Հայաստանի տնտեսության զարգացումն ապահովող շինարարությունը 2007 թվականից վերջապես հարկվելու է: Իսկ 2007թ. բյուջեն նույնիսկ ունի հատուկ հարկային փաթեթ, որն ուրվագծում է, թե ինչպես պետք է հարկել շինարարության ոլորտը:
Շինարարության առանձին նեղ ոլորտներ մինչեւ հիմա էլ հարկվել են, սակայն չեն հարկվել բուն կառուցապատումից ստացվող եկամուտները: Իսկ շինարարությունը, որն այսօր սահմանափակված է հիմնականում էլիտար կոչվող բազմաբնակարանային շենքերի կառուցապատմամբ եւ մասնավոր է, համարվում է շատ եկամտաբեր բիզնես: Այսօր Հայաստանում դժվար է գտնել մի այնպիսի գործունեություն, որն ունենա 100-250 տոկոս շահութաբերություն: Էլիտար շինարարությունն ապահովում է այդպիսի շահութաբերություն: Այստեղ ներդրած 100 դոլարի դիմաց կառուցապատողները կամ այդ շենքերի տերերը ստանում են 200-250, առանձին դեպքերում նույնիսկ՝ 300 եւ 350 դոլար: Այսինքն, շենք կառուցելու համար ծախսած 100 դոլարի դիմաց սեփականատերը վաճառելուց հետո ստանում է 200-350 դոլար եկամուտ: Նրա ծախսած 100 դոլարը եթե հանենք, մնացած 100-250 դոլարն իր մաքուր շահույթն է կազմում: Այ, հենց այս գումարները մինչեւ հիմա չեն հարկվել, եւ պետք է հարկվեն՝ սկսած 2007 թվականից:
Անցած 5-6 տարիներին մասնավոր շինարարությունն անընդհատ աճ է գրանցել, եւ, որքան աճել է, նույնքան ավելացել են կառուցապատողների եկամուտները։ Ավելացել է նաեւ այս ոլորտից շահույթ ակնկալող կառուցապատողների քանակը: Եվ տրամաբանական կլիներ, որ ոլորտի տնտեսվարողները տարեցտարի ավելի շատ հարկեր վճարեին: Սակայն այդ 5-6 տարիների ընթացքում կառուցապատումից ստացված եկամուտներից ոչ մի կոպեկ բյուջե չի գնացել: Անցած տարիներին շինարարության այս հատվածը հարկման դաշտ բերելու համար փորձեր եղել են: Խոսվում էր հաստատագրված հարկ սահմանելու մասին ինչ-որ օրինագծի մասին: Նույնիսկ նշվում էր, որ կառուցապատողն իր վաճառած բնակարանի յուրաքանչյուր քառակուսի մետրի համար պետք է վճարի 25.000 դրամ հաստատագրված հարկ: Այդ օրինագիծը Ազգային ժողովում լայն քննարկման արժանանալու բախտ չունեցավ: Այս տարի կառավարությունն, ի վերջո, որոշել է շինարարության ոլորտը հարկել՝ «կատարելագործելով գործող հարկային մեխանիզմները»: Երեկ Տնտեսական լրագրողների ակումբի հրավիրած հանդիպման ժամանակ լրագրողների հետ հենց այս թեման էր քննարկում Հարկային պետական ծառայության պետի տեղակալ Արմեն Ալավերդյանը:
«Շատ է խոսվում այն մասին, թե կառուցապատողները հարկեր քիչ են վճարում: Այդ գնահատականներն ինչ-որ տեղ զգայական են, եւ առանձին դեպքերում չեն հենվում կոնկրետ փաստերի վրա»,- ասում է պարոն Ալավերդյանը: Պարոն Ալավերդյանը համաձայն չէ նաեւ ստեղծված այն տեսակետի հետ, թե կառուցապատողներն ունենում են կրկնակի, եռակի չափով շահութաբերություն: «Իհարկե, շահութաբեր բիզնես է, բայց ես չեմ պատրաստվում ասել, թե այդտեղ կա 100 կամ 200% շահութաբերություն,- ասում է Ա. Ալավերդյանը: -100 % շահութաբերություն չկա: Չենք ասում, թե վնասով գործունեություն է, բայց միջին շահութաբերությունը 30%-ից ցածր չէ»:
Նրա կարծիքով` եթե մինչեւ հիմա շինարարությունը չի հարկվել, ապա Հայաստանի բյուջեն դրանից առանձնապես մեծ կորուստներ չի ունեցել, որովհետեւ գործարկված հատվածը մեծ չի եղել: Իսկ ներկայումս ընթացող շինարարության մեծ մասը դեռ ավարտված չէ: Երեւանում այժմ կառուցվում են 40-45 բազմաբնակարան շենքեր: Ավելին, նրա ասելով` կան ավարտին հասցված մի քանի բազմաբնակարան շենքեր, որտեղ բնակարանների մեծ մասը դեռ վաճառված չէ: «Դա ներդրում է, ի վերջո, ծախս են անում, մարդիկ ձեռնարկատիրական ռիսկի վրա են ներդրում անում, եւ մենք չենք կարող ընթացքում գնալ եւ հարկեր պահանջել, երբ դեռ չի եղել դրա վաճառքը, չկա օգուտը,- ասում է Ա. Ալավերդյանը: -Ներդրումները հիմնականում վարկային միջոցներով են արվում, կա նաեւ այդ վարկերը սպասարկելու խնդիրը: Խնդրում եմ, գնահատումների ժամանակ այս հանգամանքները հաշվի առնել»: Ա. Ալավերդյանը տեղեկացրեց, որ 2007թ. երբ շինարարությունը սկսի հարկվել, դա տեղի կունենա միայն գործարկված մակերեսի վաճառքից հետո: Ընդ որում, հարկվելու է միայն վաճառված հատվածը: Իսկ շենքի ընդհանուր օգտագործման հատվածները կամ հասարակական նշանակության տարածքները զերծ են մնալու հարկվելուց: Ընդհանրապես, երբ ՀՊԾ պետի տեղակալը ներկայացնում էր, թե կառուցապատողներն ինչ խնդիրներ ունեն, ինչպես պետք է հարկվեն, կամ այն մասին, թե նրանց շահույթների մասին մեր ունեցած պատկերացումները չափազանցված են, տպավորություն է ստեղծվում, թե մեր իշխանություններն ամեն ինչ անելու են, որ էլիտար շենքեր կառուցողները հնարավորինս քիչ հարկվեն: Ըստ Ա. Ալավերդյանի՝ իրենք վաճառվող հատվածները հարկելուց հիմք են ընդունելու շենքի կամ վաճառվող տարածքի կադաստրային արժեքը: Իսկ եթե կարողանան ապացուցել, որ տարածքները վաճառվել են կադաստրային արժեքից ավելի բարձր գնով, ուրեմն հարկելու են` ելնելով այդ գնից: Առանձնապես մեծ տրամաբանություն պետք չէ կռահելու համար, որ այսուհետ ոչ մի կառուցապատող իր տարածքի վաճառքի գինը կադաստրային արժեքից ավելին չի ձեւակերպի: Իսկ շուկայական արժեքից ստացված գումարները նորից ստվերում կպահի: Ճիշտ այնպես, ինչպես պետական նշանակություն ունեցող հողերի ու տարածքների վաճառքն է ձեւակերպվում «կադաստրային» գներով, բայց գրպանվում է շուկայական արժեք: Հարկային մարմինը դժվար թե կարողանա, նույնիսկ չի էլ փորձի Սամվել Մայրապետյանին կամ Գագիկ Ծառուկյանին եւ մյուս կառուցապատողներին ապացուցել, որ նրանք իրենց վաճառած շենքերից ստացել են շուկայական եկամուտ, սակայն վճարել են կադաստրային արժեքից հաշվարկված հարկեր: «Գործող հարկային մեխանիզմների կատարելագործված» տարբերակը շատ պարզ է եւ կարծես թե այնպես է մշակված, որ կառուցապատողների ստվերային գրպանին շատ չխփի: Իսկ մեր կառուցապատողների ստվերային եկամուտները մեծ են: Մանավանդ, եթե հաշվի առնենք, որ նրանք մեծամասամբ համարվում են օտարերկրյա ներդրողներ, որոնք մեր երկրում ունեն 2 տարի շահութահարկ չվճարելու արտոնություն: Իսկ այդ օտարերկրյա ներդրում կոչվածն այնքան էլ օտարերկրյա չէ: Ուղղակի մեր գործարարներն իրենց հիմնարկն «օտարերկրյա» են ձեւակերպում, որպեսզի օգտվեն այդ հարկային արտոնությունից: «Այդ գործարարներն օգտվում են գործող օրենսդրությունից եւ դրա իրավունքն ունեն: Մենք կտրականապես դեմ ենք եղել հարկային արտոնություններին եւ միշտ դեմ կլինենք: Բայց դա կա, եւ տվյալ գործարարներն օգտվում են»,- ասում է ՀՊԾ պետի տեղակալը:
Դժվար է ասել, թե հարկման այս մեխանիզմը որքանով էր լավ նախորդից՝ հաստատագրված հարկ սահմանելուց: Դրա համար դեռ պետք է ներկայացված փաթեթն ավելի լավ ուսումնասիրել, համեմատել նախորդ օրինագծի հետ եւ սպասել, թե ինչ կբերի 2007 թվականը: Բայց արդեն պարզ է, որ ամեն ինչ արվել է, որպեսզի գերշահույթ ստացող էլիտար շինարարներն իրենց սեփական ստվերային բյուջեի հաշվին շատ չհարստացնեն Հայաստանի պետական բյուջեն, ինչպես որ չեն հարստացրել անցած տարիներին: Պարոն Ալավերդյանի տեղեկացմամբ` 2007թ. շահագործման կհանձնվեն մոտ 10 շենք: Դրանից սպասվող հարկային եկամուտների մասին կոնկրետ թվեր չասաց, բայց նորից մոտավոր նշեց՝ «մի քանի հարյուր մլն դրամի կարգի»: