ, ՑԱԽԱԼ-ն ունենացավ ռազմական տեխնիկայի եւ զինվորականների ավելի մեծ թվով զոհեր, քան հակառակորդը: Առաջին անգամ նաեւ միջազգային հանրությունը, իհարկե, բացառությամբ ԱՄՆ կառավարող շրջանակների, չսատարեց Իսրայելին, որի գործողություններին դեմ արտահայտվեց նույնիսկ տարածաշրջանում միակ դաշնակից Թուրքիան: ՄԱԿ-ի ԱԽ 1701 բանաձեւը բավականին կոշտ որակումներ տվեց Իսրայելի գործողություններին:
Լիբանանյան 2-րդ պատերազմը համընկավ Սանկտ Պետերբուրգում «Մեծ ութնյակի» գագաթաժողովի հետ, որը նույնպես, մեծ հաշվով, ավարտվեց առանց լուրջ ձեռքբերումների, իսկ քննարկումներից մեկի ընթացքում չանջատված բարձրախոսը աշխարհին «մանրամասնեց», թե ինչպես են ընդունվում որոշումները նման բարձրակարգ գագաթաժողովներում: Միակ արդյունքը, որ արձանագրվեց գագաթաժողովի ավարտին, եղավ Մոսկվայի երբեմնի կայսերական դիրքերի վերականգնման փաստի ճանաչումն աշխարհի մյուս հզորների կողմից: «Էներգետիկ անվտանգության» ապահովման խնդիրը 2006թ. վերջնականորեն դարձավ միջազգային անվտանգության կարեւորագույն բաղադրիչ, իսկ դրա համատեքստում Ռուսաստանը ձեռք բերեց հավելյալ նշանակալից խաղաքարտ արտաքին աշխարհի, հատկապես, ԵՄ-ի հետ բանակցություններում:
Միջազգային հարաբերությունների ներկայիս իրականության վերանայման հստակ ազդակներ հանդիսացան «ասիական վագրերի» հետ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի կողմից երկարաժամկետ ռազմավարական պայմանագրերի կնքումը, ընդ որում, ԱՄՆ-Հնդկաստան «ատոմային» պայմանագրերն ի զորու են սպառազինությունների նոր մրցավազք հրահրել տարածաշրջանում` Չինաստանի եւ Պակիստանի հետ: Նույնը կարելի է փաստել Չինաստան-Ռուսաստան դաշինքի վերաբերյալ: Ինչպես նշեց բրիտանական «The Financial Times» պարբերականը, «1950-ականների «մեղրամսից» ի վեր Մոսկվան ու Պեկինը չէին ունեցել շահերի նման ակներեւ համընկնում»: Հունիսի կեսերին կայացած Շանհայյան համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) 5-րդ հոբելյանական գագաթաժողովը նույնպես պետք է առանձնացնել, որպես ուրվագծվող նոր աշխարհակարգի ապագա հնարավոր բեւեռներից մեկի հայտնվելը, որում, անկասկած, գերակշիռ դերակատարում ունեն նույն Ռուսաստանն ու Չինաստանը (Իրականում, սակայն, այս դաշինքը դեռեւս չունի երկկողմ լուրջ «տնտեսական հիմնավորում»):
Մերձավորարեւելյան տարածաշրջանի մյուս հակամարտությունների օջախներում նույնպես շարունակվեց իրավիճակի սրացումը: Իրաքում դաշնակից ուժերի կորուստները ստիպեցին որոշ երկրների դուրս բերել իրենց զորամիավորումները, մի քանի երկիր էլ հայտարարեց իր զինուժի թվաքանակի զգալի կրճատման մասին: Օրեցօր շարունակում են աճել ոչ միայն դաշնակիցների մարդկային կորուստները եւ ահաբեկչական գործողություններին զոհ գնացած խաղաղ բնակչության թիվը, այլ նաեւ էթնոկրոնական հիմքի վրա Իրաքի մասնատման վտանգը` երկրում ծայր առած քաղաքացիական պատերազմի արդյունքում: Գլխավորապես այս պատճառով ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում, վերջապես, հաղթանակ տարան դեմոկրատները:
Աշխարհում, թերեւս, ամենակարեւոր իրադարձություններն ընթանում էին միջուկային զենքի չտարածման ռեժիմի խախտման վտանգի շուրջ: Իրանի եւ Հս.Կորեայի միջուկային նկրտումներն աշխարհին ստիպեցին նոր մոտեցումներ որոնել միջազգային հարաբերություններում ստատուս-քվոյի բռնի փոփոխմանը դիմագրավելու համար: Պարզվեց, որ XX-րդ դարի միջազգային անվտանգության ապահովման «դափնեպսակ» հանդիսացող Միջուկային զենքի չտարածման պայմանագիրը (1968թ.) եւ չտարածման ռեժիմի ապահովման մյուս գործիքները` հանձինս ՄԱԳԱՏԷ-ի, այլեւս ի զորու չեն պատասխանելու նոր մարտահրավերներին: Հատկապես Իրանի պարագայում Մ.Ահմադինեջադի հայտարարություններն ԱՄՆ գլխավորած աշխարհակարգի վերաբերյալ առաջ բերեցին մեկ այլ հարթություն` բարոյականը: Ընդհանրապես, Մ.Ահմադինեջադի կողմից առաջ քաշված հարցադրումները, մասնավորապես` ԱՄՆ նախագահ Ջ.Բուշ-կրտսերին եւ Գերմանիայի կանցլեր Ա.Մերկելին ուղղված նամակները, առաջացրեցին նոր հարցեր, որոնք դեռ չեն ստացել իրենց պատասխանը: Ընդ որում, դրանք կիսում են նաեւ «երրորդ աշխարհի» գրեթե բոլոր երկրները: Խնդրի «հռետորական» մասին զուգահեռ իրականացվեցին նաեւ իրական քայլեր: Մասնավորապես, 1 օր ուշացումով, հուլիսի 5-ին, Հս.Կորեան «շնորհավորեց» ԱՄՆ Անկախության տոնը` իրականացնելով բալիստիկ հրթիռների հաջող փորձարկում, իսկ հոկտեմբերին իրականացված միջուկային փորձարկումն ավարտեց այդ «հաղթարշավը»: Բնականաբար, ՄԱԿ-ի ԱԽ-ն արձագանքեց «սովորական» բանաձեւով, իսկ օրերս Պեկինում ավարտված վեցակողմ բանակցությունների հերթական փուլը կրկին ավարտվեց ապարդյուն: Իրանի պարագայում թեեւ նման «առաջընթաց» դեռեւս չկա, բայց օգոստոս-սեպտեմբեր ամիսներին անցկացվեցին 2 լայնամասշտաբ զորավարժություններ, «Վեցնյակի» հետ բանակցությունները չբերեցին որեւէ արդյունքի (քանի որ ԱՄՆ-ի պնդմամբ դրանք դադարեցվեցին), իսկ դեկտեմբերի 23-ին ՄԱԿ-ի ԱԽ-ն ընդունեց բանաձեւ, որում, հյուսիսկորեականի նմանությամբ, չխոսվեց գործնական քայլերի մասին: Իսկ Մ.Ահմադինեջադն այդ բանաձեւն անվանեց հասարակ «պատռված թղթի կտոր»: Ցավոք, դատելով նախադեպերից, պետք է համաձայնել Իրանի նախագահի հետ, եւ ընդհանրապես, նրա շատ ու շատ հայտարարությունների հետ: Վերջերս ԱՄՆ Կոնգրեսը հանձնարարել էր նախագահ Ջ.Բուշին` ներկայացնել զեկույց` Իրանի դեմ պատերազմի հնարավորությունների եւ հետեւանքների մասին: Գոյություն ունի նաեւ տեսական հնարավորություն Իսրայելի կողմից Իրանի դեմ օդային հարվածներ հասցնելու համար: Սակայն դատելով Իրաքում ստեղծված իրավիճակից եւ Լիբանանի դեմ վերջին գործողություններից, թե՛ ԱՄՆ-ը եւ թե՛ Իսրայելը նման քայլի գնալու հնարավորություն ուղղակի չունեն: Ավելին, ամերիկահնդկական «միջուկային» պայմանագիրը եւ Է.Օլմերտի հայտարարությունը, թե իր երկիրը տիրապետում է միջուկային զինանոցի, ստիպեցին Իրանին եւս մեկ անգամ խոսել Վաշինգտոնի «ապակառուցողական միջազգային քաղաքականության մասին», փաստելով, որ չտարածման ռեժիմի խախտման իրավունք ունեն միայն ԱՄՆ բարեկամները:
Այսպիսով, կարելի է փաստել, որ հյուսիսկորեական հրթիռը ստիպեց աշխարհին վերանայել միջազգային հարաբերությունների հետպոտսդամյան համակարգի անկյունաքարային դրույթները, բայց «վերստուգման» աշխատանքները դեռ ընթանում են, դատելով ընթացիկ իրադարձություններից, ոչ այնքան արդյունավետ:
Մեր տարածաշրջանում նույնպես տարին հարուստ էր իրադարձություններով: Առաջին հերթին պետք է նշել վրաց-ռուսական հարաբերությունների աննախադեպ սրացումը, Հվ.Օսիայում կայացած անկախության հանրաքվեն (հանրաքվե անցկացվեց նաեւ Մերձդնեստրում, իսկ Կոսովոյի կարգավիճակի շուրջ բանակցությունները տապալվեցին) եւ ԲԹՋ նավթամուղը, որով, նավթի հետ միախառնված, հոսում է ամեն ինչ` աշխարհաքաղաքականություն, 1 միլիարդանոց ռազմական բյուջե եւ այլն, եւ այլնգ Թուրքիա-ԵՄ բանակցությունները, մտնելով «իրական» փուլ, Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից Հայոց ցեղասպանության իրողության մերժումը քրեականացնելուն զուգահեռ, մասամբ սառեցվեցին:
Արցախյան հիմնահարցի շուրջ իրադարձությունների պակաս նույնպես չզգացվեց: Երկու երկրների նախագահները հանդիպեցին նախ` Ռամբույեում, ապա` Բուխարեստում, հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մոտ որոշ ժամանակով «հատվեց երեւակայության սահմանը», ապա երրորդ հանդիպումը տեղի ունեցավ ԱՊՀ շրջանակներում` Մինսկում: Թերեւս ԼՂ հիմնահարցի շուրջ բոլոր իրադարձություններից հարկ է առանձնացնել Սահմանադրության հանրաքվեն, որով ԼՂՀ ժողովուրդը դե ֆակտո եւս մեկ անգամ «ԱՅՈ» ասաց անկախությանը: Մինսկի հանդիպումից հետո հայտարարվեց բանակցային գործընթացում «ընդմիջման» մասին` գալիք խորհրդարանական ընտրությունների համատեքստում ինչ-ինչ շահարկումներից խուսափելու համար: Ըստ էության` ոչ մի նշանակալից առաջընթաց:
Մեր կարծիքով` սրանք էին 2006թ. կարեւորագույն իրադարձությունները, իսկ թե որո՞նք տեղ կգտնեն պատմության դասագրքերում` ցույց կտա 2007 թվականը: