Արդեն երկրորդ օրն է, «Միավորված աշխատանքային կուսակցությունը» (ՄԱԿ) դուրս է եկել բնականոն աշխատանքի ռեժիմից: Այս մասին երեկ «Ուրբաթ» ակումբում հայտարարեց ՄԱԿ ղեկավար Գուրգեն Արսենյանը:
«Երեկվանից ՄԱԿ-ի տարածքային կառույցների ղեկավարները ստացել են հանձնարարական, որ մենք դուրս ենք գալիս մեր բնականոն աշխատանքի ռեժիմից եւ անցնում ենք արդեն նախընտրական աշխատանքի ռեժիմի»,- երեկ հայտարարեց Գ. Արսենյանը: Իսկ «նախընտրական աշխատանքի ռեժիմ» մտնելն, ըստ նրա, արտահայտվելու է հետեւյալ կերպ. ՄԱԿ-ը թռուցիկների միջոցով հաշվետվություն է ներկայացնելու իր արած օրենսդրական գործունեության վերաբերյալ: Գ. Արսենյանը տեղեկացրեց, որ ընտրվել են ութ թեմաներ եւ առաջիկա ութ շաբաթների ընթացքում շաբաթը մեկ թեմա մեկ էջանոց թռուցիկների տեսքով կներկայացվի հանրությանը: Իսկ այդ մեկ էջանոց նյութի վրա գրված է լինելու հետեւյալը. «ՄԱԿ-ն իրականացրել է այս օրենսդրական փոփոխությունը, շարժառիթները եղել է սա, խթանը եղել է սա: Իրականացել է օրենսդրական փոփոխությունը, եւ դրա հետեւանքով քաղաքացին ունի սա, սա, սա»: Լրագրողներից մեկը պարոն Արսենյանին հիշեցրեց, որ մեզանում վերջին տարիներին մարդկանց թռուցիկներ բաժանելու համար դատում են: «Շնորհակալություն հիշեցման համար: Դե, գիտեք ի՞նչ, ես ասում եմ թռուցիկ, որպեսզի ինչ-որ անուն տամ, էլի»,- հիշեցմանն այսպես արձագանքեց ՄԱԿ-ի ղեկավարը: Հետաքրքիր է, ըստ Գ. Արսենյանի, ո՞րն է ավելի ծանրակշիռ. թռուցի՞կը, թե՞ կարտոֆիլը: «Մեկ կիլոգրամ կարտոֆիլը եւ մեկ կիլոգրամ թռուցիկը նույն քաշն ունեն»,- պատասխանեց Գ. Արսենյանը: Իսկ ձայներ ապահովելու հարթության մեջ նա թռուցիկն ու կարտոֆիլը չկշռեց, այլ լրագրողներին առաջարկեց սեփական ուժերով համեմատել բաժանված թռուցիկի ու բաժանված կարտոֆիլի ազդեցությունը: Միաժամանակ Գուրգեն Արսենյանը հարկ համարեց նշել հետեւյալը. «Մենք թռուցիկը չենք բաժանում ցանելու կամ ուտելու համար, այլ տեղեկացնում ենք մեր գործունեության մասին»:
«Նախընտրական քարոզչությունն սկսվում է թեկնածուների եւ կուսակցությունների գրանցման համար նախատեսված վերջին օրվան հաջորդող օրը եւ վերջանում է քվեարկությունից մեկ օր առաջ»,- այսպես է սկսվում գործող Ընտրական օրենսգրքի հոդված 18-ի 5-րդ կետը: Սակայն, դատելով Գ. Արսենյանի խոսքերից՝ նա վերոնշյալ թռուցիկների բաժանումը նախընտրական քարոզչություն չի համարում: «Այդ ութ շաբաթից հետո դուրս ենք գալիս այն փուլին, որը կոչվում է նախընտրական քարոզչության փուլ: Այսինքն՝ մենք պետք է ասենք, թե ի՞նչ ենք արել, իսկ նախընտրական քարոզչության փուլում կներկայացնենք, թե ի՞նչ ենք անելու»,- նշեց Գ. Արսենյանը: Վերջինիս խոսքերով՝ քաղաքական դաշտում տիրող իրավիճակը նորմալ է եւ հղի չէ որեւէ քաղաքական ցնցումների սպասելիքներով: Նրա գնահատմամբ՝ ՀՀ-ում քաղաքական կոնֆլիկտ չկա: Խոսքն այն մասին է, որ «փիլիսոփայական գաղափարախոսությունների առճակատում չկա»: Նա չի զարմանում, որ նախորդ շաբաթ հայտնի հեռուստաընկերություններին տված հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանն իր կանխատեսումներում ՄԱԿ-ին տեղավորեց ապագա ԱԺ-ի կազմում: «Հանրապետության նախագահը երկրի ամենատեղեկացված պաշտոնյան է: Նա տեղեկատվությունը ստանում է իրական եւ իրատեսական աղբյուրներից, առ այն, որ ՄԱԿ-ի քաղաքական ազդեցությունը եւ ապագա հնարավոր էլեկտորալ աջակցությունը հանրապետության բնակչության կողմից կբերի նրան, որ ՄԱԿ-ը ներկայացված կլինի 2007 թվականի խորհրդարանում: Սա ակնհայտ, տրամաբանական հետեւություն է»,- գտնում է Գ. Արսենյանը: Ըստ նրա, բնակչության կողմից ինչ-որ չափով գնահատվում է այն աշխատանքը, որը ՄԱԿ-ն անում է եւ՛ խորհրդարանում, եւ՛ տեղերում, ինչի արդյունքում էլ մեծացել է «այն հոսքը, որը տեղի ունեցավ դեպի կուսակցություն», եւ ՄԱԿ-ն այսօր արդեն, ըստ Գ. Արսենյանի, ունի մոտ 17 հազար անդամ: ՄԱԿ-ի ղեկավարն իրեն չի համարում ամենագետ կամ բոլոր հարցերի պատասխանն իմացող, սակայն նշում է, որ ինքը շատ բան գիտի: Իսկ նա գիտի՞, որ կուսակցություններին արգելված է զբաղվել բարեգործությամբ: «Իհարկե»,- եղավ պատասխանը: Միաժամանակ Գ. Արսենյանը գտնում է, որ կուսակցությունների գործունեությունում բարեգործությունը որոշակի տեղ ունի: Նա նաեւ նշեց, որ իրենք «խրախուսման ծրագրեր» են իրականացնում՝ վճարելով ֆինանսական խնդիրներ ունեցող գերազանցիկ ուսանողների վարձավճարի կեսը, ինչն, ըստ Գ. Արսենյանի, կուսակցական, նախընտրական, քարոզչական աշխատանքի հետ կապ չունի: «Մենք խրախուսում ենք»,- ասում է նա: Սակայն ՄԱԿ-ի ղեկավարը հարկ համարեց ընդգծել, որ ՄԱԿ-ն է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից առաջ բարեգործություն արել, այլ ոչ թե հակառակը: Այս հաջորդականության սխալ նշելը նա համարում է ոտնձգություն հեղինակային իրավունքների հանդեպ: ՄԱԿ նախագահը գտնում է, որ Ռ. Քոչարյանը վերոնշյալ հարցազրույցով քաղաքական դաշտին «մեսիջ» ուղարկեց: «Նա մեսիջ ուղարկեց ու ասեց. «ղարաբաղյան հարցը հանեք քաղաքական շահարկումների շրջանակից»: Ինչո՞ւ: Որովհետեւ ղարաբաղյան հարցի ներքին քաղաքական շահարկումը որեւէ ձեւով չի օժանդակելու հայ ժողովրդի, ԼՂ ժողովրդի օգտին արագ լուծում ստանալուն»: Բայց դա չի կարող լինել մի քաղաքական ուժի կամ մի քաղաքական գործչի մենաշնորհը: Այս դիտարկմանն էլ Գ. Արսենյանն այսպես արձագանքեց. «Իհարկե: Լրիվ համաձայն եմ ձեզ հետ»: Իսկ ոչ ամենագետ, բայց շատ բան իմացող Գ. Արսենյանը գիտի՞, որ Ռ. Քոչարյանը ՀՀ նախագահ դարձավ Ղարաբաղի հարցը շահարկելով (հիշեցնենք, որ իր վերոնշյալ հարցազրույցում Ռ. Քոչարյանը նախընտրական շրջանում ԼՂ հարցի շահարկումն անբարոյականություն էր համարել): Պատասխանելով այս հարցին՝ Գ. Արսենյանը նշեց. «Ռ. Քոչարյանը նախագահ դարձել է ընտրությունների արդյունքում, իսկ վարչապետ նշանակվել է հրամանագրով՝ եթե չեմ սխալվում»: