Ի վերջո, ո՞րն է «կրեդիտային կրթական համակարգը»

26/12/2006 Անուշ ՄԿՐՏՉՅԱՆ

Կրթական ոլորտում վերջին շրջանում շատ է գործածվում «կրեդիտային համակարգ» տերմինը: «Փորձած թանն անփորձ մածունից լավն է» արտահայտությանն ընտելացած ժողովրդի համար սա պարզապես տերմին էլ մնում է, որովհետեւ մարդիկ չեն հասկանում դրա իմաստն ու բովանդակությունը, եւ, վախենալով, որ հերթական անգամ կդառնան փորձարկումների դաշտ, բողոքում ու ըմբոստանում են:

Սակայն, «կրեդիտային համակարգ» ասվածը, թերեւս, այն եզակի դեպքերից է, երբ նորամուծությունը տրամաբանության սահմաններում է, եթե, իհարկե, այն իրականանա այնպես, ինչպես խոստանում են:

«Կրեդիտն ուսանողի ծանրաբեռնվածությունն է: Այսինքն՝ չափման միավոր է, որով չափվում է՝ քանի ժամ է ծանրաբեռնված ուսանողը: Նախեւառաջ, դա ուսանողակենտրոն ծրագիր է, որը նպաստում է ուսանողին` պլանավորել իր ուսանողական եւ անձնական կյանքը: Այսինքն՝ ընտրել այն դասերն ու ժամերը, որոնք պետք են իրեն»,- մեզ հետ զրույցում պարզաբանեց ԿԳ նախարարի խորհրդական Ներսես Գեւորգյանը, ով երեկ ԵՊՀ-ում մասնակցում էր ԿԳՆ-ի եւ Երեւանի բուհերի ղեկավարության հրավիրած կոնֆերանսին: Կոնֆերանսի ընթացքում վերլուծվում էր կրեդիտային համակարգ անցած բուհերի փորձն ու ընդհանրացվում էին արդյունքները: Բուհերից շատերում արդեն ինչ-որ փորձեր արվել են, բայց կիզակետային են համարվում 4 բուհեր՝ ԵՊՀ-ն, Երեւանի պետական Ճարտարագիտական համալսարանը, Գյուղատնտեսական պետական ակադեմիան եւ Տնտեսագիտական պետական համալսարանը: Կոնֆերանսի ընթացքում 4 բուհերի ղեկավարները ներկայացրին իրենց կատարած փորձերի արդյունքները՝ հիմնականում բարձր գնահատելով այս նորամուծությունը: «Ամփոփելով այս բուհերի անցած փորձը՝ կստեղծվի համակարգային հենք, որը կառաջարկվի այլ բուհերին: Կլինի ընդհանուր հենք՝ ընդհանուր չափորոշիչներով»,- ասաց Ն. Գեւորգյանը: Սա կոչվում է եվոպական կրեդիտային փոխանցման համակարգ, որն ուսանողներին հնարավորություն է տալիս տեղափոխվել բուհից բուհ, երկրից երկիր: Ն. Գեւորգյանը դասախոսում է ամերիկյան բուհերից մեկում եւ, որպես հիմք ընդունելով նրա փորձն ու խոսքերը, ենթադրում ենք, որ «կրեդիտային համակարգը» հենց այն համակարգն է, որին դեռ մի 5-6 տարի առաջ ձգտում էր հայ ուսանողությունը: Այսինքն՝ յուրաքանչյուր ուսանող իրավունք ունի, պարտադիր առարկաներից բացի, ընտրել նաեւ այն առարկաները, որոնք կցանկանար ուսումնասիրել: Ընդ որում, կոնկրետ բուհի ուսանողը կարող է այդ առարկան ուսումնասիրել լրիվ այլ բուհում եւ, որպես կրեդիտ, գրանցել իր ավարտական վկայականում: Փաստորեն, բուհն ավարտելուց հետո այս ուսանողն այլ մասնագիտական որակավորում է ունենում: Այստեղ, իհարկե, թվաբանական փոփոխություններ էլ են կատարվում: Գնահատականներն այլեւս 2-5 բալանոց համակարգով չեն լինում: «Պետք է ստեղծվի գնահատման մի այնպիսի համակարգ, որը կհամապատասխանի հետուսումնական ծրագրերին: Կարեւորը՝ կոմպոնենտներով եւ առանձին մասերով գնահատվեն: Մեթոդիկան փոխվում է, եւ ուսանողին տրվում է անհատական աշխատանք: Այս ամենը ենթադրում է, որ գնահատականների համակարգն էլ պետք է փոխվի: Այն ավելի շատ ինտերակտիվ համակարգ է դառնում: Ընդ որում՝ միավորներն էական չեն, կարող է լինել, ասենք, 100 միավոր, էականը դա չէ, էականը որակն է»,- ասաց Ն. Գեւորգյանը:

«Կրեդիտային համակարգը» փոքր-ինչ անհանգստացրեց արվեստի բուհերին: Բանն այն է, որ այստեղ ուսումնական գործընթացը շատ բաներով տարբերվում է այլ բուհերից: «Եթե չլիներ միջազգային փորձը, դժվար թե մենք գայինք դրան: Բացի ընդհանուր առարկաներից, արվեստի բուհերն իրենց առանձնահատկություններն ունեն: Մենք վախենում էինք, որ այն որակները, որ ունեինք առաջ, չկարողանանք հետագայում ապահովել: Հիմա աշխատում ենք այդ ուղղությամբ, համագործակցում ենք նմանատիպ արտասահմանյան արվեստի բուհերի հետ եւ, իրենց փորձը հաշվի առնելով, պետք է ունենանք այն արդյունքները, որոնք որակ կապահովեն»,- ասաց Երեւանի Գեղարվեստի ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանը: Վերջինիս հանգստացնում է այն հանգամանքը, որ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը «կրեդիտային համակարգը» չի համարում որպես պարտադիր պլան: Ըստ ԿԳ նախարարի՝ սկսած «ուսանողներից մինչեւ դասախոսներ պետք է հասկանան այս համակարգը»: «Ամենալավը, որ դա միանգամից չէ, տարիների ընթացքում է լինելու: Մեր բուհում երրորդ կուրսից արդեն անցել ենք այս համակարգին: Մենք ունենք մեր ռազմավարական ծրագիրը եւ, մինչեւ 2011թ. բոլոր հարցերը պետք է լուծվեն»,- ասաց Ա. Իսաբեկյանը:

Տարիքով մեծ դասախոսների շրջանում այս նոր մոտեցումն այնքան էլ ողջունելի չէ: Նրանք լուրջ փոփոխություններ պետք է կատարեն իրենց աշխատաոճում՝ ինտերակտիվ դասընթացներ ապահովելու համար, ինչը շատերի համար անսովոր է եւ անընդունելի: «Ինչո՞վ էր պակաս հին կրթական մեթոդը: Մենք պակա՞ս կրթված ենք ու բազմակողմանի զարգացած»,- մտածում են շատ տարեց դասախոսներ: «Հին մեթոդը ո՞րն է. երբ դասախոսը մտնում է բուհ եւ դասախոսությունը կարդում եւ դո՞ւրս է գալիս, եթե դա է հինը, այո, հրաժարվում ենք»,- ասաց Ն. Գեւորգյանը՝ հուսալով, որ մինչեւ 2011թ. Երեւանի բուհերում կրեդիտային համակարգը «կկանգնի ամուր ոտքերի վրա»: