Որպեսզի 2007 թվականին դժգոհություններ չլինեն

27/12/2006 Նաիրա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Լրագրողներին ներկայացված հաշվետվությունից երեւում էր, որ քաղաքապետը, ընդհանուր առմամբ, գոհ է քաղաքապետարանի եւ համայնքների գործունեության 8 ոլորտներում կատարված աշխատանքների արդյունքներից, քանի որ, ըստ ներկայացված թվերի, նախնական արդյունքներով կատարվել է սոցիալ-տնտեսական ծրագրերի 106.1%-ը: Ե. Զախարյանը նշեց, որ ինքը տարվա ձեռքբերումը համարում է քաղաքապետարան-համայնքներ համատեղ աշխատանքների բարձր արդյունավետությունը եւ Իսակովի պողոտայի (Հաղթանակի կամրջից մինչեւ օդանավակայանի խաչմերուկ ընկած հատվածը) վերականգնման փաստը: Նա տեղեկացրեց, որ նշված պողոտայի հիմնարար նորոգումների համար ծախսվել է 2390.6 դրամ: «Դուք ուղղակի չեք պատկերացնում, թե ինչ ծավալի աշխատանքներ են կատարվել: Դա այն փողոցն էր, որտեղ բազմաթիվ մարդկային զոհեր են եղել»,- ասաց քաղաքապետը: Ե. Զախարյանը դժգոհություն հայտնեց մասնավորապես երկու ոլորտների` հասարակական տրանսպորտի եւ առեւտրի (հատկապես` բացօթյա առեւտրի) ոլորտներում առկա թերություններից, ընդգծելով, որ բացօթյա առեւտրի ոլորտում անելիքները դեռեւս շատ են: Ի դեպ, «Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների եւ լրացումների մասին օրինագծով եկող տարվանից տեղական ինքնակառավարման մարմինների կողմից վերահսկվող` մայրաքաղաքում իրականացվող բացօթյա առեւտրով թույլատրվելու է միայն որոշակի ապրանքատեսակների` պաղպաղակի, զովացուցիչ հյութերի, ծաղիկների եւ ամանորյա եղեւնիների ու սոճիների վաճառքը` այն էլ սահմանափակ քանակությամբ: Այսինքն, կարելի է հուսադրվել, որ հաջորդ տարեմուտին մայթեզրերին վաճառվող ամանորյա տոնածառերն ու այլ «զիզիբիզիները» չեն խոչընդոտի մարդկանց անցուդարձը: Ե. Զախարյանը տեղեկացրեց, որ 2006թ. համաքաղաքային նշանակության 16 փողոցներում լուծվել են լուսավորության հարցերը (ընդհանուր առմամբ, Երեւանում ներկա դրությամբ լուսավորվում է 120 փողոց), իսկ 2007թ. 80-90 %-ով փողոցների լուսավորության աշխատանքները կավարտվեն: Նա նաեւ հայտնեց, որ հունվարի 1-ից «Լուսանշան» ընկերությունը Ոստիկանությունից կանցնի քաղաքապետարանի ենթակայությանը: Ըստ քաղաքապետի՝ ներկայումս գործում են մայրաքաղաքի լուսանշանների 40 %-ը: «Դրանց մեծ մասը թալանված են, բարոյապես եւ ֆիզիկապես մաշված: Համաշխարհային բանկի հետ նախնական պայմանավորվածություն կա 8-10 մլն դոլարին համարժեք դրամի վարկ ձեռք բերել` համակարգի ավտոմատ կառավարման համար»,- ասաց քաղաքապետը: Իսկ մայրաքաղաքի կառուցապատման աշխատանքներում, Ե. Զախարյանը, կարեւորելով հուշարձան-շենքերի նկատմամբ ցուցաբերվող հատուկ վերաբերմունքը` նշեց, որ ընդհանուր քաղաքային ծրագրերով 2006 թ. իրականացվել է երրորդ աստիճանի վթարայնության 9 շենքերի ամրացման աշխատանքներ` 751 մլն դրամի սահմաններում: «Չորրորդ կարգի վթարային շենքերի բնակիչների համար այս տարի 1 շենք արդեն շահագործման է հանձնվել Նոր Նորքում: Մոտ օրերս երկու շենք էլ կշահագործվի Աջափնյակ թաղամասում: 2007թ. նախատեսել ենք 3 շենք էլ շահագործել: Երեւանում, այսպիսով, կմնա չորրորդ կարգի վթարայնության 11 շենք: Մեկ շենքի կառուցման համար ծախսվում է 750 մլն դրամ»,- մանրամասնեց քաղաքապետը: Ինչ վերաբերում է ճարտարապետության եւ քաղաքաշինության ոլորտին, ապա Ե. Զախարյանը նշեց, որ այստեղ ընդհանուր աշխատանքները կատարվել են` ելակետ ընդունելով 2005թ. կառավարության կողմից ընդունված Երեւան քաղաքի գլխավոր հատակագծի մասին որոշումը, որի իրականացման վերջին ժամկետը սահմանված է 2020թ.: Գլխավոր հատակագծի իրականացման միջոցառումների շրջանակներում պետբյուջեով իրականացվել են 500 մլն դրամի աշխատանքներ, մասնավորապես` Երեւանի Կենտրոն համայնքի գոտիավորման, մայրուղիների կարմիր գծերի նախագծումները, ինչպես նաեւ` պատմամշակութային հուշարձանների պահպանման հիմնավորման, վտանգված հուշարձան-շենքերի տեխնիկական վիճակի հետազոտման աշխատանքները: Քաղաքապետն անդրադարձավ նաեւ Առեւտրի եւ սպասարկման ոլորտում ներառված գերեզմանատների բարեկարգման աշխատանքներին: «168 Ժամի» հարցին, թե ընտանեկան գերեզմանատեղերի համար եւս 10 քմ հատկացնելու վերջերս հաստատված նոր կարգի համար Երեւանի հողային ռեսուրսներն ի վիճակի՞ են բավականացնելու («Հուղարկավորությունների կազմակերպման, դիակիզարանների եւ գերեզմանատների շահագործման մասին» ՀՀ օրենքով գերեզմանատեղի չափը սահմանված է 12 քմ), Ե. Զախարյանը պատասխանեց, որ մայրաքաղաքի հողային ռեսուրսներն իրոք սահմանափակ են, սակայն թեմայի շուրջ նա չընդարձակվեց, քանի որ մտավախություն ուներ, որ ներկաների նախատոնական տրամադրությունը դրանից կարող է տուժել: Ինչեւէ, հավելենք, որ հավելյալ տարածքների տրամադրումը լինելու է վճարովի, որի արժեքը Երեւանում որոշելու է քաղաքապետարանը: Ինչ վերաբերում է առողջապահության, սոցիալական ապահովության եւ կրթության ոլորտներին, քաղաքապետը թեպետ արձանագրեց, որ իրենց հաջողվել է ապահովել 100 տոկոսանոց ֆինանսավորում, սակայն փաստեց, որ այստեղ դեռեւս կան դժգոհություններ: Ե. Զախարյանը տեղեկացրեց նաեւ, որ 2007 թվականին պլանավորված աշխատանքների ընդհանուր ծավալը կազմում է 86 մլրդ 332 մլն դրամ, որը 2006թ. ընդհանուր բյուջեի նկատմամբ կունենա 24 % աճ: «Կարծում եմ, որ ընտրությունները չեն խանգարի իրականացնելու մեր ծրագրերը»,- վստահեցրեց քաղաքապետը: