Տարիներ առաջ անցկացված ընտրանքային հետազոտությունները վկայում են, որ հայկական պոպուլյացիայում կանանց չբերությունը կազմում է 31,9 տոկոս, որից առաջնային չբերությունը 3,4 % է, իսկ երկրորդայինը` 28,5%:
Առողջապահության նախարարության Բժշկական օգնության կազմակերպման վարչության գլխավոր մասնագետ Գայանե Ավագյանը կարծում է, որ մեր երկրում չբերության ճշգրիտ պատկերը ստանալու համար, անհրաժեշտ է նոր հետազոտություն իրականացնել, որովհետեւ վերջին հետազոտության արդյունքներում առկա մեթոդոլոգիական սխալներով, երկրորդային չբեր համարվող 28,5% կանանց մեծ մասը երեխաներ ունեն: Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) սահմանման համաձայն, կանոնավոր ամուսնական կյանքով ապրող կինը, որը հակաբեղմնավորիչների չի դիմել ու երկու տարվա ընթացքում չի հղիացել, կոչվում է անպտուղ: Հետաքրքրական է իմանալ, որ Ֆրանսիան ու Գերմանիան ամլության համար ամուսնական մեկ տարին են հիմք ընդունում, իսկ Հայաստանն առաջնորդվում է ԱՀԿ-ի չափորոշիչներով: Մասնագետների կողմից ապացուցված է, որ անպտուղ ամուսնական զույգերը սոցիալապես դառնում են անակտիվ: Չբեր կանանց հոգեբանական վիճակի գնահատման գիտական աշխատանքները վկայում են, որ նրանց մոտ ժամանակի ընթացքում առաջանում են ծանր նեւրոզներ: Գ. Ավագյանն ասում է, որ այս գնահատականները չպետք է խոցեն նման կանանց: «Ամեն ինչ կորած չէ, եւ պետք չէ այդ կանայք հուսահատվեն, որովհետեւ այսօր մեզ մոտ կան արհեստական վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներ»,- վստահեցնում է նա: Հայաստանում հրաշալի, լավ հիմքերի վրա են դրված նաեւ չբերության ախտորոշման` էնդոսկոպիկ, ռենտգենաբանական, լապարոսկոպիկ, էնդոկրին մեթոդները: Ինչպես նշեցինք, այսօր աշխարհում տարածված են եւ արդյունավետ են գործում վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաները: Դրանք են արհեստական սաղմնավորումն ու փորձանոթային բեղմնավորումը: Այս ճանապարհով ծնված երեխաներ արդեն կան Հայաստանում: Գ. Ավագյանը տեղեկացնում է, որ շուտով փորձանոթային բեղմնավորմամբ կզբաղվի նաեւ Պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի ինստիտուտը, որտեղ վերակազմավորվող լաբորատորիան կյանքի կկոչվի շվեյցարական ամենախոշոր վերարտադրողական աջակցության տեխնոլոգիաների հետ համատեղ: Մեր իրականությունում մեծ տոկոս են կազմում այն կանայք, ովքեր հղիանում են էնդոսկոպիկ վիրահատական եղանակով: Գոյություն ունի նաեւ «իդիոպատիկ չբերություն» հասկացություն, որը նշանակում է` անհայտ ծագմամբ կամ պատճառագիտությամբ չբերություն: Սա այն դեպքն է, երբ նուրբ հետազոտություններից հետո պարզվում է, որ զույգերը վերարտադրողական տեսանկյունից առողջ են, սակայն անպտուղ են: Նման դեպքերում ընդունված է դիմել վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների: Մասնագետը նշում է, որ երկրներ կան, որտեղ կիրառվում է նաեւ դոնորային կամ սուռոգատային մայրությունը, երբ կինն ի վիճակի չէ հղիանալ, ու ինչ-որ մեկը կենսաբանորեն պատրաստ է կրելու տվյալ ամուսնական զույգի սաղմը: «Մարդու վերարտադրողական առողջության ու վերարտադրողական իրավունքների» մասին ՀՀ օրենքը թույլ է տալիս սուռոգատ մոր գաղափարի իրականացումը նաեւ Հայաստանում, սակայն այս երեւույթը մեզ մոտ դեռեւս չի տեղայնացվել: «Եթե կինը ենթակա է վիրաբուժական շտկման, ապա լապարոսկոպիկ միջամտությունը կարող է լինել շատ արդյունավետ: Բացարձակ չբերությունն այսօր շատ փոքր տոկոս է կազմում մեզ մոտ: Այն կինը, որն ամեն ամիս սպասում է հղիանալու եւ չի հղիանում, նրա մոտ նեւրոզ է սկսվում, որի ժամանակ խախտվում է հորմոնների արտադրությունը: Բազմաթիվ դեպքեր կան, երբ կանայք երեխա են որդեգրում եւ հղիանում են: Եղել են դեպքեր, որ ես իմ պացիենտներին ասել եմ` հնարավոր է, որ դուք հղիանաք, բայց եթե դա տեղի ունենա, ուրեմն հրաշք կլինի: Եթե կինը հրաշքների հավատում է, կարող է հղիանալ: Իմ պրակտիկայում նաեւ երկու դեպք եմ ունեցել, երբ բնական ճանապարհով հղիանալու շանսերը զրոյացված են եղել, եւ այդ կանայք հղիացել են»,- ասում է մանկաբարձ-գինեկոլոգը: Նրա հավաստմամբ, անկախ այն հանգամանքից, կինը վերարտադրողապես առո՞ղջ է, թե՞ ոչ, ժամանակակից սերունդը ձեռնպահ է մնում բազմանալ, որի դրդապատճառները, նրա գնահատականներով, այդքան էլ սոցիալ-տնտեսական չեն: «Մեր ընտանիքը խիստ ապահովված չես անվանի, սակայն ես չեմ պատրաստվում մոտակա մի քանի տարիներին ունենալ երկրորդ երեխային: Ես հանցագործ եմ համարում այն կանանց, ովքեր շատ երեխաներ են ունենում ու չեն կարողանում նրանց մարդավարի պահել: Հետո, ես չեմ ցանկանում իմ հաջորդ երեխային պահել նախորդի շորերով: Ինձ դուր են գալիս նաեւ սոցիալական շփումները: Բացի դա, պետք է նախեւառաջ կշռադատել ընտանիքի կայունության բավարար լինելու հիմքերը, հետո նոր մտածել երկրորդ, երրորդ երեխաների մասին»,- ասում է մեր զրուցակից կանանցից մեկը, որի միակ որդին շուտով կդառնա երկու տարեկան: Այնպես որ՝ չբազմանալու պատճառները բազմազան են: Ստացվում է այնպես, որ նրանք, ովքեր ունակ են «վերարտադրվելու», շատ պասիվ են, իսկ մյուսները փնտրում են վերարտադրվելու կենսունակ եւ ժամանակակից միջոցներ: