Երեկ գիշեր, ժամը 3:40-ի սահմաններում իր տան բակում սպանվել է Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղի գյուղապետ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Ռոլանդ Մկրտչյանը: Նախկինում ՀՀԿ-ական Ռ. Մկրտչյանն, ինչպես հայտնի է, այդ պաշտոնում վերընտրվեց 2006թ. հուլիսին: Թերեւս շատերը կհիշեն այդ ընտրության շուրջ ծավալված աղմուկը, երբ քվեաթերթիկների հաշվարկման ժամանակ որոշ անձինք ահաբեկել էին ընտրահանձնաժողովի նախագահին` թույլ չտալով նրան մասնակցել այդ գործընթացին:
Երեկ մեր թղթակիցը փորձել էր զրուցել նաեւ սպանվածի հարազատների հետ: Նրանք հրաժարվել էին՝ պատճառաբանելով, թե «օրգանից աշխատողներ» կան իրենց մոտ, եւ իրենք չեն կարող զրուցել:
Սպանողները գյուղապետին դուրս են կանչել, որսորդական հրացանով կրակել են վզին, երբ նա ընկել է, ստուգողական երկրորդ գնդակն են արձակել գլխին` համոզվելու համար, որ մեռած է: Իսկ երրորդ անգամ կրակել են օդ ու հեռացել են: Սպանվածի կինը կրակոցների ձայնից դուրս է եկել, սակայն մարդասպաններին չի հասցրել տեսնել, քանի որ սպանողների մեքենան արդեն հեռացել էր: Ռ.Մկրտչյանի տունը գտնվում է գյուղի ծայրին եւ տներով շրջապատված չէ: Այնպես որ` այդ ժամին դժվար թե մարդասպաններին նկատողներ լինեին, եւ նրանք շատ ազատ են գործել:
Ռոլանդ Մկրտչյանն այս տարի հուլիսին վերընտրվել է Նալբանդյանի գյուղապետ: Նա եղել էր Հանրապետական կուսակցության անդամ, բայց հետո, ըստ լուրերի, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համար աշխատելու պատճառով հեռացվել է կուսակցությունից: Այդ իսկ պատճառով, երկրորդ անգամ գյուղապետ ընտրվելուց առաջ նա արդեն անդամակցում էր «Բարգավաճ Հայաստանին»: Երեկ սպանվածի տան մոտ խմբված համագյուղացիները շշուկով խոսում էին, թե սպանությունը քաղաքական պատվեր է: Նալբանդյանցիները նաեւ բացառեցին, որ սպանողները կարող են իրենց գյուղից լինել: «Էդպիսի բան հնարավոր չէ,- ասում էին նալբանդյանցիները: -Ռոլանդը գյուղում շատ հարգված ու համեստ մարդ էր: Նա էս գյուղի ու գյուղացիների համար շատ լավ բաներ է արել: Նա էնպիսի ղեկավար էր, որ գյուղին իր ետեւից էր տանում: Նա գյուղի թիկունքին էր կանգնած, գյուղն էլ՝ իր թիկունքին»: Իսկ բարձրաձայն՝ նալբանդյանցիները հրաժարվում էին որեւէ կարծիք կամ տեղեկություն հաղորդել: Մեր հարցին, թե արդյո՞ք դա քաղաքական սպանություն էր, նրանք ընդամենը գլխով էին անում եւ այսպես պատասխանում՝ «Էդ ամեն ինչը որոշվելու է ձեր Երեւանում»: Ըստ «Լրագրի», Ռ.Մկրտչյանը վատ հարաբերություններ ուներ Արմավիրի նախկին մարզպետ Ալբերտ Հերոյանի եւ մարզից պատգամավոր ընտրված Նահապետ Գեւորգյանի հետ: Վկայակոչելով ԲՀԿ-ի Արմավիրի տարածքային գրասենյակը, «Լրագիրը» նաեւ գրել էր, թե սպանության պատվիրատու կարող էին լինել մարզպետ Ա.Հերոյանը կամ Ն.Գեւորգյանը: Իսկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի պատասխանատու Բաղդասար Մհերյանը մեզ հետ հեռախոսազրույցում հերքեց այդ լուրը` նշելով, թե դեռ որեւէ հիմք չկա` կասկածելու, որ սպանությունը քաղաքական պատվեր է, եւ Արմավիրի պատգամավորի կամ մարզպետի ձեռքի գործն է: «Եկեք սպասենք մինչեւ նախաքննությունն ավարտվի եւ ինչ-որ բան պարզվի»,- պատասխանեց Բ. Մհերյանը` ավելացնելով, թե կուսակցության Արմավիրի տարածքային կառույցից հնչած կարծիքներն «անհեթեթություն են ու մասնավոր»:
Երեկ այդ սպանության առիթով Արմավիրի մարզի դատախազությունում արդեն քրեական գործ էր հարուցվել` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին եւ 235-րդ հոդվածի 1-ին մասերի հատկանիշներով: Նշանակվել են դատաբժշկական, դատակենսաբանական, դատաձգաբանական, դատահետքաբանական փորձաքննություններ, հարցաքննվել են մի շարք վկաներ: