Ինձ ծանրոց չուղարկեք, խնդրում եմ

27/12/2006 Ռաֆայել ԹԵՅՄՈՒՐԱԶՅԱՆ

Եթե մի գեղեցիկ օր իմանաք, որ արտասահմանում բնակվող Ձեր հարազատներից մեկը որոշել է Ձեզ անակնկալ մատուցել եւ ինչ-որ հուշանվեր ուղարկել, ապա մի շտապեք ուրախանալ:

Եթե իմանաք, թե սույն անակնկալն ըմբոշխնելու համար ինչերի միջով եք անցնելու, միանգամից ձեր բոլոր բարեկամներին կխնդրեք, որ հանկարծ մտքներով չանցկացնեն արտերկրից երբեւէ ձեզ ինչ-որ բան ուղարկել: Քանզի, եթե միայն ձեզ ուղարկված ծանրոցից հրաժարվելով պրծնեք, պետք է շնորհակալություն հայտնեք Աստծուն, որ գթաց Ձեզ, ու դուք առանց լուրջ կորուստների դուրս պրծաք ստեղծված իրավիճակից: Իսկ ամեն ինչ սկսվում է այսպես: Մի օր մի անձանոթ զանգահարում է ձեզ եւ տեղեկացնում, որ Ձեր շատ սիրելի վերոնշյալ հարազատը Ձեզ «Fedex» ծառայության միջոցով արտերկրից ծանրոց է ուղարկել, սակայն իրենք պատասխանատու են սույն ծանրոցը մինչեւ ՀՀ հասցնելու համար, իսկ այն ստանալու համար պետք է ներկայանալ «Fedex», վերցնել համապատասխան փաստաթղթերն ու գնալ «Cargo» տերմինալ՝ ծանրոցի հետ կապված հարկերը մուծելու եւ այն ստանալու համար: Դուք, իհարկե, կդժգոհեք, որ հերիք չի Ձեզ ուղարկված ծանրոցը ձեր տուն չեն բերել, հիմա էլ ստիպում են, որ գնաք քաղաքից դուրս («Զվարթնոց» օդանավակայան տանող ճանապարհին՝ օդանավակայան չհասած) գտնվող վերոնշյալ տերմինալը: Բայց այս ամենը ոչինչ է «Cargo» տերմինալում Ձեզ սպասվող տվայտանքների դիմաց: Այստեղ նախ տեղեկանում եք, որ Դուք Ձեզ հասանելիք ծանրոցը (որում, ասենք, ձեր 6 ամսական երեխայի համար շորեր ու խաղալիքներ են) ստանալու համար ստիպված եք հերթ կանգնել, օրինակ, մի քանի տոննա «ծախելու ապրանք» ստացողի հետ: Սա ձեզ մի քիչ կնյարդայնացնի, բայց խնայեք նյարդերը: Ձեզ դեռ ինչե՜ր են սպասվում: Ի վերջո գալիս է երանելի պահը, եւ Դուք պետք է պահեստից ստանաք Ձեր ծանրոցը: Սակայն դեռ նույնիսկ հեռվից ծանրոցը չտեսած, Ձեզ հարցնում են. «մեջն ի՞նչ է»: Դուք, բնականաբար, պատասխանում եք, որ դա հարցնողի գործը չէ, իսկ երբ վերջինս «մուննաթով» հակադարձում է, որ կարգն է այդպիսին, եւ ինքը ստիպված է Ձեզ դա հարցնել, Դուք, զարմանալով սույն կարգի վրա, այնուամենայնիվ, բացատրում եք, որ չգիտեք, թե Ձեզ ինչ են ուղարկել, որովհետեւ դա անակնկալ է: Ձեզ առաջարկում են զանգահարել ուղարկողին եւ հարցնել, թե նա Ձեզ ի՞նչ է ուղարկել: Սակայն երբ ի պատասխան այդ առաջարկի` տեղեկացնեք, որ տվյալ ծանրոցն ուղարկվել է ԱՄՆ-ից եւ, ինչպես հայտնի է, երբ մեզ մոտ ցերեկ է, այնտեղ գիշեր է, ու չարժե մարդկանց քնից հանել, Ձեզ կառաջարկեն դիմում գրել, որպեսզի Ձեզ թույլ տան գնալ պահեստ, ծանոթանալ Ձեր ծանրոցի պարունակությանը ու գալ եւ դրա մասին պատմել համապատասխան անձին, որպեսզի վերջինս կատարի օրենքի պահանջն ու մանրամասն գրանցի ծանրոցի պարունակությունը: Ենթադրենք, Դուք այն հաջողակներից եք, ում մի քանի ժամվա քաշքշուկներից հետո հաջողվել է վաստակել սեփական ծանրոցի պարունակությանը ծանոթանալու իրավունք: Դրանից հետո ծանրոցի պարունակության վերաբերյալ Ձեզ այնքան մանրամասն կհարցաքննեն, որ Ձեր նյարդերն ի վերջո տեղի կտան, եւ կհարցնեք. «Իսկ եթե ես ձեզ խաբեմ ու սխալ տեղեկություններ տամ ծանրոցի պարունակության վերաբերյալ, ի՞նչ եք անելու»: Ու այստեղ կհնչի զավեշտալի պատասխան. «Մենք վերջում ստուգելու ենք ծանրոցի պարունակությունը: Եթե սխալ ասեք, կտուգանվեք»: Ստացվում է, որ նրանց պարզապես հետաքրքրում է Ձեր ազնվության աստիճանը: Ձեզ նաեւ բացատրում են, որ եթե ձեզ հաջողվի ամենայն մանրամասնությամբ անցնել ծանրոցի պարունակության «նախնական գրանցումը», Դուք պետք է մի կլորիկ գումար էլ հարկ մուծեք: Այդ գումարը գոյանում է այսպես. տեղում իրենց ճաշակով գնահատում են Ձեզ ուղարկվածը, դրան գումարում ուղարկելու համար «Fedex»-ին ուղարկողի վճարած գումարը եւ հաշվում ստացվածի 20-32%-ը: Այս ամենից հետո էլ դուք պետք է երեք օր հերթ կանգնեք Ձեր ծանրոցը ստանալու համար, սակայն այստեղ էլ պարզվում է, որ յուրաքանչյուր ծանրոցի համար պետք է վճարեք եւս 7 հազար դրամ, քանզի «ապրանքը» «Cargo» տերմինալում երկու օրից ավելի պահելու համար հենց այդքան գումար են պահանջում: Վերջապես, երբ այս ամենից զզված, որոշում եք հրաժարվել հարազատի ուղարկած ծանրոցից ու գնալ տուն, Ձեզ տեղեկացնում են, որ դա այնքան էլ հեշտ գործ չի: Դուք դրա համար պետք է համապատասխան մարմիններին դիմում գրեք, այլապես մի օր էլ կզանգեն ու կասեն, թե Ձեր ծանրոցն այսքան տարի պահել ենք, եւ դրա համար մեզ, ասենք, 4 մլն դոլար եք պարտք: Եվ ուշագրավ է, որ այս ամենն իրականացվում է՝ օրենքին հղում անելով: Աշխատակիցների, մեղմ ասած, ոչ բարյացակամ վերաբերմունքն էլ` ձեզ նվեր: Ձեզ նաեւ կտեղեկացնեն, որ որոշակի քաշով եւ գնով ծանրոցները Ձեր տուն բերել-հասցնելու լիցենզիա ունի միայն «Հայփոստը»: Չար լեզուներն ասում են, որ այս հարցում օրենքը միտումնավոր է այսքան քաշքշուկներ առաջացնում, որովհետեւ, ըստ նույն չար լեզուների, «Հայփոստի» սույն արտոնության արդյունքում իշխանությունները կոնկրետ շահույթ են ստանում: