Չիչխան

26/12/2006

Բաղադրությունը: Ջուր` 83-87%, ճարպ` 8-10%, վիտամիններ` 900 մգ C, 11-12 մգ A, 0,2-0,3 մգ B1, 0,5-0,6 մգ B2, 0,7-0,8 մգ B6, 14,3 մգ E, օրգանական թթուներ, մակրո եւ միկրոէլեմենտներ:

երմերի մեջ կա մինչեւ 12% յուղ, կարոտին, տոկոֆերոլ:

Կիրառությունը: Ջրաթուրմը, հյութը լավ ազդեցություն են թողնում աղեստամոքսային տրակտի հիվանդությունների դեպքում:

Չիչխանի յուղը շատ արժեքավոր դեղամիջոց է, այն կարելի է խմել սոված վիճակում, օրական 2-3 անգամ` 1 թեյի գդալ, ուտելուց 30-40 րոպե առաջ: Դա օգտակար է հյուծվածության, ուժասպառության, աթերոսկլերոզի, սրտի հիվանդությունների, 12-մատնյա աղիի խոցի, քաղցկեղի դեպքում:

Կարելի է քսել նաեւ մաշկային վերքերին, խոցերին, ցրտահարված տեղամասերին, օգտագործել գինեկոլոգիական պրակտիկայում:

Պտուղների կեղեւը, սերոտոնինի բարձր պարունակության շնորհիվ, օժտված է հակաուռուցքային ակտիվությամբ:

Պտուղների օգտագործման լավագույն եղանակը թարմ վիճակում օգտագործելն է, որովհետեւ ջերմային մշակման ենթարկվելուց վիտամինները կորցնում են ակտիվությունը: Կարելի է նաեւ օգտագործել հետեւյալ կերպ. ճյուղերից առանձնացրած, լվացած եւ ջրաքամված պտուղներն անցկացրեք մսաղացով (կամ հյութաքամիչով), ստացված զանգվածին ավելացրեք 2 անգամ շատ շաքարավազ կամ մեղր, որպեսզի չթթվի. 2 օր ժամանակ առ ժամանակ խառնելով լուծեք շաքարը կամ մեղրը (գերադասելի է մեղրը) եւ, լցնելով բանկաների մեջ ու ծածկելով բերանները, պահեք մութ եւ հնարավորին չափ սառը տեղ: Աշնանն այս եղանակով պատրաստված չիչխանն ամբողջ ձմեռ ձեզ համար բազմաթիվ վիտամինների, օրգանական միացությունների արժեքավոր աղբյուր կհանդիսանա: Այս զանգվածից առավոտյան վերցրեք 1 ճաշի գդալ, լուծեք 1 բաժակ ջրի մեջ եւ խմեք ամբողջը` կորիզներով, պտղակեղեւով:

Եթե աշնանն այդ զանգվածը պատրաստելու ընթացքում դուք հյութաքամիչ եք օգտագործել եւ առանձնացրել եք կորիզներն ու պտղակեղեւը հյութից, կարող եք հյութը միայն վերցնել վերը նշված եղանակով բազմավիտամինային պաշար պատրաստելու համար, իսկ կորիզներն ու թեփն օգտագործել յուղ ստանալու համար: Դա արվում է հետեւյալ կերպ. թեփն ու կորիզները փռեք բարակ շերտով ու չորացրեք, կարելի է օգտագործել գազօջախը, միայն թե պետք է հետեւել, որ զանգվածը չխարկվի ու չվառվի, շուտ-շուտ խառնեք: 4-5 օր հետո, երբ կորիզներն ու թեփը չորացել են, այդ ամբողջն աղաց տարեք եւ աղացեք հնարավորին չափ մանր: Ստացված ալյուրի մի մասը պահեք` կենցաղում որպես համեմունք օգտագործելու համար, այդ ալյուրը թթվաշ համ ունի եւ շատ օգտակար է, կարող եք խառնել տարբեր ճաշերի, աղցանների հետ եւ ուտել: Մնացած մասը լցրեք 2-3 լիտրանոց բանկայի մեջ, վրան ավելացրեք մինչեւ 50 աստիճան տաքացրած ձեթ (ցանկացած ձիթապտղի) եւ ամեն օր պարբերաբար խառնեք: Ձեթը պետք է վերցնել չիչխանի ալյուրից 2-3 անգամ շատ: 20-25 օր հետո դուք կունենաք մաքուր չիչխանի յուղ: