Ղարաբաղցիների կյանքում գրեթե ոչինչ չի փոխվել

26/12/2006 Անահիտ ԴԱՆԻԵԼՅԱՆ

2006 թվականը մոտենում է ավարտին: Ասել է թե` ժամանակն է ի մի բերելու տարվա ընթացքում արձանագրված առաջընթացն ու ձախողումները:

Այդ նպատակով վերջերս Ղարաբաղում գործող «Բաց հասարակություն» հասարակական կազմակերպությունը` «Միասնություն» մարզամշակութային երիտասարդական կազմակերպության հետ համատեղ, հարցում է անցկացրել` պարզելու համար, թե ինչպիսին էր 2006 թվականը ղարաբաղցիների կյանքում:

Հարցմանը մասնակցել է 18 տարեկանից բարձր 150 քաղաքացի` 20-ական հոգի մասնակցել են Մարտունու, Մարտակերտի, Շուշիի եւ Հադրութի շրջաններից, իսկ Ստեփանակերտից` 70 քաղաքացի:

Հարցման մասնակիցներին անհրաժեշտ էր պատասխանել մեկ հարցի` «2006 թվականին ձեր կյանքում առաջընթաց գրանցվե՞լ է` ընտանեկան, քաղաքական կյանքում, սոցիալական վիճակում, ազատությունների եւ կայունության ու պաշտպանվածության առումով»: Արդյունքները ցույց են տվել, որ հարցման 150 մասնակիցներից 59-ի ընտանեկան կյանքում 2006-ին առաջընթաց է գրանցվել, 25-ը գտնում են, որ մի քիչ է առաջընթաց գրանցվել, 51-ը փաստել են, որ իրենց կյանքում ոչինչ չի փոխվել, իսկ 15-ը` վիճակն ավելի է վատացել:

Մասնակիցներից 33-ի սոցիալական վիճակում է տարվա ընթացքում առաջընթաց գրանցվել, 39-ի մոտ` «մի քիչ», 62-ի սոցիալական վիճակում ոչինչ չի փոխվել, իսկ 16-ի սոցիալական վիճակն ավելի է վատացել:

2006-ին հանրապետության քաղաքական կյանքում առաջընթաց է գրանցվել 150 մասնակիցներից 37-ի կարծիքով: Մյուս 37-ի կարծիքով` «մի քիչ», 73-ը գտնում են, որ քաղաքական կյանքում ոչինչ չի փոխվել, իսկ 3-ի կարծիքով, վիճակն ավելի է վատացել:

«Ձեր կյանքում առաջընթաց գրանցվե՞լ է ազատությունների առումով» հարցին 150 մասնակիցներից 28-ն «այո» է պատասխանել, 37-ը` «մի քիչ», 79-ը` «ոչինչ չի փոխվել», իսկ 6-ն`«ավելի է վատացել»:

Հարցման մասնակիցներից 43-ի կարծիքով` 2006-ին իրենց կյանքում կայունության եւ պաշտպանվածության առումով առաջընթաց է գրանցվել, 32-ի կարծիքով` «մի քիչ», 60-ը գտնում են, որ ոչինչ չի փոխվել, իսկ 5-ը գտնում են, որ վիճակն ավելի է վատացել:

Վերոնշյալ տվյալներն ուսումնասիրելով` պարզ է դառնում, որ հարցման մասնակիցներից շատերի կյանքում ոչինչ չի փոխվել:

Հետաքրքրականն այն էր, որ շրջանների պատասխանները շատ դեպքերում իրարից խիստ տարբերվում էին: Օրինակ` Մարտունու շրջանում հարցման 20 մասնակիցներից 6-ն են նշել, որ ազատությունների առումով առաջընթաց է գրանցվել, Մարտակերտի եւ Հադրութի շրջաններում` 2-ական, Շուշիում` ընդամենը 1-ը: Շրջաններում հիմնականում նշել են, որ ոչինչ չի փոխվել, կամ էլ` շատ չնչին չափով է փոխվել:

Համարյա նույնն է պատկերը նաեւ կայունության եւ պաշտպանվածության առումով. Մարտունու շրջանում 20 հարցվածներից 6-ն են գտնում, որ ազատությունների առումով առաջընթաց է գրանցվել, Մարտակերտի եւ Հադրութի շրջանում` 2-ական, Շուշիում` դարձյալ 1-ը: Հանրապետության բնակիչներից շատ քչերի մոտ է սոցիալական վիճակում առաջընթաց գրանցվել. Ստեփանակերտի 70 մասնակիցներից 18-ի մոտ, Մարտունու շրջանում` 20 հարցվածներից 5-ի, Մարտակերտում` 4-ի, Շուշիում` 3-ի, իսկ Հադրութում` դարձյալ 3-ի մոտ:

Հարցման արդյունքները, մասնագետների կարծիքով, ներկայացնում են բնակիչների իրական վիճակը: Սակայն դա որեւէ կերպ չի ազդում 2006-ը ճանապարհող եւ 2007-ը դիմավորող արցախցիների վրա, որոնք, արդեն մեկ շաբաթ է, ինչ սկսել են ամանօրյա գնումներ կատարել` յուրաքանչյուրն իր հնարավորությունների սահմաններում: