«Արտահայտելով ջավախահայության լուրջ մտահոգությունը հայ ժողովրդի ազատագրական պայքարի նվիրյալ Ժիրայր Սէֆիլյանի եւ նրա զինակից Վարդան Մալխասյանի ձերբակալության կապակցությամբ` հասարակական նախաձեռնությամբ ձեւավորված կոմիտեն կոչ է անում ՀՀ իշխանություններին` վերանայել Ժիրայր Սէֆիլյանի եւ Վարդան Մալխասյանի նկատմամբ որդեգրված անհամաչափ եւ քաղաքական բացահայտ հալածանքի տպավորություն ստեղծող պատժամիջոցները: Ընդդիմադիր քաղաքական հայացքներ մարտական ուղղամտությամբ արտահայտող ազատամարտի հերոսների ցուցադրական եւ իրավաբանորեն անհիմն կալանավորումը եւ ՀՀ ԱԱԾ-ի ստալինյան բռնապետության ոճով անհեթեթ քաղաքական զրպարտությունների հրապարակային տարածումը վնասում են Հայաստանի միջազգային վարկանիշին ու Ջավախքի եւ աշխարհասփյուռ հայության Հայոց պետության նկատմամբ տածած վստահությանը»,- ասված է հայտարարության մեջ: Կոմիտեն դիմում է ՀՀ իշխանություններին՝ «ձերբակալված ազգային գործիչներին կալանավայրից ազատելու եւ նրանց նկատմամբ հարուցված քրեական գործերի քննությունը բացառապես իրավական ոլորտ տեղափոխելու հաստատուն պահանջով»: Հայտարարության մեջ նաեւ ասվում է, թե՝ «Արցախի ազատագրության եւ Հայոց պետության կայացման համար մարտնչած Ժիրայր Սէֆիլյանի եւ Վարդան Մալխասյանի ազատ արձակմամբ ՀՀ իշխանությունները բացառիկ առիթ կունենան վկայելու ժողովրդավարական արժեքներին եւ երկրում իրավական եւ ազատական մթնոլորտի սահմանադրորեն ամրագրված պարտավորություններին հավատարիմ լինելու մասին»:
Ի դեպ, երեկ, ի պաշտպանություն Ժ. Սէֆիլյանի եւ Վ. Մալխասյանի` հայտարարություն է տարածել նաեւ Հայ կամավորականների համախմբման» նախաձեռնությունը, ուր ասվում է, թե Ժ. Սէֆիլյանի եւ Վ. Մալխասյանի կալանման, ինչպես նաեւ` համատարած խուզարկությունների եւ հարցաքննությունների իրական նպատակը «Հայ կամավորականների համախմբման» ներկա եւ ապագա մասնակիցների շրջանում վախի մթնոլորտ ձեւավորելն է: «Մենք` հարցաքնության եւ խուզարկության ենթարկված «Հայ կամավորականների համախմբման» անդամներս, հայտարարում ենք, որ ի տարբերություն իշխանության մոտալուտ կորուստը կանխազգացող վարչախմբի, մեր մեջ վախի, «սարսափի անասունը» վաղուց սպանված է, չենք ընկրկել եւ չենք ընկրկելու մեր դեմ կիրառվող ճնշումներից եւ լի ենք վճռականությամբ` հաղթական ավարտին հասցնելու մեզ բաժին ընկած առաքելությունը»,- ասված է «Հայ կամավորականների համախմբման» հայտարարության մեջ: