«Հայելի» ակումբի երեկվա հյուրը վարչապետ Մարգարյանն էր։ Լրագրողների համար զարմանալի էր, որ նա ընտրել էր լրագրողների հետ շփվելու՝ իրեն ոչ այնքան հատուկ ձեւ։ Սակայն, ինչպես պարզվեց, դրա համար առիթ կար։
«Հայելի» ակումբը հարցում էր անցկացրել՝ ՀՀ հասարակական-քաղաքական կյանքում իր ներդրած աշխատանքով եւ վարած քաղաքականությամբ 2006թ. քաղաքական գործիչներից ո՞վ է աչքի ընկել, եւ ամենից բարձր միավորներ ստացել է հենց Անդրանիկ Մարգարյանը։ Ակումբի խոսնակը կարծիք հայտնեց, որ հարցման արդյունքները նշանակում են հետեւյալը՝ ժողովուրդը ոչ միայն վստահում, այլ նաեւ սիրում է վարչապետին։ Թեեւ Ա. Մարգարյանն, այնուամենայնիվ, մի փոքր ուղղում կատարեց՝ մի մասը։ Նա նաեւ տեղեկացրեց, որ իր համար այդ արդյունքներն անակնկալ էին, քանի որ ինքը ներկայացնում է կառավարությունը, իսկ եթե կառավարությունը անում է լավ գործեր, ապա դա բնական է։ Իսկ որպես վարչապետ իր երկարակեցությունը (2000թ. մայիսի 12-ից մինչ այժմ) Ա. Մարգարյանը բացատրեց նրանով, որ իրենց թիմային աշխատանքը՝ նախագահ-կառավարություն-ԱԺ, հաջողվել է։
Նշենք, որ բացի Վարդան Օսկանյանից, հարցման արդյունքների մեջ կառավարության որեւէ այլ անդամի, այլ նախարարի անուն նշված չի եղել։ Ա. Մարգարյանը դա բնական համարեց՝ նշելով, որ կառավարության աշխատանքներն ամփոփվում են վարչապետի աշխատանքի հետ միասին։ «Այն ձայները, որ ես ունեմ, դա նաեւ կառավարության մյուս անդամների ձայների շնորհիվ է»,- նշեց վարչապետը։ Բացի կառավարությունից, Ա. Մարգարյանը նաեւ Հանրապետական կուսակցության ղեկավարն է, որը հարցման արդյունքում բարձր վարկանիշ չունի։ Ա. Մարգարյանը գտնում է, որ ամեն ինչը պետք է դիտարկել ժամանակի մեջ, եւ ՀՀԿ-ի ոչ բարձր վարկանիշը պայմանավորված է իշխանության կուսակցություն լինելու հանգամանքով։ ՀՀ նախագահի վերջին հեռուստահարցազրույցից հետո շատերի մոտ կարծիք ստեղծվեց, որ նա իշխանության ապագա կառուցվածքում ավելի մեծ տեղ է հատկացնում «Բարգավաճ Հայաստանին»։ Ա. Մարգարյանը, սակայն, այդպիսի եզրակացության չի եկել։ «Որովհետեւ ելույթի մեծ մասը նաեւ նվիրված էր կառավարության երկարակեցությանը, աշխատանքին։ Եթե համեմատենք ԲՀԿ-ի հետ, ապա այն նոր է քաղաքական ասպարեզ մտնում, հետաքրքրությունը նոր կուսակցության նկատմամբ ավելի մեծ է լինում»։ Ժամանակը ցույց կտա՝ ասում է պրն Մարգարյանը։ Ինչ վերաբերում է կարտոֆիլ եւ տուկի թել բաժանելու քաղաքականությանը, ապա Ա. Մարգարյանը շտկում մտցրեց՝ դա բաժանում է ոչ թե կուսակցությունը, այլ հիմնադրամը։ Այդուհանդերձ, նա տեղեկացրեց, որ այդ բարեգործությունները կառավարության արած գործի զրո ամբողջական տոկոսների չափով են։ Պարզապես կառավարությունը պարտավոր է դա անել, եւ նրան պետք չէ գովազդել իր արածը։ «235 միլիոն մենք բերում ենք եւ 5 տարվա ընթացքում այդ գումարն ուղղելու ենք միայն գյուղական շրջաններին։ Մի քիչ անհարմար էլ է, որ մի քանի տոննա կարտոֆիլ բաժանելը ես համեմատեմ այս ծրագրի հետ»։ Ա. Մարգարյանը համոզված է, որ Հայաստանում միշտ էլ կարելի է գտնել մարդկանց, որոնք շատ-շատ շնորհակալություն կհայտնեն իրենց տրված անգամ փոքրիկ օգնության համար, եւ բնական, մարդկային է համարում այն, որ մարդիկ շնորհակալություն են հայտնում։ Սակայն վարչապետին մի բան դուր չի գալիս։ Դա այն է, որ «.. այդ պահին նկարում են եւ այդ «շնորհակալությունը» հեռուստատեսությամբ ցույց են տալիս»։ «Բարեգործություն անողները պետք է այդ շնորհակալություններն իրենց սրտում պահեն, ոչ թե քննարկեն իրենց ժողովների ժամանակ»,- կարծում է Ա. Մարգարյանը։
Ինչ վերաբերում է ՀՀԿ-ին, ապա այն այսօր զբաղված է ներքին կազմակերպչական աշխատանքներով՝ տարածքային կազմակերպությունների, տեխնիկական ապահովվածության եւ այլ հարցերով։ «Մենք քարոզչությամբ չենք զբաղվում, մենք զբաղվում ենք կուսակցական շինարարությամբ»,- ասում է վարչապետը։
Հարց հնչեց նաեւ Նալբանդյանի գյուղապետի սպանության մասին, որը մամուլի որոշ հրապարակումներում կապվում է ՀՀԿ-ի հետ։ «Ես ցավում եմ այդ սպանության համար։ Ցանկացած սպանություն, հանցագործություն լինելով հանդերձ, քաղաքական լարված իրավիճակում նաեւ շտրիխ է դնում որեւէ մի քաղաքական ուժի վրա»։ Ըստ Ա. Մարգարյանի, Հանրապետականը մեծ ուշադրություն է դարձնում ՏԻՄ մարմինների ընտրություններին, թեեւ դեպքեր եղել են, որ իրենք պարտություններ են կրել։ «Սակայն ընտրությունների ժամանակ ծեծուջարդ չի եղել, ուր մնաց թե` սպանություն… Այսինքն, սպանության արժեքը եւ գյուղապետ ունենալու արժեքը միմյանց հավասար չեն, սար ու ձորի տարբերություն կա»։ Վարչապետը տեղեկացրեց, որ երկրի նախագահն իրենց խնդրանքով Ոստիկանությանը հանձնարարել է՝ որքան հնարավոր է` այն արագ բացահայտել։ «Իսկ այն, որ որոշ ուժեր ցանկանում են սրան քաղաքական երանգ տալ, դա ուղղակի համարում եմ սեւ PR»,- ասաց Ա. Մարգարյանը։ Իսկ թե կբացահայտվի՞ այս սպանությունը, թե՞ կարժանանա նախկինում կատարված սպանությունների ճակատագրին, պրն Մարգարյանը հստակ չգիտի. «Ես ցանկանում եմ հավատալ, որ արագ կբացահայտվի»։
Հարց հնչեց նաեւ այն մասին, թե ինչպես է վարչապետը վերաբերվում իր նախկին եւ ներկա կոալիցիոն գործընկերներին, որոնցից մեկը՝ ՕԵԿ-ը, «բախտ է փնտրում» եվրոպական մայրաքաղաքներում, իսկ մյուսը՝ ՀՅԴ-ն, լինելով կառավարության մաս, գնալով ավելի ընդդիմադիր կեցվածք է ընդունում։ Պարզվեց, Ա. Մարգարյանին այնքան էլ չի հետաքրքրում՝ ով որտեղ է բախտ փնտրում եւ որտեղից է ցանկանում աջակցություն ստանալ։ Ըստ նրա, հայաստանյան ուժերը պետք է իրենց խնդիրները լուծեն Հայաստանում, սակայն նորմալ է, եթե քաղաքական ուժը փորձում է հեղինակությունը բարձրացնել եւ ճանաչվել արտասահմանում։ Իսկ ինչ վերաբերում է Դաշնակցությանը, ապա դա, Ա. Մարգարյանի խոսքերով, իր համար նորություն չէ. «Այս 7 տարիների ընթացքում նույն ձեւի են եղել, եւ մենք շարունակում ենք աշխատել»։
Համաշխարհային բանկի գնահատականների հետ, որոնք արձանագրում են, որ կոռուպցիան մեր երկրում աճել է, իսկ բարեփոխումները՝ դանդաղել, Ա. Մարգարյանը համաձայն չէ։ «Կոռուպցիայի դեմ 2-3 տարի պայքարելով դժվար է շոշափելի արդյունքների հասնել։ Մի անցքը փակում ես, մի ուրիշ անցք է բացվում։ Սկսում ես նոր ծրագրեր կազմել՝ կոռուպցիայի համար նոր բացված հնարավորությունների դեմ պայքարելու համար»։ Լրագրողները նաեւ հետաքրքրվեցին, թե վարչապետն ինչպես է վերաբերվում մամուլում տեղ գտած այն հրապարակումներին, որոնք հավասարության նշան են դնում Նաիրի Հունանյանի եւ Ժիրայր Սէֆիլյանի միջեւ։ «Սկզբունքորեն, ես Տիգրան Հակոբյանի ասածներին համաձայն եմ։ Գործի նյութերին ծանոթ չեմ… Եթե հանցագործություն են կատարել, պետք է պատժվեն, որովհետեւ ոտնձգությունը պետության անվտանգության նկատմամբ անթույլատրելի է՝ անկախ նրանից, թե ով է նախագահը եւ ով է վարչապետը։… Ես ուղղակի կարդացել եմ իրենց ելույթները, մտահոգիչ էին իրենց ելույթների տոնը, ձեւը եւ ցանկությունները»,- ասաց Ա. Մարգարյանը՝ ավելացնելով, որ ինքը տեղյակ չէ, թե որքանով են կարողացել այդ ամենն իրագործել եւ ինչ աստիճանի են հասել։