Երեկ ԱԺ արտահերթ նիստում տեղի է ունեցել օրհներգի մասին օրենքի նախագծի երկրորդ ընթերցման քննարկումը, որն իրենց ներկայությամբ պատվել են ընդամենը մի քանի պատգամավորներ: Կառավարությունն օրինագծի անցումային դրույթներից չի հանել, որ «Մեր Հայրենիքը» պետական օրհներգ է այնքան ժամանակ, քանի դեռ նոր օրհներգ չի ընդունվել: ՀՅԴ-ական Գեղամ Մանուկյանի կարծիքով՝ դա անհարգալից վերաբերմունք է պետության խորհրդանիշերից մեկի հանդեպ: Պատգամավորը կարծում է, որ դա արվում է ընդամենը որոշ անձանց ճաշակը բավարարելու համար: «Ես սա գնահատում եմ` որպես անցումային կառավարության անցումային օրհներգ»,- երեկ նշել է Վիկտոր Դալլաքյանը, նույնպես դժգոհելով, որ կառավարությունն անցումային դրույթով շեշտում է «Մեր Հայրենիքի» ժամանակավոր լինելը: Նա եւս այն կարծիքին է, որ այդ անցումային դրույթն անհարգալից վերաբերմունք է պետական խորհրդանիշի հանդեպ: Նա նաեւ ընդգծում է, որ խնդիրը ոչ միայն բարոյական է, այլ նաեւ իրավական ու զավեշտալի:
Պատգամավորի կարծիքով, այն հակասում է «Իրավական ակտերի մասին» օրենքին: Վ. Դալլաքյանը զավեշտալի է համարում, երբ օրենքում ամրագրվում է, որ այն ուժի մեջ է մինչեւ նոր օրենքի ընդունումը: Նա նկատում է, որ առանց այդ անցումային դրույթի էլ հնարավոր է նոր օրհներգի մասին օրենք ընդունել ու փոխել հինը, եւ ի՞նչ կարիք կա այժմ ընդգծել դրա ժամանակավոր լինելը: Ինչեւէ, այսօր պարզ կդառնա այս օրինագծի ճակատագիրը: