Վրաստանում տեղի ունեցած վթարի պատճառով Հայաստանին մատակարարվող գազի ծավալի կտրուկ նվազումը դեռեւս չի ազդել ո՛չ բնակչության, ո՛չ էլ արտադրական ձեռնարկությունների վրա, քանի որ այն լրացվում է պահեստավորված գազի հաշվին: «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ վարչության նախագահ-գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանը «Ռոսիա» հեռուստաալիքի եթերով հայտարարել է, որ դեռեւս Աբովյանի գազի ստորգետնյա պահեստարանում պահեստավորված գազի պաշարները բավարար են Հայաստանի սպառողներին անխափան մատակարարման համար: Իսկ «ՀայՌուսգազարդի» լրատվական ծառայության ղեկավար Շուշան Սարդարյանը «Ազատություն» ռ/կ-ին հայտնել է, որ «մեր վրացի գործընկերների գործադրած ջանքերի շնորհիվ դեկտեմբերի 18-ի առավոտյան ժամը 9:20-ին գազը մատակարարվեց պահեստային գազատարով»: Եթե երկուշաբթի օրվա դրությամբ ՀՀ էր ներկրվում ժամում 50 հազար խմ գազ, ապա երեկ առավոտյան, «ՀայՌուսգազարդի» դիսպետչերական վարչության տվյալներով, ներկրվող գազի ծավալը կազմում է ժամում 134 հազար խմ: Շ. Սարդարյանի վկայությամբ, ներկայումս ինտենսիվ աշխատանքներ են տարվում վթարի վայրում, Հայաստանից եւս մասնագետներ են մեկնել Վրաստան: Ինչ վերաբերում է ներքին շուկային, ապա, Շ. Սարդարյանի խոսքերով, «ամենայն հավանականությամբ, ռեժիմների որեւէ փոփոխություն չի լինի»: Իսկ «Reuters»-ի փոխանցմամբ, ռուսաստանյան «Գազպրոմ» ընկերության խոսնակ Սերգեյ Կուպրիանովը Վրաստանին հորդորել է անել հնարավորը՝ վնասված գազատարը առավելագույնս արագ վերականգնելու համար: «Մենք տեղյակ չենք, թե ինչն է Վրաստանում գազատարի վթարի պատճառը: Սակայն ակնհայտ է, որ եթե վերականգնողական աշխատանքները երկար ձգձգվեն, Հայաստանը կարող է ձմռանը մնալ առանց պահեստավորված գազի»,- հայտարարել է Կուպրիանովը: