Ամերիկյան մեսիջ

27/12/2006

Նախընտրական շրջանում քաղաքական ուժերի կողմից աստիճանաբար գործի են դրվում նախընտրական PR-ի գրեթե բոլոր մեթոդներն ու գործիքները: Հայաստանյան հասարակության վրա մեծ ազդեցություն գործող ռեսուրսներին է ավանդաբար դասվում օտարերկրյա մամուլում հարցազրույցներ կամ առավել եւս՝ հոդվածներ հրապարակելը: Մեզանում դա շատ դեպքերում ընկալվում է որպես ազդանշան առ այն, որ հոդվածագիրը կամ հարցազրույց տված քաղաքական գործիչը վայելում է այս կամ այն ազդեցիկ երկրի համակրանքը: Եվ զարմանալի չէ, որ վերջին մի քանի ամիսների ընթացքում հարցազրույցներ եւ հոդվածներ եղան ռուսական եւ եվրոպական ազդեցիկ եւ ոչ այնքան ազդեցիկ պարբերականներում: Օրերս մեծ ազդեցություն ունեցող ամերիկյան «World Steet journal» ամսագրում Սերժ Սարգսյանի հեղինակությամբ հրապարակած հոդվածը հայաստանյան քաղաքական դաշտում նախ եւ առաջ ընկալեցին հենց այս տեսանկյունից: Այսինքն՝ որ հոդվածի հրապարակմամբ իսկ ամերիկացիներն իրենց վերաբերմունքն են արտահայտում առաջիկա համապետական ընտրություններում Ս.Սարգսյանի թեկնածության հանդեպ: Հատկանշական է, որ հոդվածը հիմնականում առնչվում էր ամերիկյան ընթերցողին եւ իսթեբլիշմենթին ամենից շատ հետաքրքրող հարցերից մեկին՝ հայ-թուրքական հարաբերություններին: