«Գազպրոմը» վարժվել է Վրաստանի հայտարարություններին

26/12/2006

Վրաստանի եւ նախկին ԽՍՀՄ մյուս հանրապետությունների մեծ մասի համար 2007թ. ռուսական գազի գինը ձեւավորվել է` ելնելով միջին գներից` ըստ «Գազպրոմի» բոլոր եվրոպական պայմանագրերի` հաշվի առնելով փոխադրման ծախսերը: Ըստ ՌԲԿ-ի, «Գազպրոմի» պաշտոնական ներկայացուցիչ Սերգեյ Կուպրիանովն այդպես է մեկնաբանել Վրաստանի տնտեսական զարգացման նախարար Գեորգի Արվելաձեի այն հայտարարությունը, թե Վրաստանը գազի դիմաց «քաղաքական գին» չի վճարի: Ինչպես նշել է Ս. Կուպրիանովը, Վրաստանին առաջարկվող գինը, «պարզ ասած, այն գինն է, որով ընկերությունը կարող է այդ գազը վաճառել այլ շուկաներում»: «Քաղաքական գնի» վերաբերյալ Վրաստանի հայտարարություններին մենք արդեն վարժվել ենք, դրանք հնչում են ամեն տարի, երբ գալիս է նոր պայմանագրեր կնքելու ժամանակը: Այսպես, 2005թ. «քաղաքական» էր որակվում 1000 խմ դիմաց 110 դոլար գինը, իսկ ավելի վաղ «քաղաքական» էր համարվում գազի դիմաց ժամանակին վճարելու պահանջը` ավելի ցածր գնի պայմաններում: Ածխաջրածինների գինն աճում է ողջ աշխարհում, սակայն, ըստ երեւույթին, միայն Վրաստանի համար` քաղաքական պատճառներով», – ասել է Ս. Կուպրիանովը: Հիշեցնենք, որ «Գազպրոմը» Վրաստանին առաջարկել է ռուսական գազը գնել 1000 խմ դիմաց ոչ թե 230 դոլարով, ինչպես ավելի վաղ հայտարարվել էր, այլ` 235 դոլարով: