Հերթական զեկույցին սպասելիս

07/05/2005 Գառնիկ ԳԵՎՈՐՅԱՆ

Անցած շաբաթվա կարեւորագույն իրադարձություններից մեկը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում կազմավորված փաստահավաք խմբի այցն էր Լեռնային Ղարաբաղի վերահսկողության տակ գտնվող ազատագրված 7 շրջաններ: Փաստահավաք խմբի կազմում, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից բացի, ներգրավված էին եվրոպական մի շարք երկրների ներկայացուցիչներ, իսկ խումբը գլխավորում էր գերմանացի դիվանագետ Էմիլի Հաբերը: Փաստահավաքներն իրենց աշխատանքներն ավարտելուց հետո Ստեփանակերտում հանդիպել են Ադրբեջանից գաղթած փախստականների հետ, իսկ Երեւան վերադառնալուց հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասյեն ու ռուսաստանցի Յուրի Մերզլյակովը հանդիպել են արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ, որով էլ ավարտվել է նրանց առաքելությունը:

Թե ի՞նչ արդյունքներով են փաստահավաք խմբի ներկայացուցիչները հեռանում ազատագրված տարածքներից, եւ ինչպիսի՞ն կլինեն դիտարկումների հիման վրա արված եզրակացությունները, նրանց արած սակավաթիվ հայտարարություններից դժվար է ենթադրել: Ստեփանակերտում փախստականների հետ կայացած հանդիպման ժամանակ համանախագահներն ու փաստահավաք խմբի մյուս անդամները խոսել են հիմնականում փախստականներին առնչվող հարցերի մասին: Մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովը հայտարարել է, թե իր համար դժվար է պատկերացնել, թե ինչպես կարող են ներկայիս պայմաններում հայ փախստականները վերադառնալ Ադրբեջան, կամ ադրբեջանցիները՝ Հայաստան: Իհարկե, այստեղ կարելի է նաեւ որոշակի ակնարկ տեսնել, այսինքն՝ փախստականների բնակեցումն ազատագրված տարածքներում ավելի հեշտ խնդիր է, քան նրանց վերադարձը Հայաստան կամ Ադրբեջան: Բացի այդ, փաստահավաք խմբի անդամները մի քանի անգամ հայտարարել են, թե իրենք շատ գոհ են Լեռնային Ղարաբաղի իշխանություններից` առաքելության ժամանակ իրենց ցուցաբերած աջակցության համար: Մի խոսքով, փաստահավաք խմբի առաքելությունը՝ արտաքին դրսեւորումներով, շատ «բարի» էր. փաստահավաքները եկան, այցելեցին ազատագրված տարածքներ, «հաշվառեցին» այնտեղի բնակչությանը, գնացին: Հենց սկզբից նրանք հայտարարել էին, որ առաքելությունը կրելու է տեխնիկական բնույթ, եւ հավատարիմ մնացին այդ սկզբունքին: Զուտ տեխնիկական աշխատանքներ եւ ոչ մի քաղաքական հայտարարություն:

Սակայն դժվար է ասել, թե ինչպիսի հետեւանքներ կարող է ունենալ այս տեխնիկական առաքելության արդյունքում պատրաստվելիք զեկույցը, որի վրա առաջիկա ամիսներին պետք է աշխատի փաստահավաք խումբը: Այդ զեկույցը ներկայացվելու է Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի հունիսյան նստաշրջանում: Իսկ ինչպես հայտնի է, այդ կառույցում քննարկվող հարցերն ու դրանց արդյունքում ընդունվող որոշումներն ունենում են քաղաքական հետեւանքներ՝ որքան էլ մեր իշխանությունները հայտարարեն, թե նման որոշումներն ունեն խորհրդատվական բնույթ եւ չեն կարող ազդել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ընթացքի վրա:

Բացի այդ, կարեւոր է հաշվի առնել, թե ինչ իրադարձություններ նախորդեցին փաստահավաք խմբի առաքելությանը եւ ինչպիսի մթնոլորտում տեղի ունեցավ նրանց այցը: Նախ` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում նման առաքելության ձեւավորումը տեղի ունեցավ ադրբեջանական կողմի առաջարկությամբ: Այսինքն՝ ԵԱՀԿ-ն ընդունեց Ադրբեջանի այն մեղադրանքները, թե ազատագրված տարածքներում հայկական կողմից վերաբնակեցման քաղաքականություն է իրականացնում, եւ այցելեց այդ տարածքներ՝ տեղում ստուգելու՝ դա համապատասխանո՞ւմ է իրականությանը, թե՞ ոչ: Ընդ որում, փաստահավաքներն ազատագրված տարածքներ այցելեցին ադրբեջանական իշխանությունների տրամադրած համապատասխան փաստաթղթերով եւ արբանյակային նկարահանումների լուսանկարներով, այսինքն՝ կրկին հիմք ընդունելով ադրբեջանական փաստարկները: Մինչդեռ, այս կառույցը դեռեւս որեւէ կերպ չի արձագանքում Հայաստանի առաջարկին՝ նմանատիպ առաքելություն իրականացնել Շահումյանի, Գետաշենի եւ Մարտակերտի հյուսիսային շրջաններում:

Իսկ փաստահավաք խմբի այցելությանը, ինչպես հայտնի է, նախորդել էր ԵԽ ԽՎ-ում Դեյվիդ Ատկինսոնի զեկույցը, որում նշված էր այդ տարածքների` Հայաստանի կողմից գրավված լինելու մասին: Այդ փաստաթղթում Ատկինսոնն անդրադառնում էր նաեւ էթնիկ զտումների խնդրին, եւ դրանից հետո ԵԱՀԿ փաստահավաք խմբի այցելությունը ազատագրված տարածքներ, մեղմ ասած, պետք է մտահոգիչ լինի հայկական կողմի համար: Բացառված չէ, որ փաստահավաքների առաջիկայում պատրաստվելիք զեկույցում նույնպես տեղ գտնեն նման ձեւակերպումներ: