Խաչատրյանը փոշմանել է

27/12/2006 Ռաֆայել ԹԵՅՄՈՒՐԱԶՅԱՆ

«Սահմանադրական իրավունք միություն» (ՍԻՄ) կուսակցությունում ներքին խմորումները չեն դադարում: Հիշեցնենք, որ ամեն ինչ ի հայտ եկավ ամիսներ առաջ տեղի ունեցած ՍԻՄ-ի համագումարի ժամանակ, երբ կուսակցությունում հեղաշրջում տեղի ունեցավ:

Սրանից հետո ՍԻՄ հիմնադիր նախագահ Հրանտ Խաչատրյանը հայտարարեց, թե հեռանում է քաղաքականությունից: Այժմ ՍԻՄ-ի խաչատրյանական ու բաբուխանյանական թեւերը հարցը վիճարկում են դատարանում. ՍԻՄ-ի խաչատրյանական թեւը դատարանում վիճարկում է ՍԻՄ-ի ղեկավար մարմնի վերջին կազմի ընտրության օրինականությունը: Ուշագրավ է, որ այս պատմության մեջ երկու կողմերն էլ միմյանց մեղադրում են «իշխանությունների մարդը» լինելու մեջ: Երեկ «Ուրբաթ» ակումբում Հ. Խաչատրյանի կողմնակիցներից Կարեն Վարդանյանը կարծիք հայտնեց, թե ՍԻՄ-ի բաժանումը ոչ թե կուսակցության, այլ ամբողջ հասարակության խնդիրն է, եւ նույնիսկ պետությունը պետք է մտահոգվի տեղի ունեցածով ու հետաքննի եղելությունը: Կ. Վարդանյանը նշեց նաեւ, թե կասկածներ կան, որ կուսակցությունը «դրսից են քանդել»: Քանդողների կոնկրետ անուններ նա չնշեց, սակայն ասաց, թե ենթադրություններ կան, որոնք մանրամասն քննության կարիք ունեն: «Միանշանակ է, որ եղան ուժեր, որոնք օգտվեցին դրանից: Խնդիրը ՍԻՄ-ի խնդիրը չէ: Սա հասարակական խնդիր է, եւ մեզ համար էլ կարեւոր է, որ բացահայտվեն մեխանիզմներ, որովհետեւ մեզ համար էլ ակնհայտ է, որ այդ մեխանիզմներում կան քրեական տարրեր»,- նշեց Կ. Վարդանյանը: Նրա խոսքերից կարելի էր եզրակացնել, որ դատարանը հակված չէ ամեն ինչ բացահայտել: Սակայն առայժմ դատավորին բացարկ հայտնել չեն պատրաստվում: «Ես չեմ ուզում կանխորոշել դատարանի որոշումը, վաղը կերեւա: Եթե առկա է պատվեր, ապա դա կապ չունի դատավորի անձի հետ: Դատական նիստը ցույց կտա` երեւույթն առկա՞ է, թե՞ ոչ»,- նշեց նա: Կ. Վարդանյանը հայտարարեց նաեւ, թե եթե առաջին ատյանի դատարանում խնդիրը չլուծվի, պատրաստ են անցնել բոլոր դատական ատյանները: Սակայն Եվրոպական դատարան չեն գնա, քանզի, ըստ նրանց, «մեր խնդիրը ներսում չլուծելու դեպքում դրսում չի լուծվի»: Մյուս կողմից էլ՝ Կ. Վարդանյանի խոսքերով՝ խնդիրները միայն դատական կարգով չէ, որ լուծվում են: Նա նկատի ունի, որ խնդրի լուծում կարող է լինել նաեւ հասարակության իրազեկումը: Իսկ ՍԻՄ-ի խաչատրյանական թեւի դատարան դիմելը նշանակո՞ւմ է արդյոք, որ Հ. Խաչատրյանը փոշմանել է, որ հայտարարել է քաղաքականությունից հեռանալու մասին: Այս հարցին Կ. Վարդանյանը պատասխանեց. «Կա շոկի հասկացությունը: Համագումարին նախորդող օրերին եւ դրանից 20-25 օր հետո էլ այդ մարդը գտնվում էր շոկի մեջ: Իր մոտիկ ընկերն իրեն դավաճանել էր: Այսինքն՝ այն մարդը, ում ինքն աճեցրել էր, ում, ինքը ենթադրում էր, որ փոխարինող կլինի, այսինքն՝ գործ էր դրել, ջանք էր դրել այդ մարդու վրա: Ցանկացած երկու մարդ, որոնք իրար հետ մտերիմ են, եթե մեկը մյուսին դավաճանում է, դա միշտ շոկ է առաջացնում: Հո մեխանիզմ չե՞ն, ռոբոտ չե՞ն, տրակտոր չե՞ն»: Նրա կարծիքով՝ հենց այս շոկի արդյունք է, որ Հ. Խաչատրյանն ասաց, թե քաղաքականությունից հեռանում է: Ինչ վերաբերում է այն տեսակետներին, թե վերոնշյալ հարցով ավելի ճիշտ կլիներ դիմել Սահմանադրական դատարան, Կ. Վարդանյանը գտնում է, որ դա ՍԴ-ի գործը չէ: «Ղեկավար մարմինների քվեարկությունների խախտումների մասին է խոսքը: Սա ի՞նչ կապ ունի ՍԴ հետ: ՍԴ-ն լուրջ հարցեր է քննարկում: Նկատի ունեմ՝ գաղափարական իմաստով լուրջ»,- հայտարարեց նա: Վերջինս հասարակությունից «մտածել է սպասում»: «Այս ամբողջ պրոցեսն ի՞նչ է: Ինչ-որ երեւույթ է ցույց տալիս, չէ՞: Այդ երեւույթը պետք է որ փոխի մեր պատկերացումները մեր ապագայի վերաբերյալ: Երբ մարդու ուղեղում ինչ-որ բան փոխվում է, ապա իր թե՛ գործողություններն են փոխվում, թե՛ պահվածքն է փոխվում…: Ամեն ինչ այստեղից է սկսվում: Կոչ չենք անում: Ասում ենք` կփոխվի՝ կփոխվի: Չի՞ փոխվի, իր խնդիրն է: Մենք ասում ենք` ժողովուրդ, երեւույթ է կատարվել, ձեր ուշադրությունը գրավում ենք այդ երեւույթի վրա: Մենք Տիգրան Կարապետովիչը չենք, որ մարդկանց վրա կարողանանք այնպես ազդել, որ նրանց գիտակցությունն էլ փոխվի»: Իսկ վիճարկվող ընտրություններում տեղի ունեցող խախտումների մասով էլ Կ. Վարդանյանը նշեց, թե համագումարի պատվիրակների մեջ եղել են անչափահասներ, «Նոր Ժամանակներ» կուսակցության անդամներ եւ այլն: «Օրինակ, Թալինի կառույցում մարդկանց նույն համախումբը գնում է ՍԻՄ, ասում է` մենք ձեր համախոհներն ենք, մեզ ընդունեք անդամ՝ կազմակերպիչ Ժիրայր Մկրտչյան: Նրա որդին նույն ցուցակը վերցնում է, գնում է ՆԺԿ, ասում է` ես ձեր համախոհն եմ, սա` իմ ցուցակը, ես էլ ըստ էության կազմակերպիչն եմ: ՆԺԿ-ն տեղյակ չէր, որ դա կատարվում է: Մենք զգուշացրեցինք Արամ Կարապետյանին: Հետագայում ցուցակները ճշտվեցին եւ, մեր գնահատմամբ` համագումարին ներկա են եղել մոտ 50 հոգի, որոնք այդ օրվա դրությամբ եղել են ՆԺԿ անդամներ»,- նշեց նա՝ միաժամանակ կարծիք հայտնելով, թե դատի ժամանակ անցկացված հարցուպատասխանը դատավորին «լրիվ հիմքեր է տալիս» խնդիրը լուծել «ՍԻՄ-ում սահմանադրական կարգերը վերականգնելու շրջանակներում»՝ չեղյալ հայտարարելով ղեկավար մարմնի ընտրության արդյունքները: Երեկ մեզ հետ զրույցում ՆԺԿ ղեկավար Արամ Կարապետյանը նշեց, թե «ուղղակի նայելով» տեսել են, որ 51 ազգանուն համընկնում է: «Ճշտումներ են լինում: Բայց մենք մեր Թալինի ամբողջ գրասենյակը փակել ենք, նորն ենք բացել: Ուղղակի նայելով ազգանունները` տեսանք, որ 51 ազգանուն համընկնում է: Իսկապես այդպիսի խոսակցություն եղել է իմ եւ Հրանտ Խաչատրյանի միջեւ: Բայց իրենց հիմնական գրությանը ես դեռ չեմ պատասխանել, որովհետեւ դեռ շատ բաներ պետք է ճշտվի: Որովհետեւ ազգանունը կարող է համընկնել, բայց դրանք տարբեր մարդիկ լինեն: Բայց որ առաջին հայացքից նայված ցուցակի մեջ 51 հոգի համընկել են ազգանուններով, ես հավաստում եմ, որ դա այդպես է եղել, եւ բանավոր ես դա իրենց ասել եմ»,- նշեց Ա. Կարապետյանը: