Նախագահը մտահոգված է

07/05/2005

Արտաքին քաղաքական ճնշումներին զուգընթաց՝ վերջին շրջանում Հայաստանում օրեցօր սրվող քրեածին իրավիճակը, ըստ նախագահականին մոտ կանգնած աղբյուրների, բավականին անհանգստացրել է Ռոբերտ Քոչարյանին: Բանն այն է, որ քրեական «ռազբորկաների», աղմկահարույց սպանությունների եւ «Hummer»-ների վրաերթերի սրընթաց աճող քանակն ու մյուս կողմից` համապատասխան իրավապահ կառույցների «տարօրինակ» անգործությունն ու անվճռականությունը ՀՀ նախագահի եւ նրա մերձավոր շրջապատի մոտ կասկածներ են առաջացրել, որ դրանք ամենեւին էլ պատահական բնույթ չեն կրում, այլ իշխանական որոշ բարձրաստիճան օղակներից են հրահրված: Նույն աղբյուրների համաձայն, օրերս ՀՀ նախագահի սեղանին մի վերլուծական գրություն է դրվել, որտեղ նշվում է, որ արտաքին ոչ բարենպաստ մարտահրավերների պայմաններում վերնախավի որոշ ուժեր, կտրուկ սրելով քրեածին իրավիճակը երկրում, փորձում են հասարակության մոտ տպավորություն ստեղծել, որ երկրի ղեկավարությունը կաթվածահար վիճակում է գտնվում եւ այլեւս ընդունակ չէ իրադրությունը վերահսկելու: Ըստ վերլուծականի հեղինակների, արտաքին եւ ներքին ոչ բարենպաստ ֆոնի եւ ամենակարեւորը՝ ներկայացվող տխուր հեռանկարների պարագայում, իշխանական որոշ ուժեր փորձ կանեն համոզել երկրի գործող նախագահին՝ ինքնակամ հրաժարական տալ: Իսկ եթե Ռ. Քոչարյանը հրաժարվի նման քայլ կատարելուց, կարող է գործի դրվել 1998 թ. Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականի օրոք հաջողությամբ փորձարկված, ըստ էության, ուժային մեխանիզմը: Նույն աղբյուրի համաձայն, ի տարբերություն նմանատիպ այլ նախազգուշացումների, այս անգամ Ռ. Քոչարյանը բավականին լրջորեն է վերաբերվում նկարագրված սցենարների իրականացման հնարավորություններին: Չի բացառվում, որ համեմատաբար հանգիստ պայմաններում ստեղծված իրավիճակի շուրջ մտորելու անհրաժեշտությամբ է պայմանավորված այս շաբաթվա սկզբին կարճաժամկետ արձակուրդ գնալու Քոչարյանի անսպասելի որոշումը: