Երեւանաբնակներն ավելի քի՞չ են ծխում

23/12/2006

Հարավային Կովկասի երեք մայրաքաղաքներից երկուսում` Երեւանում եւ Թբիլիսիում կանոնավոր ծխողների բաժինը վերջին երեք տարիների ընթացքում նվազել է, իսկ Բաքվում այն աճել է` 2006 թվականին կազմելով 24 %: Այս հետազոտությունները կատարվել են Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնների (ՀՌԿԿ) Տվյալների հավաքման նախաձեռնություն-2006թ. ծրագրի ընթացքում: Հետազոտության տվյալներով, նախկինում եւ այժմ Հայաստանում կանոնավորապես ամենից շատ ծխում են գյուղական վայրերի 31-60 տարեկանները: Հետաքրքիր է իմանալ, որ համարյա բոլոր տարիքային խմբերում, բացառությամբ 18-30 տարեկանների, երեւանաբնակներն ավելի քիչ են ծխում: Իսկ ծխողներին ըստ սեռերի տարաբաշխելու ժամանակ պարզվել է, որ կանոնավորապես ծխում են հայաստանցի տղամարդկանց 61 %-ը եւ կանանց 2 %-ը: Հետազոտողները պարզել են նաեւ, որ Երեւանում ծխում են կանանց 4 %-ը, իսկ գյուղական վայրերում ծխող կանայք գրեթե չկան: Հայ տղամարդկանց պարագայում ծխողների պատկերը հակառակն է` գյուղական վայրերում ծխող տղամարդկանց ցուցանիշը գերազանցել է մայրաքաղաքի ծխող տղամարդկանց համապատասխան ցուցանիշը: