ԱԼՄ հոլդինգի ղեկավար Տիգրան Կարապետյանը երեկ բողոքել է, որ շատերն ուղղակի սեփական անգործությունից են քննադատում իր «բարեգործությունը»: «Այստեղ խնդիրը, ինձ թվում է, հետեւյալն է, որ այսպիսի մոտեցում չի եղել Հայաստանում, ընդհանրապես»,- ասել է Տիգրան Կարապետիչը: Ի պատասխան դիտարկման, թե բարեգործություն է անում, որպեսզի տեղ գտնի խորհրդարանում, նա նշել է, որ ինքը 5 տարվա ընթացքում բարեգործության համար ծախսել է 7 մլն դոլար, «մինչդեռ պատգամավոր լինելու համար բավական է ծախսել մոտ կես մլն դոլար»: «Ստացվում է, որ ես ավելին եմ ծախսել, քան պետք է»,- ծիծաղով ասել է ԱԼՄ-ի ղեկավարը: «Ես ունեմ մի նպատակ` արժանանալ Հայրենիքի զավակի այդ կոչմանը, որ ասեն` արժանի զավակ է, արժանի` Հայրենիքի»,- ավելացրել է նա: Տիգրան Կարապետիչն ուզում է գալ իշխանության, որովհետեւ ներկայիս իշխանության հետ շատ հարցերում համաձայն չէ: Օրինակ, ռազմավարական օբյեկտներն օտարին վաճառելու գնով գլուխն ազատելը նա համարում է սխալ. «Հեն ա էս ժողովրդին էլ տանք օտարին ու գլուխներս ազատենք»: ՀՀ նախագահին Տ. Կարապետյանը քննադատել է յուրովի. «15 տարի գործում է մի մոտեցում` մերոնք ու ոչ մերոնք: Այ Ռոբերտ Քոչարյանի ամենամեծ սխալը, ըստ իս, որպես նախագահ, որ ինքը մերոնք ունի: Իսկ ես համարում եմ, որ մերոնքը նախագահի համար պետք է լինի ողջ հայությունը, ողջ հասարակությունը, ողջ հանրապետությունը, ողջ բնակչությունը, ողջ կուսակցությունները: Դա պետք է լինեն մերոնք, իր համար»: Կարապետիչը մեկ անգամ եւս նշել է, որ իր թեկնածությունն առաջադրելու է 2008թ. նախագահական ընտրություններին: Նա տեղեկացրել է, թե պատրաստվում է հանդես գալ որպես բազմակողմանի օժտված թեկնածու, քանի որ միայն ժողովրդի կողմից ընդունելի լինելն էլ բավական չէ: «Այ պատկերացրեք, որ ես, ասենք թե, արդեն արժեքավորվել եմ հասարակության կողմից, ենթադրենք, որպես ժողովրդական մարդ, ենթադրենք: Բայց պետք է այլ հատկանիշներ էլ ես ունենամ: Ոչ միայն մի, ասենք ինչ-որ… Պատկերացրեք, ինչու չէ եւ լեզուն, եւ մենք այսօր ձգտում ենք տիրապետել մի քանի լեզուների, սովորում ենք, պարապում ենք: Ընդհանրապես պրոցես է կայանում ինքնամաքրման, արժեքավորման, ասենք` հեռանկարային: Այդ ամեն ինչը անում ենք: Երբ կլինենք արժանի, ի սեր Աստծո: Բայց այսօր ամենալավը պետք է դառնա նախագահ: Ամենալավը ոչ միայն մեկ-երկու հատկանիշներով, այլ ամբողջովին այդ ասորտիմենտը պետք է ունենա»,- ասել է ԺԿ նախագահը: