Էներգետիկ ոլորտի դռները միշտ բաց են

26/12/2006

Երեկ ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը նշեց, որ երկու տարվա ընթացքում Հայաստանը մտադիր է նախապատրաստել տեխնիկատնտեսական հիմնավորումներ՝ ատոմային նոր էներգաբլոկի կառուցման համար: Նրա խոսքերով, անհրաժեշտ փաստաթղթերի նախապատրաստման գործում ՄԱԳԱՏԷ-ն եւ ԱՄՆ ՄԶԳ-ն ֆինանսապես եւ տեխնիկապես կօժանդակեն հայկական կողմին: Դրանից հետո կկազմակերպվի դոնոր-երկրների գիտաժողով, որի ընթացքում կհստակեցվի յուրաքանչյուր երկրի եւ ՀՀ կառավարության մասնակցությունը ծրագրում: Նոր ատոմակայանի կառուցման համար կպահանջվի 7-8 տարի: Նախարարի խոսքերով, միջազգային կառույցների ներկայացուցիչները համաձայն են, որ Մեծամորի ատոմակայանին այլընտրանք կարող է լինել միայն նոր ատոմակայանը: Ա. Մովսիսյանը նաեւ նշեց, որ արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանի «Կորպորասիոն Ամերիկա» ընկերությունը հետաքրքրված է Հայաստանում երկրաջերմային կայանների շինարարությամբ: Ընկերության հետ հայկական կողմն արդեն պայմանավորվածություն է ձեռք բերել՝ Սյունիքի մարզում աշխատանքներ իրականացնելու համար: Իսկ իտալական «Girret» ընկերությունը մտադիր է ՀՀ հողմային էներգետիկայի ոլորտում 130 մլն դոլարի ներդրումներ իրականացնել: Ըստ Ա. Մովսիսյանի, նախատեսվում է քամու ուժով աշխատող կայաններ կառուցել Շիրակի մարզում: