Նախագահ Քոչարյանը մեկնել է կարճատեւ հանգստի: Լավ իմաստով: Ամենայն հավանականությամբ՝ Ծաղկաձորում դահուկ է քշում: Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը գտնվում է արտասահմանում: Նույնպես՝ լավ իմաստով: Բուժվում է եւ շուտով կվերադառնա Հայաստան: Իսկ ահա Արթուր Բաղդասարյանը գտնվում է Քուվեյթում: Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն՝ նրան այնտեղ շատ ջերմ են դիմավորել ոչ միայն արեւոտ եղանակի պատճառով, այլեւ՝ այն բանի շնորհիվ, որ արաբական աշխարհում հայերին սիրում են: Կարծում ենք, Հակոբ Հակոբյանի՝ Էմիրության արկածներից հետո Արթուր Բաղդասարյանի նկատմամբ եղել են ոչ միայն շատ ջերմ, այլեւ շատ ուշադիր: Ինչեւէ: Սերժ Սարգսյանը գտնվում է Իրանում: Եվ պատկերացրեք՝ դարձյալ լավ իմաստով: Մի խոսքով, ամենաբարձր պաշտոնյան մնացել է Տիգրան Թորոսյանը:
Սույն ազնվազարմ այրն, անշուշտ, փորձել է հենց առաջին օրը գործնականում կիրառել իր «դե ֆակտո» նախագահությունը եւ դիմել է աննախադեպ հուժկու քայլի. դիտողություն է արել ՄԱԿ խմբակցության պատգամավորին: Այս խմբակցությունը, սակայն, վշտից ինքնահրկիզվելու փոխարեն՝ դեմոնստրատիվ կերպով հեռացել է ԱԺ նիստերի դահլիճից՝ Տիգրան Թորոսյանին թողնելով շիվար ու մոլոր: Թե ինչի՞ կհանգեցնի այս առճակատումը՝ առայժմ դժվար է ասել, բայց փաստն այն է, որ խորհրդարանում ստորջրյա պրոցեսներ են տեղի ունենում: Նկատենք, որ սրան նախորդել էր տեւական լեզվակռիվը Տիգրան Թորոսյանի եւ Վահան Հովհաննիսյանի միջեւ՝ ԵԽ ԽՎ հայտնի բանաձեւի գնահատականների եւ հոտառության թեմաներով:
Իհարկե, լավ է, որ երկրի բարձրաստիճան պաշտոնյաներն իրենց թույլ են տալիս միաժամանակ բացակայել հանրապետությունից կամ մեկնել կարճատեւ հանգստի: Դա նշանակում է, որ երկրում վիճակը կայուն ու հանդարտ է: Եվ, իսկապես, նույնիսկ վերջին օրերի ամենաաղմկահարույց սպանությունն է տեղի ունեցել Հայաստանից դուրս: Ինչպես հայտնի է, ռուսաստանյան Տոլյատի քաղաքում սպանվել է Հայաստանի բիզնես-էլիտայի ներկայացուցիչներից մեկը՝ «Արմենիա-Լադա» ընկերության նախագահ Ռաֆայել Շահմուրադյանը: Նրան էր պատկանում ռուսական ավտոմեքենաների Հայաստան ներմուծելու մենաշնորհը: Հայտնի է նաեւ, որ անցյալ տարվա մայիսին Երեւանում նրա նկատմամբ մահափորձ էր իրականացվել, եւ նա դատախազությունում հայտարարել էր, թե կասկածում է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանին: Ինչեւէ: Սպանության նախաքննությունն իրականացնում են Ռուսաստանի իրավապահները: Իսկ դա նշանակում է, որ Հայաստանի իշխանությունները կարող են հանգիստ շարունակել բացակայել հանրապետությունից:
Այս երկու շաբաթվա դեպքերի շղթայում հետաքրքիր էր ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանի (Ճոյտի)՝ ԱՄ Էմիրություններում իր որդու եւ ընկերոջ հետ կատարած կոստյումների գողության դեպքը: Բա մարդ գողություն կանի, հետն էլ որդուն կտանի՞: Պատգամավորի մերձավորները նրա ձերբակալության հետ կապված տարբեր վարկածներ էին շրջանառության մեջ դրել՝ Ինտերպոլի, թյուրիմացությունների մասին: Բնականաբար, գողության փաստը թաքցնելու նպատակով: Հակոբ Հակոբյանի այս վարկածը միայն ծիծաղ առաջացրեց, քանի որ Ինտերպոլի ինտերնետային կայքով որոնվողների եւ լուսանկարներն են միշտ ներկայացվում, եւ հստակ նկարագրված են լինում տվյալ անձի բոյը, մազերի գույնը, անգամ՝ մարմնի վրա եղած «նակոլկաների» հստակ քարտեզը: Հայրենիք վերադարձած պատգամավորին խորհուրդ էին տվել ասուլիս տալ եւ միանգամից փակել այդ թեման: Այնինչ, ասուլիսից ոգեւորված Հ. Հակոբյանը չնկատեց էլ, թե ինչպես մի գողության փաստից արդարանալով, մեկ այլ՝ բանտի սենյակներից մեկից «խալիների» գողության մասին է պատմում. «Մեր բանտերից որ շատ լավն էին: Մերը ոնց որ պիոներական լագեր ըլնի: Ընդեղ կանդիցիաներ կար, տելեվիզր կար, թերթ կար, հոտ-մոտ չկար: Միակ վատ բանն էն էր, որ լուսամուտ չկար, չէինք իմանում՝ ցերեկ ա՞, թե՞ գիշեր: Բայց գետնի, մետլախի վրա էինք քնում: Ես էլ առաջի օրը տեսա՝ կողքի սենյակը սենց փոքր խալիներ կան: Բերի, քցի տակս, ադյալը քաշի վրես ու քնա: Մի երկու հատ էլ գիրք կար՝ դրի գլխիս տակ: Մեկ էլ դրանց ղըլը-բըլը լսա՝ ասի՝ ի՞նչ ա, արա, ի՞նչ եք ուզում: Պարզվավ՝ էդ իրանց աղոթքի շորերն ա՝ ոտների տակ քցելու համար»: Հակոբ Հակոբյանը ամբողջացրեց ոչ միայն հայ պատգամավորի կերպարի մասին հասարակության մեջ ձեւավորված պատկերացումները, այլեւ արդի հայ հարուստների աղքատությունը. ինչո՞ւ գողանալ, եթե կարելի է որեւէ բան գնելու հաճույքն ապրել:
Մարդկային փոխհարաբերությունները գնալով ավելի բռնի ու վայրենի դրսեւորումներ են ստանում: «Տէցի կռուգում» տեղի ունեցած փոխհրաձգության առնչությամբ պաշտոնական աղբյուրները շարունակում են լռել: Ոչ պաշտոնական տեղեկություններով՝ դեպքի վայրում հայտնաբերվել են մոտ երկու տասնյակ տեսակի հրազենային փամփուշտներ: Փոխհրաձգության պատճառների մասին կան մի քանի ոչ պաշտոնական վարկածներ. «գողական ռազբորկա»՝ գործարար Գագիկ Ծառուկյանի թիկնապահ Հրայր Հարությունյանի խմբի եւ Չարբախի հեղինակությունների միջեւ, երթուղային տաքսիների գծերի եւ կամ՝ օղու արտադրության կամ ներմուծման բիզնեսի հետ կապված «ռազբորկա»: Լրատվամիջոցներից մեկի հաղորդագրության համաձայն, Գ. Ծառուկյանն այդ օրերին արտասահմանում է եղել եւ, տեղեկանալով կատարվածի ու իր անունը շոշափելու մասին, պահանջել է, որ իրեն «այս կամ այն կերպ ծանոթ բոլորը, ովքեր մասնակցել են միջադեպին, ենթարկվեն պատասխանատվության, ներկայանան իրավապահ մարմիններին»:
«Տէցի կռուգում» պատահածից բացի, դեռեւս թարմ է «Համմեր» մակնիշի ավտոմեքենայի սարսափելի վթարը, որի մասին պաշտոնական աղբյուրները նույնպես լռում են: Վթարից զոհվածների՝ դեպքին ականատես հարազատների հավաստմամբ՝ «Համմերի» ղեկին կին է եղել, սակայն, չգիտես ինչու, հանկարծ մեղադրյալը տղամարդու տեսքով է ներկայացել:
Մինչ մեր երկրի բարձրաստիճան պաշտոնյաներն արձակուրդ են անցկացնում, բուժվում են եւ տուրիզմով են զբաղված, մինչ երկրում փոխհրաձգություններ ու վրաերթեր են լինում, «Նիգ-Ապարանը» Արագածի շուրջը մայիսի 28-ին իր նախաձեռնած շուրջպարի կազմակերպմամբ է միայն զբաղված: Որոշ գործարարներ մտահոգ են՝ ինչպե՞ս պետք է 5-10.000 մարդ ապահովեն շուրջպարի համար, որտեղի՞ց այդքան մարդ հավաքեն, որտեղի՞ց այդքան տրանսպորտ ճարեն: Կարելի է ենթադրել, որ «Նիգ-Ապարանի» պատվավոր նախագահ, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը երկրում կատարվող վերոնշյալ դեպքերից բացահայտելու ոչինչ չունի, իր համար ամեն ինչ պարզ է, բացի շուրջպարն իրականություն դարձնելուց: