Տանձ

27/12/2006

Բաղադրությունը: Ջուր` 75-83%, շաքարներ` 5-14%, ազոտային նյութեր` 0,3%, խնձորաթթու` 0,1-2,5%, պեկտինային նյութեր` 3,4-3,6%, մոխրացող մնացորդ` 0,3%: Պարունակում է նաեւ 10 մգ C, A, B եւ E խմբի վիտամիններ:

Կիրառությունը: Մեծ քանակով տանձի ընդունումը հանգեցնում է փորկապության, սակայն տանձի չիրի եփուկը լուծ է առաջացնում: Իսկ թարմ վիճակում օգտակար է լուծի, դիզենտերեայի դեպքում: Հյութը միզամուղ է, կիրառում են ցինգայի, երիկամային քարերի դեմ: Մխիթար Հերացին սննդաբուժումն ավելի բարձր է գնահատել, քան դեղորայքայինը եւ այդ առումով մեծ տեղ էր տալիս տանձի, սերկեւիլի, խնձորի, սեխի, նռան, հոնի թարմ հյութերի կիրառությանը:

Տանձը եւս խնձորի, սեխի, բանանի պես ընդունակություն ունի շարունակելու հասունանալ ծառից հավաքելուց հետո:

Տանձի կորիզները պետք է ծամել եւ կուլ տալ, դրանք ճիճվասպան են: Տանձն այն սակավ պտուղներից է, որն օգտակար է սնկային հիվանդությունների դեպքում: Տերեւների եփուկը` մրսածության, անգինայի, խոցերի դեմ է, իսկ քաղցր տանձը` թոքերի չարորակ ուռուցքների: Ամիրդովլաթը հասուն տանձն օգտագործում էր սրտի ամրացման, ստամոքսի բուժման, սրտխառնոցների դադարեցման համար:

Խնձոր

Բաղադրությունը: Ջուր` 82-88%, շաքարներ` 7,4-14%, խնձորաթթու` 0,2-0,8%, դաբաղող նյութեր` 0,07-0,2%, մոխրացող մնացորդ` 0,6%:

Պարունակում է նաեւ 16 մգ կալցիում, 248 մգ կալիում, 9 մգ մագնեզիում, 11 մգ ֆոսֆոր, 0,63 մգ երկաթ, 0,11 մգ պղինձ, 0,15 մգ ցինկ եւ համարյա բոլոր վիտամինները:

Կիրառությունը: Պլինուսը գրել է, որ ինքը մի կնոջ մոտ բուժել է գանգրենան` խոցի վրա դնելով փտած խնձորներ:

Ճարպի հետ տրորված խնձորը քսել են ճաքճքած ձեռքերին, շուրթերին, պտուկներին: Կալիումի աղերի, տանինի պարունակության շնորհիվ, խնձորն արգելակում է օրգանիզմի միզաթթվի կուտակումը: Շենյեն խնձորի չորացրած կեղեւից ստացված ալյուրով (մեկ ճաշի գդալը մեկ բաժակ ջրի հետ) հաջողությամբ կիրառել է երիկամային ու միզապարկային քարերի բուժման համար: Հում խնձորն օգտակար է դիզենտերեայի, գլխացավի, դեղնախտի, պնդության, աղիքային բոլոր տեսակի հիվանդությունների, սակավարյունության, փքվածության դեպքում:

Շատ օգտակար է խնձորային մոնոդիետան 7-14 օրով (օրական ուտել 400-500 գր խնձոր): Ամիրդովլաթ Ամասիացին գրում է, որ եթե խնձորը եփվի, տրորվի ու դրվի աչքերին, կսրվի տեսողությունը եւ կմեղմվի ցավը: Թթու խնձորը մահացու թունավորումների դեմ է, տերեւների հյութը` ուռուցքների: