«Օրինաց երկրի» եւ Սամվել Բաբայանի «Դաշինք» կուսակցության միջեւ գոյություն ունեցող սերտ համագործակցությունն այսօր արդեն ոչ մեկի համար գաղտնիք չէ: Քաղաքական դաշտում ապագա խորհրդարանական ընտրություններում այդ երկու կուսակցությունների համատեղ գործելու հավանականությունն այսօր շատ բարձր է գնահատվում (չնայած «Դաշինքի» ղեկավարները բազմիցս հրապարակայնորեն հայտարարել են, որ բացառում են որեւէ նախընտրական դաշինքով հանդես գալը): Բնականաբար, այդ կուսակցությունների միջեւ սերտ համագործակցությունը վերլուծաբանները դիտարկում են որպես ազդանշան, որ 2008-ի նախագահական ընտրությունների ժամանակ Սամվել Բաբայանն արդեն նախընտրել է Արթուր Բաղդասարյանին որպես ՀՀ նախագահի թեկնածու: Սակայն, ըստ մեր աղբյուրների` շատերին, թերեւս, մեծ անակնկալ է սպասվում, քանի որ, մի բան է խորհրդարանական ընտրությունները, մեկ այլ բան` նախագահականը: Ըստ այդմ՝ տարբեր են եւ նախընտրելի թեկնածուները: Եվ եթե խորհրդարանական ընտրություններում «Օրինաց երկիր» եւ «Դաշինք» կուսակցությունների միջեւ համագործակցությունը (բայց ոչ դաշինքը) մոտ է ճշմարտությանը, ապա նախագահականում Սամվել Բաբայանը, ամենայն հավանականությամբ, կպաշտպանի ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանի թեկնածությունը: