Մոսկվայի եւ Թբիլիսիի հարաբերություններն արդեն քիչ են պետական հիշեցնում: Առանձին վերցված քաղաքական հարաբերությունների մասին խոսելն ավելորդ է: Բավական է հիշել, որ արտգործնախարարների մակարդակով իրար են հետեւում փոխադարձ մեղադրանքներն արտաքին քաղաքականության անբարոյականության մեջ եւ մենթալիտետների անհամատեղելիության մասին: Առանձին վերցված տնտեսական հարաբերությունների մասին, թեեւ տվյալ պահին դրանք բացակայում են, հենց թեկուզ այն պատճառով, որ տնտեսական որոշումների մեծ մասը բխում է քաղաքական այլանդակություններից, խոսել կարելի է:
Դրանք գնալով ավելի ու ավելի շատ են հիշեցնում քրեական խմբավորումների «ռազբորկաներ»: Եվ սա չափազանցություն չէ: Մասնավորապես, Վրաստանին գազ մատակարարող «Գազպրոմի» վերաբերմունքը շատ նման է այն բանին, երբ ժամանակին վարձը չվճարողի «հաշվիչն» անջատում են: Սկզբում Թբիլիսիին առաջարկվեց գազ գնել 1000 խմ-ն 220 դոլարով: Սակայն անմիջապես հետեւեց հայտարարությունը, թե այդ գինը դեռ վերջնական ճշտված չէ: Վրաստանի իշխանությունները դրան պատասխանեցին վրդովմունքով, թե «Գազպրոմին» վայել չէ իրեն այդպես պահելը: «Գազպրոմը» մի փոքր պաուզայից հետո հայտարարեց ճշգրտված գինը՝ 1000խմ-ի համար 230 դոլար:
Սրան կրկին հետեւեց բուռն արձագանքը: «Մենք «Գազպրոմից» գազ չենք գնի քաղաքական գնով»,- հայտարարեց նախագահ Միխայիլ Սահակաշվիլին: Վրաստանի բարձրաստիճան պաշտոնյաները ճամփա ընկան՝ տարածաշրջանում եւ նրա սահմաններից դուրս գազի ներկրման այլընտրանքային աղբյուրներ գտնելու: Վարչապետ Զուրաբ Նողաիդելին Վաշինգտոնում ամերիկյան պատրոններին համոզում էր համաձայնություն տալ Իրանի հետ համագործակցությանը: Էներգետիկայի նախարար Նիկա Գիլաուրին վերջին ամսում ավելի շատ ժամանակ է անցկացրել Բաքվում, Թեհրանում եւ Անկարայում, քան Թբիլիսիում: Նախագահ Սահակաշվիլին Մեկնեց ԱՀՊ երկրների նախագահների գագաթաժողովին՝ «նայելու Ռուսաստանի նախագահի աչքերին», իսկ երբ վերջինս աչքերը չփախցրեց, Սահակաշվիլին օգնություն խնդրեց Ադրբեջանի իր գործընկերոջից՝ Իլհամ Ալիեւից: Խորհրդարանի խոսնակ Նինո Բուրջանաձեն այս ողջ ընթացքում միջազգային հանրության ուշադրությունն էր գրավում տարբեր ֆորումներում:
Արդյունքում Վաշինգտոնը համաձայնեց աչք փակել Իրանի հետ Վրաստանի՝ իր իսկ կողմից հովանավորվող «հեղափոխական իշխանությունների» կարճաժամկետ համագործակցության վրա: Բաքուն, Թեհրանը, Անկարան հանգստացրին Գիլաուրիին, թե չլուծվող խնդիրներ չկան: Ալիեւը Սահակաշվիլուն օգնություն խոստացավ, եւ վրացական թերթերը դրանով են բացատրում Մոսկվայի եւ Բաքվի հարաբերությունների՝ դրան հետեւած սրացումը: Բուրջանաձեի բարձրագոչ հայտարարություններն անտեսված չմնացին: «Մենք գազ կունենանք»,- բնակչությանը հավատացնում էին իշխանությունները: Բայց…
Պարզվեց, որ ադրբեջանական «Շահ-Դենիզի» գազն ուղղակի չի հերիքում Վրաստանի կարիքներն ապահովելու համար: Այն չի բավականացնում անգամ Բաքվին, որն ինքն իր կարիքներն ապահովում է լավագույն դեպքում կիսով չափ, դրա համար էլ Ադրբեջանը գազ է գնում հենց նույն «Գազպրոմից»: «Գազպրոմն» իր հերթին հայտարարեց Ադրբեջանին մատակարարվող գազի ծավալների նվազեցման մտադրության եւ գնի բարձրացման մասին, որպեսզի Ադրբեջանը չկարողանա գազ մատակարարել Վրաստանին: Իսկ Անկարան, մեծ շուքով ընդունելով Սահակաշվիլու գլխավորած վրացական պատվիրակությունը, այնուամենայնիվ «Շահ-Դենիզի» գազի իր բաժնի վճարման կոնկրետ մեխանիզմը նախընտրեց անկեղծ բարեկամությունից, այն դեպքում, եթե այդ բաժինը զիջի դրա կարիքն ունեցող Վրաստանին: Վրացական պատվիրակությունը նման փաստաթուղթ չուներ, այդ պատճառով, ինչպես հաղորդեց CNN-Turk հեռուստաընկերությունը, բանակցություններն օդում մնացին: Իսկ «Ռուսթավի-2» հեռուստաընկերության տվյալներով՝ Հյուսիսկովկասյան գազամուղը ոչ այն է` պայթել է, ոչ այն է` պայթեցրել են, եւ «Շահ-Դենիզի» գազի մասին պետք է ժամանակավորապես մոռանալ: Ի դեպ, չնայած իրադարձությունների տխուր լինելուն՝ այն Բաքվի համար շատ ժամանակին եղավ. Վրաստանի հանդեպ՝ ուզում ենք օգնել, բայց չի ստացվում, Ռուսաստանի հանդեպ՝ Վրաստանին գազով չենք օգնում, բավական է մեզ վրա ճնշում գործադրեք գազի գնի թանկացմամբ:
Թե ի՞նչն է խանգարում Վրաստանին` սկսել Իրանից գազ ներկրել, պարզ չէ: Փորձագետները ենթադրում են, որ պատճառը գինն է: Հակառակ դեպքում «Գազպրոմի» հետ բանակցությունները չէին վերսկսվի: Սակայն… «Գա՞զ: Խնդրեմ»,- ասացին «Գազպրոմում»: Սակայն արդեն 1000խմ-ն` 235 դոլարով: Ինչպես ասում են՝ Թբիլիսին «ծուղակն ընկավ»: Եվ ստիպված եղավ հաջորդ տարվա առաջին 4 ամիսներին շարունակել ռուսական գազ ներմուծել, եւ ոչ թե 230 դոլարով, ինչպես առաջարկվում էր մի քանի շաբաթ առաջ, այլ նոր գնով: «Գազպրոմն» արդյոք միացրած կթողնի՞ հաշվիչը: