Հայտարարություն

26/12/2006

Վարչախմբի ոստիկանապետական գործելակերպը հասել է իր ծայրահեղ դրսեւորմանը` վերաճելով պետական ահաբեկչության: Սույն թվականի դեկտեմբերի 20-ին սպանվել է Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղի գյուղապետը: Ինչպես նմանօրինակ նախորդ սպանությունների դեպքում, այստեղ եւս ակնհայտորեն գերակշիռ է քաղաքական բաղադրիչը: Ռ. Քոչարյանի եւ Ս. Սարգսյանի հովանու տակ ձեւավորվող բանդաները, քողարկվելով կուսակցական գործունեության դիմակով, իրականում անցել են քաղաքական ահաբեկչության: Նրանց խնդիրը ցանկացած այլակարծություն կոտրելն է, ժողովրդի մեջ վախի մթնոլորտը խորացնելը, առանց որի հնարավոր չէ իրականացնել կոռումպացված իշխանության վերարտադրությունը: Միեւնույն ժամանակ, իշխանական բանդաները սկսել են մրցակցել իշխանության բաժանումից ավելի մեծ կտոր ստանալու, այսպիսով՝ ստվերային տնտեսության եւ կոռուպցիոն համակարգի ավելի մեծ չափաբաժին պոկելու համար: Ամենաթողության խրախուսման մթնոլորտում վերջին շրջանում կատարված սպանությունները վկայությունն են այն բանի, որ այս պրոցեսները դուրս են եկել անգամ ռեժիմի վերահսկողությունից: Ռեժիմն այլեւս վերջնականապես անկարող է ապահովել քիչ թե շատ նորմալ պայմաններ բնականոն քաղաքական գործընթացների համար: Սրա` որքան բնական, նույնքան ցավալի ու վտանգավոր հետեւանքն է` նույնպիսի պատասխան մեթոդների որդեգրումը հասարակության զանազան ուժերի կողմից: Այսպիսի պայմաններում վարչախմբի` օրինականության ապահովման որեւէ խոստում երեսպաշտություն է, այդ կապակցությամբ նրան արված որեւէ հորդոր` անպտուղ եւ անիմաստ զբաղմունք: Միայն վարչախմբի օր առաջ հեռացումը կարող է կանխել խորացող ու անվերահսկելի դարձող ահաբեկչությունը, երաշխիքներ ստեղծել ՀՀ-ում բնականոն քաղաքական գործունեության, այդ թվում նաեւ` ընտրությունների համար:

«Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնություն