Հայկական մի քանի հեռուստաալիքներով եթեր հեռարձակվող «Telemarket»-ի գովազդն իր գնորդներին առաջարկում է կենցաղային իրեր, որոնք անպետք են դառնում առաջին իսկ օգտագործումից հետո:
Ամերիկյան տեսահոլովակներում դերասանները հիացմունքով ներկայացնում են բանջարեղեն կտրատելու «հրաշագործ» «Nicer Daicer»-ը, «Swivel sweeper» էլեկտրական ավելը, դեմքի բշտիկները վերացնող «Klear active» քսուքը եւ այլ իրեր, որոնց արժեքը սկսվում է 19.900 դրամից: Դրան գումարվում է նաեւ առաքման վարձը` 590 դրամ: Գովազդի վերջում ասվում է, որ եթե նշված ապրանքները չանեն այն ամենը, ինչ ցուցադրվեց շոուի ընթացքում, ապա գնորդը կարող է ետ վերադարձնել այն 15 օրվա ընթացքում: Մեզ դիմած բոլոր գնորդները պատրաստ էին վերադարձնել իրենց գնած իրերը, եթե միայն դա հնարավոր լիներ:
Անժելա Հարությունյանը «Nicer Dicer»-ն օգտագործել է ընդամենը մեկ անգամ, այն էլ` փորձելու համար: «Գովազդում երեւում է, որ սարքի միջոցով հնարավոր է արագ եւ գեղեցիկ կտրատել ցանկացած բանջարեղեն: Առաջին անգամ փորձեցի կտրատել կարտոֆիլ, բայց դանակը ծռվեց: Հում վիճակում բանջարեղենը կամ լխճվում է, կամ մնում դանակների արանքում, կամ դանակներն են ծռվում ու բթանում: Գոնե գովազդում ասեն, որ սարքը նախատեսված է հում բանջարեղենի համար: Իսկապես ափսոսում եմ, որ նման «խաղալիքի» համար 20.000 դրամ եմ վճարել»,- ասում է Անժելան:
«Telemarket»-ի օպերատորներից յուրաքանչյուրի խնդիրն է գնորդին, սարքը գնելուց հետո, համոզել, որ նա սխալ է այն օգտագործում: «Եթե դանակները չեն կտրում, ուրեմն դուք ուժեղ չեք սեղմում, եթե դանակներն են կոտրվում, ուրեմն դուք ուժեղ եք սեղմում»,- հեռախոսով գնորդներին բացատրում են օպերատորները: Հասմիկ Մեսրոպյանը «Nicer Dicer»-ը գնել է դեկտեմբերի 3-ին: Նրա կարծիքով` ամեն ինչ ճիշտ կլիներ, եթե գովազդում նշվեր, որ սարքը նախատեսված է եփած բանջարեղենի համար:
«Երբ գովազդը նայում ես, միանգամից հրապուրում է, որովհետեւ, իսկապես, ըստ գովազդի` շատ պետքական իր է խոհանոցի համար: Պատվիրեցի, միանգամից բերեցին: Ի դեպ, առաքիչը մոռացել էր բերել երաշխիքի կտրոնը, բայց դրա վրա առանձնապես ուշադրություն չդարձրեցի, որովհետեւ մտքովս էլ չէր անցնում, որ հնարավոր է ցանկանամ վերադարձնել ապրանքը: Գովազդում ցույց են տալիս, որ բանջարեղենը կտրելու համար պետք չէ ուժ գործադրել, ամեն ինչ շատ հեշտ է ու սահուն: Փորձեցի կտրել կաղամբը, գազարը, բայց չէր կտրում: Նույն պահից սկսեցի զանգել: Ինձ ասացին, որ պետք է ուժ գործադրել, բայց նույնիսկ սոխը չէր կտրատում: Կտրականապես մերժեցին հաղորդել ինձ իրենց հասցեն: Առաքիչը եկավ երկրորդ անգամ եւ փոխեց սարքը: Փորձեցի բացատրել, որ ուժ գործադրելու դեպքում դանակները ծռմռվում են, դուրս են գալիս իրենց տեղից, իսկ եթե ուժ չես գործադրում, բանջարեղենը չի կտրում: Բայց առաքիչը չցանկացավ համոզվել: Դա նրան հետաքրքիր չէր»,- ասում է Հասմիկը:
Բերված երկրորդ սարքն արժանացավ նույն բախտին. մեր ներկայությամբ առաջին օգտագործման ժամանակ կարտոֆիլի կտորների հետ շարքից դուրս եկան նաեւ «Nicer Dicer»-ի դանակները: Աննա Խաչատրյանը նույնպես «սխալ էր գործածում սարքը»: Իրականում այն շատ հեշտ է գործածել, եւ ով գոնե մեկ անգամ տեսել է գովազդը, արդեն պատկերացնում է սարքի օգտագործման ձեւը: «Շատ եմ ուզում վերադարձնել իմ գումարը: Իսկապես չեմ կարողանում հաշտվել այս խաբեության հետ, մի քանի օր նյարդայնացած էի, բացարձակ ոչնչով չէի կարողանում զբաղվել»,- ասում է Աննան:
«Ես ինձ համարում եմ անբարեխիղճ գովազդի զոհ: Պետք է ասեմ, որ ինձ դուր չեկավ նաեւ նրանց սպասարկման ձեւը: Նախ` սարքի տուփը եւ միջի գրքույկը ճմռթված էին, իսկ առաքիչը չցանկացավ վերադարձնել իմ մանրը: Բայց դա ոչինչ: Ամենաշոկային վիճակն ինձ մոտ առաջացավ այն ժամանակ, երբ փորձեցի օգտագործել այդ «Nicer Dicer»-ը եւ հասկացա, որ այն ընդհանրապես չի համապատասխանում գովազդին: Միանգամից զանգեցի: Հեռախոսն ականջիս` կտրում եմ եւ փորձում եմ բացատրել իմ դժգոհության պատճառը: Բայց ինձ չէին լսում: Համառորեն փորձում էին համոզել, որ ես սխալ եմ գործածում գործիքը, սխալ եմ սեղմում եւ այլն»,- ասում է Աննան:
Յուրաքանչյուր գնորդի տրվում է նաեւ գումարը վերադարձնելու երաշխիք, որն ուժի մեջ է 15 օր: Սակայն, ինչպես համոզվել են «Telemarket»-ի գնորդները, գումարը վերադարձնելու պայմանավորվածությունը վաճառողների պլանների մեջ չի մտնում: Գումարը վերադարձնելու երաշխիքում գրված է, որ երաշխիքն ուժի մեջ է, եթե ապրանքը վնասված չէ: Բայց սա գրեթե անհնար պայման է, քանի որ հատկապես «Nicer Dicer»-ը վնասվում է հենց առաջին օգտագործման ժամանակ:
Անահիտ Գեւորգյանը գնել է էլեկտրական ավել` «Swivel sweeper»: «Այս սարքը մի թերություն ունի, որը ոչ միայն դժվարացնում է օգտագործումը, այլ դարձնում այն անիմաստ: Խնդիրն այն է, որ օգտագործելուց առաջ ավելը պետք է լիցքավորել հոսանքով: Բայց եթե նույնիսկ ես այս ավելի մարտկոցն ամբողջ օրը միացնեմ հոսանքին, չեմ կարողանա դրանով ավլել անգամ իմ խոհանոցը: Ինձ թվաց, որ գուցե ես ինչ-որ բան սխալ եմ անում: Փորձեցի որոշ պարզաբանումներ ստանալ իրենցից, բայց մինչեւ հիմա չեն պատասխանել»,- պատմում է Անահիտը:
Իրականում այստեղ էլ սխալ գործածելու խնդիր չկա, քանի որ նույն թյուրիմացության մեջ են հայտնվել նաեւ «հրաշք» ավելի մյուս գնորդները: Մեզ հետ զրուցած բոլոր գնորդների (նրանք տասն են) միակ դժգոհությունն այն է, որ գովազդից հետո ձեռք բերած թանկարժեք ապրանքները չեն ծառայել իրենց նպատակին: «Օրեր շարունակ զանգելուց հետո ես կարողացա կապվել տնօրենի հետ: Ես ասացի, որ կդիմեմ դատարան: Նա էլ պատասխանեց` գործ կունենաս Ազգային անվտանգության ծառայության հետ: Ես էլ հո չե՞մ ընկնելու ավելորդ քաշքշուկների մեջ»,- ասաց «Nicer Dicer» ձեռք բերած մի կին, որը չցանկացավ հրապարակել իր անունը:
«Գովազդի մասին» ՀՀ օրենքի համաձայն` մասնակիորեն անբարեխիղճ գովազդն անբարեխիղճ է համարվում ամբողջությամբ։ Օրենքի 21-րդ հոդվածի 1-ին կետով արգելվում է հրապարակել անբարեխիղճ, այդ թվում՝ կանխամտածված կեղծ գովազդ։ Գովազդն անբարեխիղճ ճանաչելու համար պահանջվում է մոլորեցման կամ հասարակական վտանգի փաստի առկայությունը։ Ըստ նույն հոդվածի` «մոլորեցում ասելով հասկացվում է գովազդի փաստացի ունակությունը ապրանքների հատկությունների, քանակի, որակի, առանձնահատկությունների, գնի եւ այլ տեղեկությունների, ինչպես նաեւ դրանց գովազդատուների մասին տեղեկատվության լրիվ կամ մասնակի անարժանահավատության, բացթողումների եւ աղավաղումների հետեւանքով իրավաբանական եւ ֆիզիկական անձանց ապակողմնորոշումը»:
«Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածում ասվում է, որ եթե ապրանքի, ինչպես նաեւ արտադրողի մասին ոչ պատշաճ, ոչ ստույգ եւ թերի տեղեկատվությունը հանգեցրել է սպառողին անհրաժեշտ հատկություններով չօժտված ապրանքի ձեռքբերմանը, ապա սպառողն իրավունք ունի լուծել պայմանագիրը եւ պահանջել վնասների լրիվ հատուցում:
Մենք փորձեցինք մեր հարցերը եւ մեզ դիմած գնորդների դժգոհությունները ներկայացնել «Telemarket»-ի տնօրինությանը, բայց նրանք չցանկացան խոսել մեզ հետ հեռախոսով, հրաժարվեցին հայտնել իրենց հասցեն կամ այլ հեռախոսահամար: Մի բան պարզ է, որ նրանք գործում են գաղտնի:
«Telemarket»-ի գրասենյակը գտնվում է Չարենցի փողոցի վրա, այնպես որ, գովազդից տուժածները կարող են այցելել Չարենցի 58: Սակայն զգուշացնենք, որ Ձեր առջեւ դռները չեն բացվի, ինչպես չբացվեցին մեր առջեւ:
www.hetq.am