ՄԱԿ-ի նորընտիր գլխավոր քարտուղար Պան Գի Մունն Իրանին կոչ է արել վերադառնալ բանակցային սեղանի շուրջ՝ ընդգծելով, որ Իրանի միջուկային խնդիրը սերտորեն կապված է տարածաշրջանային եւ համաշխարհային շատ այլ հիմնախնդիրների հետ: «Կոչ եմ անում Իրանի ղեկավարությանը` վերադառնալ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, եւ «Վեցյակի» մյուս անդամների հետ բանակցային գործընթաց»,- «ABC» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նախօրեին հայտարարել է Պան Գի Մունը: Վերջինս ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պարտականությունները ստանձնելու է 2007 թվականի հունվարի 1-ից: Շաբաթ օրը ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պատժամիջոցներ է սահմանել Իրանի նկատմամբ՝ ուրանի հարստացման աշխատանքները դադարեցնելուց այդ երկրի հրաժարվելու պատճառով: